Փաստաբանների բողոքի ակցիային դատավորնե՞ր են միացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 13-ին 100-ից ավել փաստաբաններ գործադուլ են իրականացնելու: Այս իրավիճակը սկսվեց այն բանից հետո, երբ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստերին սկսեցին խուզարկել փաստաբաններին:

«Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին են փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները»:

ArmLur.am-ը նկատեց, որ գործադուլին միացել են նաեւ ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, նախկին փաստաբան, ներկայումս Շիրակի մարզի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը եւս ընդգրկված է գործադուլի ցուցակում:

ArmLur.am-ը փորձեց դատավոր Լիլիթ Խաչատրյանից հետաքրքրվել՝ արդյոք այլ դատավորներ է՞լ են միացել փաստաբանների կողմից իրենց իրավունքների ոտնահարման համար կազմակերպվելիք գործադուլին։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը պատասխանեց.

– Ի՞նչ բողոքի ակցիա: Ես փաստաբանների հետ ի՞նչ կապ ունեմ: Երեւի, իրենք սխալմամբ իմ անունը գրել են, ես չեմ մասնակցում, տեղյակ էլ չեմ, փաստաբանների հետ այս պահի դրությամբ առնչություն չունեմ։

-Ձեր անունը ներկայումս ներառված է գործադուլին միացողների ցուցակում։

-Ո՞նց կարող ենք մասնակցել փաստաբանների գործադուլին, ուղղակի երեւի իրենք են պատահական իմ անունը գրել:




Լրահոս