Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման վերաբերյալ:
«Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս սույն թվականի հունիսի 29-ին և տրվել հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն:
Միաժամանակ, դատական գործերի քննության հետաձգումների կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխվածության առկա վիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ: