ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք չարաշահումներ են թույլ տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացի Ս. Ս.-ից ստացված հաղորդման հիման վրա:

Այսպես, Ս. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր ծանոթը` Ս. Հ.-ն, Արարատ քաղաքի` իրեն պատկանող բնակարանը նվիրատվության պայմանագրով տվել է հարևանուհուն, սակայն մեկ տարի անց դիմել է դատարան` հիշյալ պայմանագիրն առոչինչ ճանաչելու խնդրանքով: Դատարանի որոշմամբ բնակարանի օտարումն արգելվել է, որի վերաբերյալ տրվել է համապատասխան կատարողական թերթիկ: Այն ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Վեդու բաժանմունք, սակայն նշված ստորաբաժանման աշխատակիցները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կեղծել են փաստաթղթի ներկայացման ամսաթիվն ու դիմումատուի ստորագրությունը և այդ կերպ դիտավորությամբ հետաձգել բնակարանի օտարումը բացառող` արգելանք կիրառելու որոշման կայացումը: Հիշյալ հանգամանքն էլ Ս. Հ.-ի հարևանուհուն հնարավորություն է ընձեռել բնակարանն այդ ընթացքում վաճառել մեկ այլ անձի:

Այսպիսով, ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս