ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմնանորոգվում է Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։

Շինարարությունը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։

Շինաշխատանքներով պայմանավորված` այս հատվածներում երթևեկությունն այժմ սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկը կազմակերպված է տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց հիմնանորոգվող ճանապարհահատված` հետևելու կատարվող աշխատանքներին և հավաստիանալու, որ երթևեկության այլընտրանքային ճանապարհը կահավորված է բավարար քանակի զգուշացնող և անվտանգության նշաններով։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը նախարարին հայտնեց, որ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպություններն արդեն սկսել են ֆրեզավորման աշխատանքները։ Նախատեսված է իրականացնել երկու երթևեկային մասերի և կողնակի 5սմ հաստությամբ ֆրեզավորում և ասֆալտապատում:

Ճանապարհի երթևեկության անվտանգությունը ապահովվելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների բաժանիչ գոտում` մետաղական պաշտպանիչներ։

Պայմանագրով նախատեսվում է շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերի 10-ին, սակայն աշխատանքի տեմպն արդեն իսկ գոհացուցիչ է, և ճանապարհաշինարարները խոստանում են ժամկետից շուտ շահագործման հանձնել որակյալ ճանապարհ` հնարավորին քիչ ժամանակ անհարմարություն պատճառելով վարորդներին։

Ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…




Լրահոս