ԱՐՏԱՌՈՑ ՈՉԻՆՉ ՉԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր ամառային արձակուրդն ընդմիջած Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, մեկնել է Իրան: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ վերջինիս արած հայտարարությունները մեծ ոգեւորություն են առաջացրել իշխանական ճամբարում: Բանն այն է, որ Իրանի նախագահն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, եւ իր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Ավելի ուշ այս թեմայով հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարարի խոսնակը՝ ասելով, թե իրենք ուշադրությամբ հետեւում են տարածաշրջանում զարգացումներին ու թույլ չեն տա, որ Արցախյան հակամարտությունը վնասի իրենց սահմանային տարածքների բնակչությանը:
Եւ ահա, այս հայտարարություններից հետո ոչ միայն իշխանությունները, այլեւ իշխանական պատվերով քաղաքագետ կամ իրանագետ աշխատողները հեռուն գնացող եզրակացություններ են անում՝ որակելով Ադրբեջանին ուղղված խիստ նախազգուշացում:
Բայց շտապենք հիասթափեցնել. նման խոսքեր իրանական կողմը հնչեցրել էր նաեւ շատ ավելի վաղ. 2016թ. դեկտեմբերին Հայաստան այցի ժամանակ Իրանի նախագահը խոսել էր արցախյան հիմնախնդրից՝ ասելով. «Հայաստանը եւ Ադրբեջանը մեզ համար հարեւան եւ բարեկամ երկրներ են, եւ մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղում ականատեսը լինենք քաղաքական եւ բանակցային ճանապարհով կայուն խաղաղության հաստատմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անտարակույս, կայուն խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, եւ պետք է բանակցությունների միջոցով, միջազգային նորմերի համաձայն՝ հասնենք տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատմանը»: Այնպես որ, Ս. Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ եւս արտառոց հայտարարություն չի հնչել. Իրանը փորձում է հավասարակշռված, չեզոք դիրքորոշում ցուցաբերել երկու հարեւան երկրների նկատմամբ, ինչպես որ պահանջում են իր պետության շահերը եւ դիվանագիտական էթիկետը: Եւ առանձնապես մեծ հրճվանքը հասկանալի չէ:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ են սպասվում ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցանկանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին եւ փոխարենը նշանակել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը: Ու սա այն դեպքում, երբ ժամանակին Զաքարյանը հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ ժամանակին մամուլը գրել էր, որ Զաքարյանը 2010թ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկին քրեակատարողական հիմնարկից «հանել է դուրս»: Դրանից հետո նշանակվել էր ծառայողական քննություն, սկսել էին ստուգվել ՔԿՀ-ից ազատ արձակված դատապարտյալների գործերը, իսկ Զաքարյանը հրաժեշտ էր տվել իր պաշտոնին, եւ պատմությունը համարել էին փակված: Ու հիմա, փաստորեն, նույն այդ Զաքարյանը ցանկանում է վերադառնալ համակարգ:

 

 

 
Հայ զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնությունը հանգիստն անցկացնելու հարցում շարունակում է նախապատվությունը տալ հարեւան Վրաստանին. մարդիկ ոչ միայն գերադասում են այնտեղ անցկացնել իրենց արձակուրդները, այլեւ եվրոպական երկրներ մեկնում են Թբիլիսիի կամ Քութաիսիի օդանավակայաններից: Պատճառը անհամեմատ ցածր գներն են. օրինակ՝ օգոստոսի 12-ից մինչեւ 20-ը Երեւանից Աթենք ավիատոմսի գինը առաջարկվում է 483 դոլարով, իսկ Թբիլիսիից նույն ուղղությամբ կարելի է մեկնել 365 դոլարով, դեպի Իսպանիա Վրաստանից առաջարկվում է 545 դոլար, բայց Երեւանից այն արժի 705 դոլարին համարժեք դրամ: Երեւանից դեպի Ֆրանիսա ուղղությունը մեկ անձի համար առաջարկվում է 531 դոլար, իսկ Վրաստանից` 443 դոլար: Հատկանշական է փաստը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է բաց երկնքի քաղաքականություն, բայց դրանից միայն շահում են ռուսական ընկերությունները, իսկ մյուսները աստիճանաբար դուրս են գալիս շուկայից:

 

 

 
Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականների եւ ՕՐՕ դաշինքի համակիրների հետ բախումների գործը ընթացք է ստանում: Ինչպես հայտնի է՝ ծեծկռտուքը ուղեկցվել էր հրազենի գործադրմամբ. Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը ՕՐՕ դաշինքի համակիրներին ապօրինի զենքով մարմնական վնասվածքներ էր հասցրել: Բայց փոխոստիկանապետ Երանոսյանը փորձել էր ջրից չոր դուրս բերել ՀՀԿ-ականին. արդյունքում՝ դատարանը Սարգսյանի համար պատիժ էր սահմանել մեկ տարի ազատազրկումը, սակայն որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան եւ դատարանի դահլիճից նրան ազատ էին արձակել: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով մեղադրող դատախազ Վահագն Պողոսյանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով ՀՀԿ-ական փոխգյուղապետի նկատմամբ պատիժ սահմանել ազատազրկման ձեւով: Թե ինչու է դատախազությունը որոշել նման խստություն ցուցաբերել, կարելի է միայն գուշակել. հավանաբար փորձում են տպավորություն ստեղծել, թե նախընտրական հանցագործությունների նկատմամբ անողոք են: Նման բովանդակությամբ վերաքննիչ բողոքներ դատախազությունը նեկայացրել էր նաեւ ընտրակեղծարարների գործերով՝ պահանջելով նրանց եւս ազատազրկել:

 

 

 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Կառավարության ծրագրի տնտեսական բաժնում առաձին անդրադարձ կա Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Պետք է ասենք, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում իրոք ունի լուրջ ներուժ: Պարզապես պետք է այդ ներուժը ճիշտ օգտագործել, եւ տնտեսական դրական արդյունքներն իրենց շատ սպասեցնել չեն տա: Այնպես որ, տուրիստներն օգտակար են, եւ պետք է խրախուսել նրանց՝ հաճախ այցելեն Հայաստան:
Բայց այս ամենը չի վերաբերում քաղաքական տուրիզմին, որովհետեւ քաղաքական տուրիստները (իսկ այդպիսիք մեզանում քիչ չեն) ոչ միայն լուրջ չեն ընկալվում, այլեւ արդեն ծիծաղելի են թվում: Թեկուզ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոչ վաղ անցյալում ազդեցիկ կուսակցության առաջնորդ, նախագահի ընդդիմադիր թեկնածու, փաստացի՝ ընդդիմության առաջնորդ, որը պաշտոնապես մոտ կես միլիոն ձայն էր հավաքել (իսկ ոչ պաշտոնապես, իրականում նա էր հաղթել ընտրություններում), հետո ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկն էր:
Եւ ահա, Րաֆֆի Հովհաննիսյանը տարվա հիմնական մասն արտերկրում է, հետո երբ որոշում է կարճ ժամանակով վերադառնալ Հայաստան, սկսում է քաղաքական դաշտում աջ ու ձախ նամակներ հղել, երկրի փրկության պաթոսախեղդ ծրագրեր ու ճանապարհային քարտեզներ հրապարակել, եւ վերջապես ընդդիմադիրներին այդ ամենի շուրջ միավորվելու կոչեր հնչեցնել: Ժամանակին քաղաքական դաշտում արձագանքում էին նրա առաջարկներին, ճիշտ է՝ հիմնականում մերժում էին, բայց արձագանք, այնուամենայնիվ, լինում էր: Պարզապես մինչ ընդդիմադիր մյուս ուժերը հասցնում էին քննարկել ու արձագանքել Հովհաննիսյանին, նա կրկին անհետացած էր լինում: Հիմա արդեն որեւէ մեկը չի արձագանքում նրա առաջարկներին, անգամ հարկ չի համարում քննարկել դրանք: Այդպես անպատասխան մնացին Րաֆֆու վերջին նախաձեռնությունները, երբ «Ժառանգության» հունիսյան համագումարի ժամանակ նա կոչ էր անում ընդդիմությանը կրկին միավորվել: Չնայած այս ամենին Րաֆֆի Հովհաննիսյանը, միեւնույն է, շարունակում է մնալ աննկուն եւ ընդդիմադիր դաշտի միավորման հերթական նախաձեռնությունն է փորձում իրագործել: Նրա ղեկավարած կուսակցության անդամներն էլ հարցազրույցներ են տալիս՝ տեղեկացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումների շարք է սկսել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերի հետ: Ցավոք «Ժառանգության» անդամները չեն բացում փակագծերն ու չեն մանրամասնում բանակցությունների գոնե նախնական արդյունքները: Համաձայնեք՝ հետաքրքիր կլիներ իմանալը, թե ովքեր են լուրջ ընդունել այս ամենն ու համաձայնել նրա հետ քննարկումների սեղան նստել: Չէ որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն եզակի գործիչներից էր, որը շատ կարճ ժամանակում հասցրեց ոչնչացնել իր ռեսուրսները՝ փոշիացնելով կես միլիոն քվեները, նաեւ կամաց-կամաց մաշեցնելով կուսակցությունն ու հասցնելով այն ոչնչացման եզրին:




Լրահոս