ԻՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այլ ելք չունենալով՝ կառավարությունն այժմ փորձում է ներդրումներ ստանալ նաեւ օտար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով: Կառավարության՝ օգոստոսի 3-ի նիստում որոշում կայացվեց այն մասին, որ դեսպանների աշխատանքում պետք է ակտիվացնել տնտեսական բաղադրիչը: Հետաքրքիրն այն է, որ դեսպաններից ներդրումներ ակնկալելու մասին խոսակցություններ եղել են թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե՛ նաեւ այժմ: Սակայն այդ ոլորտում իրական տեղաշարժեր այդպես էլ չեն նկատվել: Հիմա էլ Կարեն Կարապետյանն է փորձում ակտիվացնողի դերը ստանձնել:

«Մենք ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր երկրներում, սակայն, ցավոք, ոչ բոլոր երկրներում է հաստիքակազմը թույլ տալիս ունենալ տնտեսական հարցերով զբաղվող առանձին անձ, քանի որ տեղում տնտեսական բնույթի գործունեություն իրականացնելու համար դիվանագետը պետք է ունենա նաեւ տնտեսական կարողություններ: Այս նախաձեռնությամբ նախատեսվում է, որ բոլոր ներկայացուցչություններում ակտիվանա տնտեսական բաղադրիչը», – լրագրողների հետ զրույցում այս մասին նշել էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նկատենք, որ ներդրումներին խոչընդոտող առաջնահերթ պատճառներն են` տնտեսական վիճակը, անկայուն դաշտը, մոնոպոլիաները, հովանավորչությունը, զոռբայությունը, որ առկա են մեր երկրում եւ, իհարկե, Արցախի չլուծված հարցը: Այս պայմաններում շատ քիչ ներդրողներ կցանկանան ռիսկի դիմել:
«Ժողովուրդը» փորձեց արտերկրում հավատարմագրված դեսպաններից հասկանալ, թե ինչպես են վերաբերվում վարչապետի նոր նախաձեռնությանը, ինչ են արել մինչ այժմ, եւ առաջիկա քայլերը որոնք են լինելու:
Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է դեսպանների աշխատանքում ակտիվացնել տնտեսական բաղադրիչը: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա նախաձեռնությանը եւ մինչ այժմ ներդրումներ ներգրավելու մասով Դուք ի՞նչ աշխատանքներ եք կատարել:
-Ես իմ դեսպան եղած ժամանակ, մինչեւ դեսպան լինելն էլ միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել եմ եւ ներդրողներ եմ բերել Հայաստան:
-Այսինքն՝ այս հանձնարարականը Դուք Ձեզ չե՞ք վերագրում:
-Ես ինձ վերագրում եմ: Վարչապետի հանձնարարականը դեսպանն ինչպես կարող է չվերագրել իրեն: Վերագրում եմ ինձ եւ ես հնարավորինս ամեն ինչ անում եմ, որպեսզի վարչապետի հանձնարարականն ի կատար ածեմ:
-Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե երբ դեսպանները չունեն համապատասխան կարողություններ, պետք է առանձին մարդիկ զբաղվեն ներդրումների ներգրավման հարցերով:
-Բարեբախտաբար, ես ունեմ այդ ունակությունները եւ գիտելիքները: Բայց, իհարկե, բոլոր երկրներում եթե կան դեսպանատներ, պետք է լինեն նաեւ առեւտրային ներկայացուցչություններ:
-Պարո՛ն Մանուկյան, կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, երբ Ձեզ հաջողվել է մեծ ներդրում բերել Հայաստան:
-Ես այդ հարցին չեմ պատասխանի, լա՞վ, ես բերել եմ ներդրող, Հայաստանում ներդրումներ կատարել եմ եւ հիմա էլ պատրաստվում եմ բերել ներդրող, որպեսզի Քաջարանի պոչամբարները մաքրեն, մեր բնությունը մաքրեն այդ թափոններից: Ներդրման չափը կկազմի մոտ 250 մլն դոլար: Դա նոր նախաձեռնություն չէ, մի քանի տարի է՝ աշխատում եմ այդ ուղղությամբ եւ կարծում եմ՝ կհաջողի:
Հ.Գ. Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից առհասարակ ներդրումներ ներգրավելու մասին խոստումներ մշտապես լսել ենք, սակայն առ այսօր դրանցից շատ քչերն են իրականություն դարձել:
Ներկայացնենք մի քանի խոստումներ՝ թվերի տեսքով. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին»,- ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին հայտարարել էր Կարապետյանը: Նաեւ կառավարության՝ 2017-2022թթ գործունեության ծրագրում ենք հանդիպում ներդրումներ բերելու մասին շռայլ խոստումների, որոնք եւս, ինչպես շատ այլ նախաձեռնություններ, այնքան էլ հավատ չեն ներշնչում: Սակայն ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ինչ ջանքեր էլ փորձի գործադրել, քանի դեռ ՀՀ-ում չեն վերացվել ներդրումներին խոչընդոտող պատճառները, իրավիճակը միշտ էլ այսպես է լինելու:

 

 

 

 
ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՈՒԶՎԵԼ ԷՐ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մարզային հանդիպումները: Նրա գլխավորությամբ հերթական խորհրդակցությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ Արմավիրի մարզում, որին մասնակցել են նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:

Խորհրդակցությունը չի անցել առանց վարչապետի ավանդական դարձած նկատողությունների. այս անգամ նրա «թիրախում» էր հայտնվել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ քաղաքի խնդիրներին, իրավիճակին չտիրապետելու համար: Խոսելով աղբահանության խնդիրների, քաղաքին անհրաժեշտ տեխնիկայի մասին՝ վարչապետը զայրացած դիմել է քաղաքապետին՝ ասելով. «Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր թիվ եք ասում», – զայրացած նշել է վարչապետը եւ Խլղաթյանին ժամանակ տվել՝ անհրաժեշտ թվերը ներկայացնելու համար:
Երեկ «Ժողովուրդը» փորձեց հենց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից պարզել, թե, ի վերջո, անհրաժեշտ թվերը ներկայացրե՞ց վարչապետին, թե՞ ոչ: Սակայն ամբողջ օրվա ընթացքում նրա հեռախոսահամարին պատասխանող չեղավ, իսկ «Առաջին լրատվականի» հետ զրույցում էլ նշել է. «Սայթերում ամեն ինչ գրված է, ես հավես չունեմ, ցտեսությո՛ւն»:
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կապ հաստատել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ եւ մի քանի հարց ուղղել նրան:
-Պարո՛ն Ղահրամանյան, ինչպե՞ս կգնահատեք վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությունը, գոնե Դուք գո՞հ եք:
-Ե՞ս պետք է գոհ լինեմ, թե՞ խորհրդակցություն անցկացնողը: Իհարկե, գոհ եմ:
-Ի՞նչ հիմնական հանձնարարականներ հնչեցին, որոնք վախեցրել են մարզային իշխանություններին:
-Բոլոր ուղղություններով էլ հանձնարարականներ են տրվել, եւ մենք, կարծում եմ, որ բոլոր հանձնարարականները ժամանակին եւ անթերի կկատարենք:
-Իսկ Արմավիրի քաղաքապետն ինչո՞ւ էր անտեղյակ: Նրան ուղղված քննադատությունը բուռն մեկնաբանությունների առիթ դարձավ:
-Դուք այդ հարցը կարող եք իրեն տալ:
-Դուք՝ որպես մարզպետ, չե՞ք հետաքրքրվել՝ ինչո՞ւ էր նա անտեղյակ:
-Ես ասում եմ Ձեզ, որ նա անտեղյակ չի եղել:
-Միգուցե շփոթվե՞լ է:
-Հավանաբար:
Նշենք, որ խորհրդակցության հենց այդ կտորն առանձին կառավարության կողմից տրամադրվել էր լրատվամիջոցներին:
Հավելենք, որ Խլղաթյանն Արմավիրի քաղաքապետի ընտրություններում վերընտրվել էր 2015 թվականին՝ լինելով միակ թեկնածուն եւ ստանալով 8169 ձայն: Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի կունենա փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Թե ովքեր են լինելու թեկնածուները, դեռ հայտնի չէ: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչեւ շաբաթվա վերջ հայտնի կլինի՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. ՓՊ նախագահի պաշտոնի համար պայքարում էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, սակայն նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տ.Աթանեսյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում իր թեկնածությունն էլի առաջադրել. «Ես 2 անգամ իմ ծառայությունները առաջարկել եմ փաստաբաններին, երկու անգամ էլ փաստաբանները դա չեն ընդունել, ուստի այս ընտրություններին ոչ միայն չեմ առաջադրվելու, նաեւ չեմ էլ մասնակցելու քվեարկությանը: Պալատը հիվանդ կառույց է եւ պետք է արմատապես բարեփոխվի, այլապես էական չէ, թե ով կլինի նախագահ, մինույնն է՝ որեւէ օգուտ դա չի բերի փաստաբանությանը»: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց. «Հիմա ես ունեմ իմ կողմից չնախընտրած հնարավոր մեկ թեկնածու միայն: Երբ լինեն առաջադրումները, բնականաբար նախընտրած թեկնածուի առկայության կամ բացակայության մասին կկարողանամ կարծիքս հայտնել միայն այդ ժամանակ»: Ըստ էության, Եր. Վարոսյանը իր թեկնածությունը չի առաջարկի եւ սպասում է թեկնածուների առաջադրմանը:

 

 

ԿՐԹԱԿԱ՞Ն, ԹԵ՞…
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ղազարյանին աշխատանքից ազատման վերաբերյալ որոշում երեկ կայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` հաշվի առնելով նրա սեփական դիմումը: Նշենք, որ Ա. Ղազարյանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եղբայրն է եւ այս պաշտոնին նշանակվել էր անցած տարվա դեկտեմբերի սկզբին: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչն է աշխատանքից ազատման պատճառը, սոցիալական ապահովության պետական ծառայությունից հայտնեցին. «Ղազարյանը ազատվել է սեփական դիմումի համաձայն` կրթական նպատակներով: Նա մտադիր է արտերկրում սովորել»: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` ինչպես երիտասարդ փոխնախարար Աշոտ Մարգարյանի, այնպես էլ Ա. Ղազարյանի եւ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի միջեւ «ջրերը մի առվով չեն հոսել»: Ինչպես հայտնի է` տեւական ժամանակ է, ինչ նախարարը նախարարությունը «մաքրում է» իր համար անցանկալի կադրերից:

 

 

ԱԿՏԻՎ ԵՆ
ԲՀԿ ծրագրերում շոգ ամառը փոփոխություններ չի մտցրել, նրանք շարունակում են պահպանել ակտիվությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, թե իրենք ընտրությունից ընտրություն գործունեություն ծավալող կուսակցություն չեն եւ հիմա էլ ակտիվ են: «Յուրաքանչյուր կուսակցական տարածքային կառույցների հետ մեր աշխատանքներն ենք տանում, պարբերաբար հանդիպում ենք: Տարածքային կառույցներին հանձնարարական է տրված, որ իրենց խնդիրները ներկայացնեն, որոնք որ օրենսդրական լուծումներ են պահանջում, աշնանը ներկայացնենք: Այնպես որ ակտիվ գործընթացներ ենք իրականացնում», – նշեց Զոհրաբյանը:




Լրահոս