ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան ամենաշոգ ամիսն է, եւ ինչպես բոլորը, նախագահները նույնպես արձակուրդ են գնում՝ ուժերը վերականգնելու ու պետական գործերին թարմությամբ լծվելու մտադրությամբ: Իրենց արձակուրդներն են այս օրերին վայելում նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որոնք շարունակում են մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ի դեպ, արձակուրդում է նաեւ Սերժ Սարգսյանը, որի հանգիստը պատված է գերգաղտնիության քողով:

ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը 17-օրյա արձակուրդի է մեկնել ուրբաթ օրվանից: Հայտնի է, որ նա իր հանգիստն անցկացնելու է Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթերի շրջանում, որտեղ գտնվում է նրան իսկ պատկանող գոլֆի ակումբը: Հետաքրքիր է, որ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ 2013-14թթ. Թրամփը մեկ անգամ չէ, որ նախագահ Օբամային քննադատել էր արձակուրդ գնալու, ինչպես նաեւ չափից շատ գոլֆ խաղալու համար: Թրամփը անգամ նախընտրական քարոզչության շրջանում հայտարարել էր, որ Օբաման ծուլության պատճառով է արձակուրդ գնում: Դեռեւս թեկնածու Թրամփը խոստանում էր նախագահ ընտրվելու դեպքում երբեք արձակուրդ չգնալ, քանի որ պետական աշխատանքը այնքան տարողունակ է, որ հանգստի ժամանակ էլ չի թողնի: Սակայն ինչպես խիստ հաճախակի պատահում է Թրամփի հետ, անգամ այս հարցում նա չի պահպանել իր նախընտրական խոստումը եւ նախընտրել է հանգստանալ 6-ամյսա ծանրաբեռնված աշխատանքից հետո:
Թրամփի՝ արձակուրդ մեկնելը բավականին խելամիտ որոշում է, եւ ենթադրվում է, որ նրան դրանում համոզել են իր խորհրդականները՝ մեղմելու համար նախագահական լիազորությունները ստանձնելուց հետո ամենօրյա ռեժիմով ընթացող քաղաքական սկանդալների ընթացքը: Թրամփը գրեթե ամեն օր ստիպված էր լինում պատասխանել ամերիկյան պարբերականների էջերում իր ու իր վարչակազմի մասին հերթական սկանդալային բացահայտմանը կամ անձամբ հայտնվել սենսացիոն նորությունների կենտրոնում: Եվ վարչակազմի գործունեության բնականոն ընթացքը այդօրինակ ծայրահեղ լարվածության պայմաններում անխուսափելիորեն խաթարվում էր՝ վտանգելով պետական համակարգի աշխատանքը: Մինչդեռ ասպարեզից առժամանակ հեռանալով՝ Թրամփը թույլ է տալիս, որ կրքերը հանդարտվեն, իսկ իր անձի շուրջ փոթորկվող լարվածությունը որոշակիորեն մեղմվի: Միաժամանակ կարճաժամկետ դադարը կարող է օգտակար լինել նաեւ անձամբ նախագահի առողջության համար, որը հաստատապես ընտրվելիս այդքան լարված կյանք չէր ակնկալում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես մեկնել է հանգստի, որն անցկացնում է իր երկրի ներսում: Պուտինը շրջագայություն էր իրականացնում ՌԴ ծայրարեւելյան դաշնային շրջանում՝ լինելով հարավային Սիբիրում, Ամուրյան շրջանում, Տուվայում եւ այլուր: Այստեղ նա շրջել էր Տայգայով, ձուկ էր որսացել, ինչպես նաեւ զբաղվել էր ստորջրյա որսով: Հատկանշական է, որ ՌԴ նախագահի արձակուրդի մասին մանրամասն տեղեկատվություն է տալիս նախագահի մամուլի ծառայությունը: Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատրաստակամորեն պատասխանում էր լրագրողների հարցերին՝ տեղեկացնելով, թե նախագահը որտեղ է նախատեսում հանգրվանել, ինչով է զբաղվում եւ այլն: Եվ նման հրապարակայնությունն էլ ապահովվում է Կրեմլի՝ փակ ու գաղտնի գործելակերպի սիրահար գործիչների կողմից: Անշուշտ այստեղ գործ ունենք քարոզչական տակտիկայի հետ, սակայն այդ հանգամանքը բնավ չի նսեմացնում հրապարակայնության այսպիսի գովելի դրսեւորումը:
Սակայն եթե համաշխարհային առաջնորդները համաքաղաքացիներին հավուր պատշաճի տեղյակ են պահում իրենց արձակուրդի ժամկետների եւ գտնվելու վայրի մասին, ապա արեւելյան խանություններին բնորոշ երկրներում այդ տեղեկատվությունը փակ կողպեքի տակ է: Դժբախտաբար, այդպիսի բացառություն չէ նաեւ Հայաստանը, որտեղ իշխանության բարձրագույն ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի արձակուրդների մասին երբեւէ հստակ տեղեկատվություն չի տրվել: Պարզ է միայն, որ նա չի սիրում իր արձակուրդը Հայաստանում անցկացնել՝ նախընտրելով արտերկիրը: 2017թ. ամռանը Սերժ Սարգսյանի «կարճատեւ» հռչակված արձակուրդի մասին նախագահականը ծանուցել է հուլիսի 24-ին՝ տեղեկացնելով, որ նրա արձակուրդը կընդմիջվի Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար: Սակայն ոչ մի տեղեկատվություն, թե Սարգսյանը որտեղ պիտի հանգստանա, ինչով պիտի զբաղվի եւ այլն:
Հասարակական շրջանակներում ամեն տարի խոսվում է, որ նա նախընտրում է իր արձակուրդն անցկացնել եվրոպական երկրների լավագույն հանգստավայրերում, ինչպես օրինակ՝ Բադեն Բադենում, Մոնակոյում եւ այլն: Այս քաղաքները, ի դեպ, հայտնի են նաեւ որպես խաղատների «մայրաքաղաքներ»: Դրանով են պայմանավորված նաեւ ավելի քան մեկ տասնամյակ տարածվող ասեկոսեներն այն մասին, որ Սերժ Սարգսյանը սիրում է այդ խաղատներում «ռուլետկա» խաղալ, ինչը նա հերքել էր դեռ 2008թ.:
Մեկ անգամ էլ այդ հարցի առնչությամբ Սարգսյանը անհարմար դրության մեջ էր հայտնվել ԵԽԽՎ-ում, որտեղ Զարուհի Փոստանջյանը նրան հրապարակային հարց էր ուղղել, թե արդյոք ճիշտ է, որ Սարգսյանը Մոնակոյի խաղատներում պարտվել էր 70 միլիոն եվրո: Եթե անգամ Սերժ Սարգսյանը խաղատներ այցելելու բացասական սովորություն չունի եւ տանուլ չի տալիս այդպիսի հսկայական գումարներ, հասարակության շրջանում այդ կասկածները չեն վերանում՝ առաջին հերթին նրա արձակուրդի շուրջ ստեղծված մշուշապատ քողի պատճառով: Այս օրերին մամուլում հրապարակում եղավ, որ Սարգսյանը Բադեն Բադենից հետո այցելել է Շվեյցարիա եւ հանգստանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ: Թե որքանով է արժանահավատ սույն տեղեկությունը, այդպես էլ գաղտնի կմնա, որովհետեւ նախագահական նստավայրը հաստատապես չի բացահայտի Սարգսյանի արձակուրդի մանրամասները: Այդ դեպքում ստիպված կլինի նաեւ պարզաբանել, թե այդ ինչ գումարներով է Սարգսյանը այցելում նման թանկարժեք քաղաքներ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում, 2016 եւ 2015 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ, զարմանալիորեն ավելացրել է պետական բյուջե կատարած հարկային վճարումները:
Ապահովագրական այս ընկերությունը, որի գլխավոր տնօրենը առողջապահության ներկայիս նախարար Լեւոն Ալթունյանն էր, տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում: Այսպես՝ «Ինգո Արմենիա»-ն այս տարվա երկրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 530 մլն 536 հազար դրամ հարկ ու տուրք եւ զբաղեցրել ցանկի 141-րդ տեղը: Մինչդեռ նույն ընկերությունը անցած տարվա նույն ժամանակահատվածում կատարել է 267 մլն 474 հազար դրամի չափ հարկային վճարումներ:
Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում առողջապահության նախարար Ալթունյանի ապահովագրական ընկերությունը ավելի քան 263 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները: Սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ «Ինգո Արմենիան» 2015 թվականին էլ է տեղ գտել հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց քիչ հարկ է վճարել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապահովագրական այս ընկերությունը 2015 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե կատարել է 218 մլն 401 հազար դրամ հարկային վճարում: Նկատենք, որ տարեցտարի ավելացել են ընկերության վճարած հարկերի ու տուրքերի չափերը, բայց փաստենք, որ այդքան զգալի չեն, որքան վերջին մեկ տարում: Ենթադրվում է, որ սա կապված է «Ինգո Արմենիա»-ի նախկին գլխավոր տնօրեն Լեւոն Ալթունյանի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու հետ: Սա է ապացուցում նաեւ այն, որ նախարարությունը առողջության ապահովագրության ծառայությունների ձեռքբերման նպատակով պայմանագիր կնքում է բնականաբար «Ինգո Արմենիա»-ի հետ:
ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ ԱՆ-ն առողջության ապահովագրության ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է երկու ընկերություն` «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն եւ «Ինգո Արմենիա»-ն: «Ինգո Արմենիա» ընկերությունը առաջարկել է 4 մլն 200 հազար դրամ, իսկ «Սիլ Ինշուրանս»-ը` 4 մլն 575 հազար դրամ: Բնականաբար մրցույթին հաղթող է ճանաչվել «Ինգո Արմենիա» ընկերությունը, որի հետ էլ ԱՆ-ն պայմանագիր է կնքել:
Հավելենք, որ Ալթունյանին է պատկանում նաեւ «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որտեղ եւ ուղղորդվում են ապահովագրվողները: Եւ չնայած սրան` այս բժշկական կենտրոնը տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՋՈՒՐ ՉԿԱ

«Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերում խմելու ջուր չկա: Բնակիչները 4 օրը մեկ անգամ են ջուր ունենում այն դեպքում, երբ երկու գյուղերի ջրամատակարարման հարցը պաշտոնապես տարիներ առաջ լուծված ու «փակված» է համարվել՝ լուրջ ներդրումներ կատարելով:

Ու հիմա պարզվում է, որ շատ գյուղեր էլ շարունակում են դժգոհել ոռոգման ջրի պակասից: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Սեւքար համայնքները տարիներ շարունակ ոռոգման ջուր չունեն:
Տեղեկացնենք, որ Սարիգյուղը ունի 636 հեկտար վարելահող, որը մշակելու համար անհրաժեշտ է ոռոգման ջուր, սակայն չունեն: Ներքին Ծաղկավանը 981 հեկտար վարելահող ունի: Իսկ Սեւքար համայնքը ավելի մեծ թվով վարելահողեր ունի՝ 1023 հեկտար: Սակայն այդ 3 գյուղերում ոռոգման ջրի բացակայությունը հնարավորություն չի տալիս ցանքերից մեծ բերք եւ եկամուտ ստանալ:
Տավուշի մարզխորհրդի հուլիսի 27-ի նիստում Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը բարձրացրեց 3 գյուղերի ոռոգման ջրի խնդիրը:
Հավելենք, որ 1355 բնակիչ ունեցող Սարիգյուղում տարիներ շարունակ խմելու ջրի հիմնահարցը սուր է, գյուղի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող աղբյուրի մոտ հերթեր են գոյանում, կանայք եւ աղջիկներն այդտեղից են կրում խմելու ջուրը: Իսկ այդ ընթացքում ՀՀ կառավարության անդամները չեն խորշում կրկնել, թե ինչ տիտանական ջանքեր են գործադրում մարզերի համաչափ զարգացման, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքներում բնակվողներին արտոնություններ տրամադրելու համար:
Ստացվում է՝ հերթական անգամ գործ ունենք զուտ օդի տատանումների տարաբնույթ դրսեւորումների հետ, իսկ իրական կյանքում գյուղացին միայնակ է իր հոգսերի մեջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս