ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ «ՔԱՇՎԵՑԻՆ». ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Կառավարության՝ օգոստոսի 3-ին կայանալիք նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որպեսզի նախարարությունը չափորոշիչների հիման վրա մշակի եւ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանը ներկայացնի մարզպետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը:

Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար կառավարությունն առաջարկում է հաշվի առնել հետեւյալ 11 չափորոշիչները. 1. տարածքային ՀՆԱ, 2. մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալ, 3.մարզում աշխատատեղերի թիվ, 4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները, 5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, 6.աղբահանություն եւ սանիտարական մաքրում, 7.մարզում ֆերմերային տնտեսություններ, 8.մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում, 9.աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, 10.դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային /հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային բուհերում շարունակողներ, 11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը: Ենթադրվում է, որ ըստ այդ չափորոշիչների էլ լուծվելու է մարզպետների հետագա պաշտոնավարման հարցը:
Իսկ ինչպես են այս չափորոշիչներին վերաբերվում հենց ՀՀ մարզպետները եւ ինչ առաջարկություններ ունեն: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «Ժողովուրդը» զրուցել է մի քանի մարզպետների հետ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, մշակվել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Ուսումնասիրե՞լ եք, որքանո՞վ են դրանք խիստ:
-Իմ կարծիքով՝ նորմալ չափորոշիչներ են բոլորն էլ: Ինչ-որ տեղ ճիշտ են այդ չափորոշիչները, եւ մարզպետն իր գործառույթներից դուրս պետք է նաեւ հստակ պատասխանատվություն կրի մարզի տնտեսության զարգացման համար:
-Չափորոշիչներից մեկն էլ համայնքային բյուջեների սեփական եկամուտներն են, որի հավաքագրման պատասխանատուն քաղաքապետերն ու գյուղապետերն են: Ստացվում է՝ եթե նրանք չկատարեն իրենց աշխատանքը, «պատժվելու» եք Դուք:
-Այս պարագայում մարզպետարանը նաեւ պետք է հետեւողական աշխատանք տանի, որպեսզի համայնքներում էլ նմանատիպ խնդիրներ չլինեն: Իհարկե, գնահատականն ինչ-որ մի ձեւով կարող է կախված լինել նաեւ համայնքներում կատարվող աշխատանքներից:
-Իսկ Ձեզ հետ՝ որպես մարզպետ, այս նախագծի շուրջ քննարկումներ անցկացվե՞լ են:
-Որպես այդպիսին ընդհանուր քննարկում չի եղել, եղել է գրավոր առաջարկ, որ եթե ունենք առաջարկություններ, մեր առաջարկությունները ներկայացնենք: Մենք մի քանի առաջարկություն ներկայացրել ենք:
-Կնշե՞ք մի քանի առաջարկություն, որոնք ներկայացրել եք, եւ ելնելով այդ չափորոշիչներից, ըստ Ձեզ՝ Ձեր աշխատանքն ինչպե՞ս կգնահատվի:
-Քանի որ մեծ փաթեթ է, ես այս պահին չեմ հիշում, թե ինչ նոր առաջարկներ ենք ներկայացրել: Վաղ է դեռ խոսել իմ աշխատանքի գնահատման մասին, սակայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարզ իր առանձնահատկություններն ունենալու է այդ հարցում: Բնական է, ամեն մի մարզ տնտեսության զարգացման տարբեր ճյուղեր ունի: Առանձնահատկություններ լինելու են, միգուցե ներդրումային ծրագրերի առումով կամ ուսուցիչ-աշակերտ թվաքանակի առումով: Պարզ է, որ խիտ բնակեցված համայնքում ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը շատ ավելի նորմալ կլինի, քան Լոռու մարզի մեր համայնքներում, որտեղ փոքր համայնքներ կան: Այդտեղ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները մի փոքր ավելի շատ կտարբերվեն: Այսինքն՝ մարզերում խնդիրներ կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ պետք է, որ մարզպետը որոշակի չափով այդ չափորոշիչներով առաջնորդվի:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան


-Պարո՛ն Բոթոյան, մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներն ուսումնասիրե՞լ եք, որքանո՞վ են դրանք խիստ կամ տեղին:
-Նորմալ չափորոշիչներ են, ինչու են խիստ: Կարծում եմ՝ խիստ չեն, եւ մարզպետները պետք է համապատասխանեն այդ չափորոշիչներին:
-Օրինակ՝ դրանցից մեկի համաձայն՝ հաշվի են առնվելու համայնքային բյուջեների եկամուտները: Ստացվում է, որ քաղաքապետի կամ գյուղապետի թերացումն անդրադառնալու է նաեւ Ձեզ վրա: Որքանո՞վ եք դա ճիշտ համարում:
-Ես կարծում եմ, որ քաղաքապետի կամ ցանկացած համայնքի ղեկավարի աշխատանքի հարցում մեծ ներդրում ունի նաեւ մարզպետը: Այսինքն՝ եթե մարզպետը հետեւողական լինի, չեմ կարծում, որ համայնքապետը չաշխատի:
-Իսկ Ձեզ հետ այս չափորոշիչների շուրջ քննարկումներ եղե՞լ են:
-Որպես այդպիսին քննարկում չի եղել: Կոնկրետ ես որեւէ քննարկման չեմ մասնակցել:

 

 

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ՈՉ ՈՔ ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Մինչ «Ժառանգություն» կուսակցությունից հայտարարում են, թե առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդդիմության միավորման շուրջ բանակցություններ են սկսել եւ ակտիվ հանդիպումներ են ունենում, մյուս կուսակցությունները չեն շտապում հաստատել այդ հայտարարությունները, դեռ ավելին՝ մի քանիսն էլ կտրականապես հերքում են, թե հանդիպումներ լինում են:

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը միասին կպայքարեն Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրության դեմ:
Հետաքրքիրն այն է, որ այս հայտարարությունը եւ ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումների մասին տեղեկությունները չեն շտապում հաստատել անգամ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: «Համախմբում» կուսակցությունը կարծես անհետացած լինի: Մեր տեղեկություններով՝ այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի պես Հայաստանում չէ նաեւ «Համախմբում» կուսկացության ղեկավար Վարդան Օսկանյանը:
Իսկ ահա դաշինքի երրորդ անդամ Սեյրան Օհանյանը չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մասնակցելուց: Բանն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Սեյրան Օհանյանը որոշ ժամանակ կրկին մեկուսացավ, ապա մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության համագումարին եւ հիմա կրկին «անհետացավ»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին նա կրկին մեկուսացած է, կապ չի պահպանում ոչ միայն դաշինքի անդամների, այլեւ նույնիսկ իր ազատամարտիկ ընկերներից շատերի հետ: Նա գերադասում է այս փուլում իրեն հեռու պահել քաղաքական գործընթացներից:
Իսկ ՀՀ-ի ընդդիմադիր ուժերն էլ, ինչպես երեւում է, լուրջ չեն ընդունում համախմբման մասին Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկացած հայտարարություն: Թերեւս պատճառն այն է, որ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հայտարարությունները լուրջ չի ընդունում, իսկ դա կարող ենք դատել հենց իր պահվածքից: Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տարվա հիմնական մասն արտերկրում է լինում, իսկ Հայաստան գալուն պես սկսում է փրկության ելքեր ցույց տալ, ընդդիմության միավորման կոչեր անում: Եվ չնայած նրա հայտարարությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, սակայն դա «Ժառանգության»-ը չի վհատեցնում:
Եւ փաստ է մեկ բան. «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին ամենահզորներից մեկն էր Հայաստանում, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործունեությամբ ու պահվածքով կուսակցությունը կամաց-կամաց տարավ կործանման: Այդքանից հետո էլ ո՞վ լուրջ կընդունի նրա ասածները:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Հայաստանում խաղամոլությունը կատաղի քարոզող ընկերությունների եւ ֆինանսների նախարարության շուրջ աղմուկ է հասունանում: Ինչպես հայտնել էինք՝ բուքմեյքերական ընկերությունները վերջերս հայտնվել են ՀՀ ֆինանսների նախարարության տեսադաշտում, պատճառը ընկերության կողմից թույլ տրված օրենսդրական խախտումներն են: Ու հիմա բուքմեյքերական ընկերություններից մի մասը պատերազմ է հայտարարել ֆինանսների նախարարությանը՝ դատական կարգով բողոքարկելով այդ որոշումները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչական դատարան է դիմել ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ՝ պահանջելով, որ վարչական դատարանը պարտադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը անվավեր ճանաչել մայիսի 30-ին կայացրած որոշումը: Տեղեկացանք, որ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությունը գովազդներ է տեղադրել, որոնց բովանդակությունը, հակառակ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի, համաձայնեցված չի եղել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, արդյունքում նախարարությունը 1 միլիոն 800 հազար դրամ տուգանել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությանը: Ընկերությունն էլ համամիտ չլինելով տուգանքի հետ՝ դիմել է դատարան: Հիշեցնենք, որ նախարարությունը հունիսին էլ տուգանել էր «Վիվառո բեթինգ» եւ «Աջարաբեթ» բուքմեյքերական գրասենյակի հիմնադիր «Սաբարկո» ՍՊԸ-ները՝ յուրաքանչյուրը ավելի քան 1 մլն դրամով:

 

 

 

ԴԱՀԿ-Ն ԿՈՆՅԱԿ Է ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է կոնյակներ վաճառել: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն մասնավորապես վաճառում է ոչ միայն 6, 15, 29, այլեւ 30 տարվա հնեցման կոնյակի սպիրտ: Վաճառքի հանված կոնյակը ընդհանուր 200 հազար լիտր է: Օրինակ՝ 15 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը ԴԱՀԿ-ն վաճառում է 1380 դրամով: Իսկ ահա 29 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը արժի 3486 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ի կողմից վաճառքի հանված կոնյակները գրավադրված են առեւտրային բանկերից մեկում: Ենթադրվում է, որ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունը սնանկացել է, իսկ կոնյակները պարտքի դիմաց մնացել են բանկում: Ինչի վաճառքով էլ հիմա սկսել է զբաղվել ԴԱՀԿ-ն:

 

 

ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
ՀՀ-ում համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է: Ըստ ծրագրի՝ Գեղարքունիքի մարզում թվով 22 համայնք միավորվելու են Վարդենիս քաղաքի հետ՝ դառնալով Վարդենիս համայնք, իսկ 16-ն էլ՝ Ճամբարակի հետ՝ դառնալով Ճամբարակ համայնք: Նշենք, որ այդ գործընթացից հետո առաջանում է մեկ այլ կարեւոր բան. ովքեր են դառնալու խոշորացված համայնքների ղեկավարները: «Ժողովուրդը» փորձեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանից պարզել՝ արդյո՞ք արդեն ունի իր նախընտրած թեկնածուն: Ի պատասխան՝ նա նշեց. «Դեռ թող առաջադրումները սկսվեն, հասկանանք՝ ինչ է լինում: Այս պահին նման քննարկում, նման խոսակցություն դեռ չկա: Ո՛չ Վարդենիսում, ո՛չ էլ Ճամբարակում»:




Լրահոս