ԻՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ են այն դեպքերը, երբ ՀՀ քացաքացիները տարբեր հանգամանքներում հայտնվում են հակառակորդի սահմանում: Ինչպես ցույց են տվել դեպքերը, նրանց մի մասը կա՛մ կենդանի չի մնում, կա՛մ Ադրբեջանի կողմից վերադարձնելուց հետո նրանց մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվում: Ու մինչ Ադրբեջանն իրեն զոհի տեղ դրած՝ բախում է միջազգային տարբեր ատյանների դռներ՝ «մարդասիրական կերպարով», «Ժողովուրդ»-ը ներկայացնում է այն քրոնիկան, թե ճակատագրի բերումով Ադրբեջանում հայտնված գերիները ինչ վիճակում են վերադարձել Հայաստան եւ ինչ կենցաղավարություն ունեն:

Գերության մեջ ինքնասպան եղավ
2010 թվականի սեպտեմբերի 11-ին հոտն արածեցնելիս գերեւարվել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանը: Ադրբեջանցիները երիտասարդ տղային ներկայացրել էին որպես դիվերսանտ եւ ադրբեջանական հեռուստաալիքով վերջինիս հետ հարցազրույց անցկացրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանել էր՝ Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն անցնելու պատրաստություն է անցել: Սամվել Սարիբեկյանի մայրը դիտել էր այդ տեսանյութը եւ պնդել էր, որ որդին որոշակի ազդեցության տակ է եղել. «Դա իմ երեխայի ձայնը չէր, նա ոնց որ սրսկված լիներ, մի ձեւի էր խոսում երեխաս»: Գերությունից մեկ ամիս անց ադրբեջանական կողմը հրապարակեց, որ Սամվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել, եւ ավելի ուշ փոխանցեց նրա դին: Հարազատները, ովքեր որ տեսել էին տղայի դին, մինչ օրս չեն կարողանում մոռանալ: Տղայի ողջ մարմինը խոշտանգված է եղել, ինչն էլ ապացույցն է այն բանի, որ Մանվել Սարիբեկյանին տանջամահ են արել:

Խնձորակից սեղմելով
Մանվել Սարիբեկյանին սպանելուց 4 տարի անց գերության մեջ հայտնվեց Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Վերջինիս հարազատները պատմել էին.«Մոլորվել է, էշով գնացել է անտառ՝ փայտի, մոլորվել է: Էդ տարածքը ուսումնասիրեցին, ման եկան, էշը գտան, ինքը չկար: Մոլորվել է, անցել, մտել թուրքի գյուղը, էնտեղ գյուղացիները բռնել են, տվել զինվորականներին»: Ավելի ուշ ադրբեջանցիները հրապարակեցին տեսանյութ, թե ինչպես են զինվորականները Կարեն Պետրոսյանին ծնկի իջեցրել, խնձորակից սեղմելով՝ բռնություն կիրառում` իբր ցույց տալով, թե նա դիվերսանտ է: Ըստ էության Կարեն Պետրոսյանը եւս չդիմացավ ադրբեջանցիների կողմից իրականացվող վայրագություններին, խոշտանգումներին. կարճ ժամանակ անց հակառակորդը հրապարակեց, որ Կարեն Պետրոսյանը սրտանոթային անբավարարության պատճառով մահացել է, սակայն դատելով մինչ այդ հրապարակված տեսանյութերից, թե ինչ կերպ են վարվել Կարեն Պետրոսյանի հետ, հասկանալի է դառնում, որ նրան պարզապես խոշտանգման ենթարկելով սպանել են:

77-ամյա տղամարդուն
դիզվառելիք են ներարկել
2014 թվականի մայիսի 28-ին տեղանքում չկողմնորոշվելու արդյունքում Ադրբեջանի տարածքում էր հայտնվել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը: Նա գերության մեջ մնաց 36 օր, իսկ Հայաստան վերադառնալուց հետո առողջական վիճակը կտրուկ վատացավ: Նրա նկատմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունների համաձայն՝ Մամիկոն Խոջոյանը խոշտանգվել էր, ծեծի ենթարկվել, նրան դիզվառելիք էին ներարկել:
Ավելին՝ Խոջոյանի որդին` Համլետը, պատմել էր, որ խոսել է հոր հետ, սակայն հայրն այնպիսի վիճակում է եղել, որ որդուն չի ճանաչել: Որդին հոր մարմնի վրա տեսել էր սարսափելի դաջվածքներ. «Ադրբեջանցիներն իրենց ստորության կնիքն են թողել ոչ միայն կտտանքների, այլեւ հորս մարմնի տարբեր հատվածներում դաջված թուրքական մահիկի ու աստղի տեսքով»: Այս ամենի արդյունքում գերությունից դուրս գալուց մեկ ամիս անց Մամիկոն Խոջոյանը մահացավ: Այս դեպքից կարճ ժամանակ անց՝ մարտի 7-ին, մոլորվելու արդյունքում գերության մեջ հայտնվեց մահացած Մամիկոն Խոջոյանի մեկ այլ ազգականը՝ 24-ամյա Արսեն Խոջոյանը, որին Ադրբեջանը հետ վերադարձրեց ապրիլի 10-ին: Գերությունից հետո տղայի մոտ հոգեբանական խնդիրներ էին առաջացել: Վերջինիս հարազատները պնդում էին, որ տղան վախից տանը չի քնում, անհանգիստ շարժումեր է անում:

Հարվածներ երիկամներին
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Նա պատմել է, որ պատահականության` մոլորվելու հետեւանքով է ինքը սահմանը հատել եւ գերի ընկել: Ավելի ուշ Հակոբը տեղափոխվեց երրորդ երկիր եւ միայն այդ ճանապարհով կարողացավ հասնել Հայաստան: Տեղափոխվելուց հետո ադրբեջանական գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը համալիր հետազոտությունների ենթարկվեց Հայաստանում: Պարզվել էր, որ ժամկետային զինծառայողը առողջական խնդիրներ ունի՝ կապված նյարդային համակարգի, թոքերի, շնչառության եւ տեսողության հետ: Ինջիղուլյանը բժիշկներին պատմել էր՝ գերության ընթացքում երիկամներին հարվածներ է ստացել:

Պահում են հոգեբուժական
դիսպանսերում
2015 թվականի մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը: Ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել, որտեղ Անդրանիկ Գրիգորյանը սպիտակ կտորը ձեռքին մոտենում է իրենց: Սրան հաջորդեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները երիտասարդին նկարահանել էին քաղաքացիական հագուստով, բանակում տիրող իրավիճակի մասին խոսելիս:
2015-ի նոյեմբերի 18-ին նրան հետ վերադարձրին, որից հետո տեղափոխեցին ստուգման՝ հասկանալու համար, թե տղայի հետ ինչ խնդիր կա: Դե, իհարկե, հոգեկան խնդիրներ հայտնաբերվեցին, եւ տղային տեղափոխեցին հոգեբուժական դիսպանսեր:

2017 թվականի գերեվարվածը
Հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իբրեւ թե հայ զինծառայող է գերի ընկել: Պարզվել էր, որ գերեվարվածը զինված ուժերի հետ որեւէ առնչություն չունի, նա առավել եւս դիվերսանտ չէ, այլ Գավառի մանկատան նախկին սան, որը ավելի ուշ, հանգամանքներից ելնելով՝ թափառական կյանք է վարել: Ինչեւէ: Հուլիսի 1-ին գերեվարված հայ քաղաքացուն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն էին այցելել, սակայն նրա որպիսության մասին որեւէ տեղեկություն չէին տրամադրել: Իսկ թե ինչ վիճակում է շուրջ 2 ամիս գերության մեջ հայտնված Զավեն Կարապետյանը, դեռեւս անհայտ է:

ԱԱԾ պետի նախկին տեղակալը՝ իրավիճակի մասին
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով Ադրբեջանում գերի ընկած եւ այնտեղից կես մարդ վերադարձած մեր հայրենակիցների դեպքերին, ասաց, որ այն խոշտանգումներին, որ ենթարկվում են գերի ընկած քաղաքացիները, յուրաքանչյուր մարդու մոտ կառաջացնեն հոգեկան խանգարումներ. «Ադրբեջանցիները նույնիսկ ցուցադրում են խոշտանգումը: Հիշո՞ւմ եք Կարեն Պետրոսյանին, որը գերի էր ընկել: Ադրբեջանցիները նրան դիտարկում էին որպես դիվերսանտ: Նրան սպանեցին: Իսկ ինչպե՞ս: Եթե հիշում եք՝ բռնել էին խնձորակից, դա սարսափելի ցավ է. այդ ձայնագրությունը, որ ցուցադրում էին. խնձորակից բռնած՝ ծնկի էին բերում իրենց ղեկավարության առաջ: Ես ցավում եմ, որ այս դեպքը միջազգային ատյաններով չանցավ: Այդ դրվագը բավարար էր, որ մենք զբաղվեինք, հետեւողական լինեիք: Սակայն այդպես էլ արձագանք չստացավ: Ձեզ վստահեցնում եմ, եթե արձագանք ստանար, մնացածները այնտեղից հոգեկան խնդիրներով հետ չէին վերադառնա»:
Մեր զրուցակցի խոսքերով՝ երկու խնդրի վրա պետք է լրջագույնս ուշադրություն հրավիրել. նախ՝ սահմանների պահպանման խնդիրը, որ եթե սահմանները պահպանեն, գյուղացին չի կարող սահմանը հատել, մոլորվել ու հայտնվել թշնամու սահմանին: Սա նշանակում է, որ նրանք էլ նույն ճանապարհով կարող են մտնել մեր թիկունք: Երկրորդ խնդիրն այն է, որ լրջագույնս պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ վիճակում են մեր գերիները Ադրբեջանում: Դրա համար կա միջազգային կազմակերպություն, որի միջոցով կարելի է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Կրկնում եմ՝ անմարդկային խոշտանգումներ են իրականացվում, որի արդյունքում մարդիկ հոգեկան խնդիրներ են ձեռք բերում, բայց միջազգային ատյաններում հարցը չի դառնում քննարկման առարկա»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ
Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մեկը մյուսի հետեւից հայտնվում են ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սվետլանա Գուլիյանը չի ունեցել ՀՀ մուտք գործելու թույլտվություն եւ 2014թ. հունվարին դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի քաղաքապետի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրացման բաժնի պետ Մանուշակ Կիրակոսյանին, որ օգնի իրեն հատել ՀՀ սահմանը: Նա էլ, ըստ էության, օգնել է քաղաքացուն ապօրինի հատել սահմանը:
Եւ, ահա, Մանուշակ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական կեղծիք կատարելու համար:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցները հայտնվում են ամբաստանյալի աթոռին:
Դեռեւս 2016 թվականի սեպտեմբերին անդրադարձել էինք Սեւանի պաշտոնատար անձանց կողմից խողովակների յուրացման դեպքին: Արդյունքում նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը` Ուդոն, ջրից չոր դուրս եկավ, եւ ամբաստանյալի աթոռին հայտնվեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը, որը հետ վերադարձրեց յուրացված խողովակները:

 

 

ԲԱՆՏԱՊԵՏԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» ՔԿՀ-ի պետի դեմ տրված ցուցմունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Հուլիսի 17-ին գրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ:
Հիշեցնենք, որ ՔԿՀ պետին դատարան էին հրավիրել որպես վկա ՔԿՀ-ի աշխատակիցների կաշառքի գործով, ինչի արդյունքում դատապարտյալը հայտնել էր, որ կաշառքի գործը ուղղորդված է եղել բանտապետի կողմից: Այս գործը հսկող դատախազը դատապարտյալի հայտարարությունը հիմք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, եւ հատուկ քննչական ծառայությունում այդ հայտարարության մասով նյութեր էին նախապատրաստվում: Եւ, ահա, նյութերի նախապատրաստման ընթացքում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ ըստ էության պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքով: Արդյո՞ք դատապարտյալի հայտարարությունը հիմք կլինի, եւ, ի վերջո, Հրազդանի ՔԿՀ պետին մեղադրանք կառաջադրե՞ն՝ իր աշխատակիցների գլխին սարքելու համար, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:




Լրահոս