ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ. ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՓՈՐՁԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վայելում է իր արձակուրդը եւ ռազմատենչ հայտարարություններ տարածում Հյուսիսային Կորեայի դեմ, ԱՄՆ ներքին քաղաքականությունը կրկին տակնուվրա է լինում:

Washington Post-ը հրապարակել է նոր, գաղտնի տեղեկություն այն մասին, որ նախորդ ամիս ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ-FBI) խուզարկություն է իրականացրել նախագահի քարոզչական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի բնակարանում: Թեպետ նման երեւույթը հայկական իրականությունում վաղուց նորմալ է համարվում, սակայն ԱՄՆ-ում այն իրական սկանդալի պատճառ է դարձել:
Ամերիկյան հայտնի պարբերականը, որ դարձել է իշխանական կուլիսներում կատարվող ամենատարբեր անհայտ իրադարձությունների մասին տեղեկատվություն հայթայթողն ու տարածողը, օրերս բացահայտեց, որ ՀԴԲ-ի քննիչները, դատական հատուկ կարգադրությամբ, հուլիսի 26-ին մտել էին Մանաֆորթի առանձնատուն, խուզարկություն կատարել եւ առգրավել մի շարք փաստաթղթեր ու այլ նյութեր: Հետաքրքիր է, որ ՀԴԲ-ն կանխավ չի ծանուցել խուզարկության մասին, ինչպես սովորական դեպքերի համար նախատեսված է օրենքով: Այս հանգամանքն էլ թույլ է տալիս կարծելու, որ ՀԴԲ-ն փորձել է անակնկալի բերել Թրամփի շտաբի նախկին ղեկավարին, որը կանխավ իմանալով խուզարկության մասին՝ գուցե հասցներ թաքցնել ինչ-ինչ տեղեկություններ, որոնք փնտրում էին իրավապահները: Ի դեպ, Washington Post-ը հայտնում է, որ տեղեկություններն իր ձեռքի տակ են հայտնվել ԱՄՆ հատուկ դատախազ նշանակված Ռոբ Մյուլլերի խմբում ունեցած աղբյուրներից, որը վարում է 2016թ. ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության հարցի հետաքննությունը: Այսպիսով հստակ է, որ Թրամփի քարոզչական շտաբի ղեկավարը կոնկրետ հետաքրքրություն է առաջացրել ՀԴԲ-ի համար, եւ դա էլ այնքան ծանրակշիռ, որ հանգել է այդօրինակ գաղտնի մեթոդներով գործողությունների: Եվ սա էլ այն պարագայում, երբ Մանաֆորթը կամովին նախորդ օրը ներկայացել էր հարցաքննության: Սակայն պարզվում է, որ Մյուլերի հանձնախումբը մեծածավալ քննություն է արել այս ուղղությամբ` ուշադրության կենտրոնում առնելով հարցերը, թե արդյոք Թրամփի քարոզչական շտաբի նախկին ղեկավարը խախտել է լոբբինգի օրենքները եւ զբաղվել փողերի լվացմամբ: Ըստ պարբերականի` ՀԴԲ-ի աշխատակիցները փնտրել են արտասահմանյան բանկային հաշվեհամարների ու ֆինանսական փոխանցումների մասին կոնկրետ տեղեկություններ:
ԱՄՆ նախագահը չի արձագանքել այս թեմայով լրատվականների գրոհին, սակայն նոր լույսի ներքո են հայտնվել հուլիսի 26-ին նրա գրառումները: Թերեւս տեղյակ լինելով ՀԴԲ-ի գործողություններին` Թրամփը այդ պատճառով էր հրապարակավ ու բոլորի համար անակնկալ կերպով խստագույնս քննադատել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշընսին` ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու ՄըքՔեյբին աշխատանքից չհեռացնելու համար: Թերեւս վերջինիս միանձնյա որոշումը՝ խուզարկության ենթարկել Թրամփի մերձավորի բնակարանը, լցրել էր նախագահի համբերության բաժակը: Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէ ՀԴԲ-ի ու հատուկ դատախազի հանձնախմբի հետաքրքրությունը հենց Մանաֆորթի նկատմամբ: Վերջինս 2016թ. ամռանը ռուս իրավաբանների ու Թրամփի որդի Դոնալդ կրտսերի հանդիպման մասնակիցներից մեկն էր: Այդ զրույցի ժամանակ քննարկվել էին ռուսների օգնությամբ Հիլարի Քլինթոնի մասին վատաբանող տեղեկություններ ձեռք բերելու ու դրանք նախընտրական շրջանում հօգուտ Թրամփի օգտագործելու հարցերը: Այդ իրավիճակում Մանաֆորթի դերակատարությունը ավելի է ընդգծվում, եւ բնականաբար նա սկսում է առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնել ընտրություններում ռուսական միջամտությունը հետաքննող իրավապահների համար: Ի դեպ, նախորդ շաբաթ էլ տեղեկատվություն է տարածվել, որ հատուկ դատախազ Մյուլլերը դատարանում ցուցմունքի է հրավիրել վերոհիշյալ հանդիպման մասնակիցներին: Կարծելի է, որ դատախազը պակաս տեղեկություններ չի հավաքել ՀԴԲ-ի իրականացրած «ռեյդից», եթե որոշել է հարցաքննության կանչել քաղաքական բեմահարթակի ազդեցիկ գործիչներին:
Հայաստանում պետական բարձրագույն պաշտոնյաների կամ առնվազն վերին էշելոնի քաղաքական գործիչներին հարցաքննության կանչելը այդքան էլ ընդունված չէ: Մեր երկրի իրավապահները նման գործողությունների ազատություն եզակիորեն ստացել էին 1999թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ինչը պայմանավորված էր թե՛ իրավիճակի աննախադեպությամբ, թե՛ իշխանության ներսում գոյություն ունեցած երկատվածության հանգամանքով: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը դեռ կռիվ էր տալիս վարչապետ Արամ Սարգսյանի ու նրան պաշտպանող երկրապահների հետ եւ չէր հասցրել կառուցել իր մոնոլիտ բուրգը:
Իսկ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբի ղեկավարների հանդեպ իրավապահների կողմից հետաքրքրություն ցուցաբերվել էր 2008թ., երբ բազմաթիվ ընդդիմադիր գործիչների շարքում ձերբակալվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս ձերբակալվել էր նաեւ 2007թ.` մեղադրվելով փողերի լվացման համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԹԱԼԻՆՑԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՈՐԹԵՐ Է ԳՆՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի գնումները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս քաղաքում առաջնային խնդիրը ուտել-խմելն է: Հանրապետությունում չկա մի տոն, որը Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը բաց թողնի, ընդհուպ մինչեւ գրադարանավարի օրը: Նրանք պետական միջոցների հաշվին տոնում են բոլոր օրերը:

«Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից օգոստոսի 4-ին հաստատված գնումների պլանը, որտեղ հատուկ բաժին կա` «Միջոցառումներ» անվանումով: Միջոցառումների համար նախատեսված գնումները սկսվել է ծաղիկներով. գնվել է 200 հատ վարդ, որի համար ծախսվել է 100 հազար դրամ, 500 հատ մեխակ` 50 հազար դրամ, 50 հատ ծաղկեպսակ` 600 հազար դրամ: Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը տարին սկսել է կանանց տոնը նշելով, որի համար նախ գնել է 300 հատ վարդ` ծախսելով 150 հազար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ, որի համար պետական միջոցներից ծախսվել է 60 հազար դրամ: Մարտի 8-ը տոնելու համար գնվել է 20 հատ գինի եւ ծախսվել 24 հազար դրամ: Նաեւ գնվել են հուշանվերներ` անհայտ քանակությամբ, որոնց համար ծախսվել է 120 հազար դրամ:
Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը չի մոռացել նաեւ ապրիլի 7-ի համար եւ շտապել է քաղաքային բյուջեի հաշվին տորթեր, գինիներ ու հուշանվերներ գնել: Գնվել է այս անգամ ավելի շատ՝ 300 հատ վարդ, որոնց համար ծախսվել է 150 հազար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ եւ 20 հատ գինի: Միայն այս անգամ գնվել է 1500 դրամանոց գինի. նախորդից 300 դրամով թանկ: Եւ էլի անհայտ քանակությամբ հուշանվերներ` ծախսելով 120 հազար դրամ: Եղեռնի հիշատակի օրվա համար գնվել է 3 հատ ծաղկեպսակ` ծախսելով 36 հազար դրամ, 300 հատ մեխակ` 30 հազար դրամով:
Իսկ հաղթանակի օրվա կապակցությամբ քաղաքապետարանը գնել է անհայտ քանակությամբ հուշանվերներ, որոնց համար ծախսել է 210 հազար դրամ, 5 հատ ծաղկեպսակ` 62.500 դրամ, 200 հատ մեխակ` 30 հազար դրամով: Հոկտեմբերի 5-ին Թալինի քաղաքապետարանը կտոնի նաեւ մանկավարժի օրը, որի համար նախատեսել է գնել 10 հատ տորթ, որոնց համար կծախսի 60 հազար դրամ, 14 հատ շամպայն` 25 հազար 200 դրամ, 100 հատ վարդ՝ 50 հազար դրամ:
Երեխաների պաշտպանության օրվա համար էլ քաղաքապետարանը չի մոռացել թալինցի փոքրիկների մասին եւ գնել է 1000 հատ պաղպաղակ` 150 հազար դրամ արժեքով, 50 տուփ գունավոր կավիճ՝ 50 հազար դրամ, 200 հատ փուչիկ` 200 հազար դրամով:
Գրադարանավարի օրը եւս չի վրիպել քաղաքապետարանի աշխատակազմի տեսադաշտից: Բայց այս դեպքում 10 հատ տորթի փոխարեն քաղաքապետարանը գնելու է ընդամենը մեկ հատ տորթ` 6000 դրամանոց, եւ երկու հատ շամպայն` 3600 դրամով, 50 հատ վարդ` 25 հազար դրամով: Թալինի ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հայտարարել, որ գնված տորթերը, գինիները, շամպայնները ոչ միայն աշխատակազմի, այլեւ քաղաքի դպրոցների, մանկապարտեզների համար են:
Հարցին` պարտադի՞ր է, արդյոք, քաղաքային բյուջեի հաշվին գնվեն տորթեր, գինիներ, քաղաքապետը արձագանքեց. «Դե, եթե միջոցառումը բոլորի համար է արվում, ուրեմն դրանք էլ են արվում»:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ գնումների պլանում «այլ» միջոցառումների համար ծախսվել է 700 հազար դրամ: Սակայն փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ միջոցառման համար է ծախսվել «այլ գումարը»: Այս թեմայի շուրջ քաղաքապետ Արամյանը խուսափեց մեկնաբանել` նշելով, որ տեղյակ չէ, եւ իր ձեռքի տակ չկա փաստաթուղթ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱՐԿՈՒՏԻ ԴԵՄ՝ ՀՐԹԻՌՆԵՐՈՎ
Կարկտահարության խնդիրը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող յուրաքանչյուր քաղաքացու համար: Թեեւ խոստումներ են հնչում, թե կարկտահարության դեմ ինչ-որ քայլեր են արվում, սակայն վերջնարդյունքում ոչինչ չի փոխվում:
Այս տարվա գարնանը Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող Դեբեդի հովտի դեղձի այգիները կարկտահարվեցին: Բերքի կորուստը մեծ էր: Իսկ մնացած դեղձերի մի մասը կարկտահարության հետեւանքով որակյալ չէր: Իսկ ապրանքային տեսք չունեցող միրգը հնարավոր չէր շուկայում վաճառել:
Տեղեկացնենք, որ Տավուշի մարզում միայն Դեբեդի հովտի համայնքներում են տեղադրված հակակարկտային համակարգեր, որոնց աշխատանքի արդյունավետությունը բարձր չէ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն հայտ է ներկայացվել Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի տարածաշրջաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում հակակարկտային սարքավորումներ տեղադրելու համար: Նրա խոսքերով՝ որպես պիլոտային ծրագիր Լոռիում փորձարկվում են հակակարկտային հրթիռային համակարգեր, որոնց արդյունավետությունը ստուգելուց հետո Տավուշի մարզին կարող են հատկացվել նման համակարգեր:
Բայց որպես ամենաարդյունավետ միջոց մարզպետը շարունակում է համարել այգիների ցանցապատումը: Հակակարկտային ցանցերը շատ երկրներում են կիրառվում եւ ուղղակի փրկություն են:
Վերադառնալով կարկտահարության հետեւանքով ապրանքային տեսքը կորցրած դեղձի թեմային՝ նշենք, որ Տավուշի մարզի միրգ վերամշակող ձեռնարկությունները, թեկուզ ցածր գնով, բայց այդ դեղձը չընդունեցին: Արարատյան դաշտի վերամշակող գործարաններ եւս չհասավ դեղձը, քանի որ ընդունման ցածր գներ էին առաջարկում: Բացի այդ՝ հարկ էր հոգալ Նոյեմբերյանի տարածաշրջանից մինչեւ գործարան մրգի տեղափոխության մեծ ծախսերը, որը ցանկացած այգեգործի համար լուրջ գումար է:
Այդ իսկ պատճառով Նոյեմբերյանի այգեգործները գերադասեցին կարկտահարությունից վնասված դեղձից տնական օղի թորել: Թե ինչպես կվաճառվի օղին, եւ ինչքանով կկարողանան գյուղացիները իրենց կուտակած վարկերն ու պարտքերը մարել օղու վաճառքից ստացված գումարներով, դժվար է ասել: Ամեն դեպքում կարկտահարության թեման շարունակում է մնալ ամենաարդիականը մեր երկրում գործունեություն ծավալող ցանկացած մակարդակի գյուղատնտեսի համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս