ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՐԲԱԾ ՄԱՐԴՈՒ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց մեր մշակութային անկման մասին: Նրա կարծիքով՝ հեռուստաընկերությունները հետեւողականորեն անճաշակ երաժշտություն են պարտադրում:

-Պարո՛ն Պողոսյան, ստեղծագործական ի՞նչ փուլում եք գտնվում: Երկար ժամանակ է՝ Ձեզանից նորություն չկա: Մենահամերգ, շրջագայություններ սպասվո՞ւմ են:
-Կարծում եմ՝ երկար ժամանակ չէ: Մենք անցյալ տարի մեկ շաբաթով համերգային շրջագայության մեկնեցինք Լիբանան, որը շատ խիստ հագեցած էր, ունեցանք չորս համերգ, ինչպես նաեւ համերգ-դասախոսություն Լիբանանի հայ երաժշտական ուսուցիչների համար:
Այս տարի սեպտեմբերի մեկին մեկնում ենք Շվեդիա: Երկու համերգ ունենք Ստոկհոլմում, ապա կվերդառնանք եւ 10-օրյա հանգստից հետո կմեկնենք Ավստրալիա, այնուհետեւ մեկ շաբաթ անց՝ Ռուսաստանի Դաշնություն, կլինենք Սեւծովյան ափամերձ, հայաշատ քաղաքներում՝ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում:
-Դուք, լինելով «Սայաթ-Նովա» անսամբլի, «Ջիվանու» անվան աշուղական դպրոցի հիմնադիր, ի՞նչ խորհուրդ կտաք արվեստասերներին, ինչպե՞ս տարածենք այն, ինչը մերն է, որ լինի նաեւ պահանջված:
-Իմ խորհուրդն է այսօրվա բոլոր երգիչ-երգչուհիներին, երբ ուզում են Սայաթ-Նովա երգել, անպայման իրենց ձեռքն առնեն Սայաթ-Նովայի երգարանները, թե չէ հարեւանից, բարեկամից, ծանոթից լսելով չի կարելի Սայաթ-Նովա երգել եւ ոչ միայն Սայաթ-Նովա, այլ ընդհանրապես որեւէ աշուղի ստեղծագործություն: Ի վերջո, դրանք բոլորը հեղինակային գործեր են, քանի որ հեղինակն իր կյանքն է դրել այդ գործերի մեջ, բայց հանկարծ լսում ես տեքստերն աղավաղված, սխալներով, ուղղակի սիրտդ ցավում է այդ լսելով: Ես կուզեմ, որ այսօրվա մեր երգիչ-երգչուհիներն ավելի լրջորեն մոտենան հայ աշուղական, դասական արվեստին:
-Պարո՛ն Պողոսյան, քանիցս խոսել եք պետական լայնամասշտաբ մշակութային քաղաքականություն մշակելու եւ ազգային մշակույթը փրկելու մասին: Արդյո՞ք այդքան վատ վիճակում է գտնվում մեր մշակութային դաշտը, ի՞նչ արդիական խնդիրներ կառանձնացնեիք:
-Ընդհանրապես, ցանկացած երկրում մշակույթը պետք է ունենա պետական հովանավորություն, հատկապես ազգային մշակույթը: Մենք, թվով փոքր ժողովուրդ լինելով, ունենք շատ հզոր մշակույթ: Միայն մի փաստ արձանագրեմ, որ տարածաշրջանի ամենահարուստ աշուղական արվեստը ստեղծել է հայ ժողովուրդը եւ ստեղծել է ոչ միայն հայերեն, այլեւ տարբեր ժողովուրդների լեզուներով: Բանասիրական գիտությունների դոկտոր, աշուղագետ Շավիղ Գրիգորյանն ասում էր, որ մեզանում 8-900 երեւելի աշուղ ստեղծագործել են բացառապես թուրքերեն լեզվով: Փաստերը շատ-շատ են: Իմ կարծիքով, հեռուստատեսության տերերը շատ լուրջ մտածելու խնդիր ունեն: Չի կարելի այսքան էժանացնել եթերը, երբ ես հարցնում եմ՝ ինչո՞ւ եք այս աղբը հեռարձակում, ասում են՝ դե՛, գիտեք, երիտասարդությունը դա է պահանջում, բայց մի՞թե մեր հայրենիքում միայն երիտասարդներ են, կամ մի՞թե երիտասարդին դրանով պետք է դաստիարակել: Բա ո՞ւր են մեր Մաշտոցն ու Նարեկացին, Ներսես Շնորհալին, Կոմիտասը, ո՞ւր են նրանց շարականները: Ամիսներով եթերում Կոմիտասի անունը չենք լսում, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Էդգար Հովհաննիսյանը եւ շատ-շատերը: Ինչպե՞ս կարելի է այսքան հարուստ լինել եւ հեռարձակել միայն աղբ:
Դպրոցական, մանկապարտեզի երեխան տանը հեռուստացույց է նայում, եւ ամբողջ օրը ո՛չ մի լուրջ բան, ո՛չ մի լուրջ երգ հազարից մեկ է հնչում: Ո՞վ է մեղավորը: Իմ կարծիքով՝ այստեղ մտածելու բան ունեն հեռուստաալիքների տերերն ու պատասխանատուները, եւ լուրջ անելիք ունի Հայաստանի հեռուստատեսության խորհուրդը:
-Շուրջ 30 տարի է, ինչ դասավանդում եք կոնսերվատորիայում, եւ 25 տարուց ավելի է, ինչ ստեղծել եք «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը: Շփվելով տարբեր սերնդի երիտասարդների հետ՝ ի՞նչ կասեք՝ արդյո՞ք նրանք հետաքրքրված են աշուղական արվեստով:
-Այսօրվա կյանքն իր բազմաթիվ հետաքրքրություններով առաջին հերթին գրավում է երիտասարդությանը: Օրինակ՝ իմ սերունդն ընթերցող սերունդ էր: Ես հիշում եմ, որ հաստափոր «Մխիթար Սպարապետ» գիրքը կարդացել եմ մորաքրոջս համար ձայնով, քանի որ նա անգրագետ էր եւ կարդալ չգիտեր: Այսօր այդպիսի բան եթե մեկին խնդրես, գուցե շուռ գա եւ քեզ վրա ծիծաղի: Բայց այսօրվա սերունդն անհամեմատելի է մեր սերնդի հետ լավ առումով: Այսօրվա սերունդը չափազանց ինֆորմացված է: Ես հավատացած եմ, որ այս սերունդն ապագա ունի, եւ մեր հայրենիքի ապագան լավ ձեռքերում է:
-Նորահայտ հայ աստղերից հատկապես ո՞ւմ կատարումն է Ձեզ բարկացնում:
-Ես անշուշտ կողմ եմ առողջ քննադատությանը, բայց անուններ չեմ տա, որովհետեւ դրանք, ցավոք սրտի, չափից շատ են: Գիտեք, միայն դրամ վաստակելու համար պետք չէ հայրենիքը, ազգը, մշակույթը ուրանալ եւ պետք չէ իսլամաոճ ոռնալ հայհոյախառն տեքստերով: Փող վաստակելու բազմում ճանապարհներ կան, մեկին շատ կտրվի, մյուսին քիչ կտրվի, բայց, փառք Աստուծո, մեր երկրում դեռ ոչ մեկ սովամահ չի եղել, եւ պետք չէ այդ աստիճանի նսեմանալ եւ դառնալ հարբած մարդու քմահաճույքը բավարարող: Տեսնում եք՝ Համալիրում համերգներ են դնում լեփ-լեցուն դահլիճով: Անկեղծորեն Ձեզ ասեմ, որ թվացյալ է, միանգամայն այդպես չէ: Ես խոհանոցին լավ տեղյակ լինելով՝ ասում եմ՝ գնում են այս գյուղապետին են խնդրում, այս թաղապետին աղաչում, որ 10-20 հատ տոմս առնի, կամ Վիվասելին, գործարաններին, էլ չեմ ասում այնքան են հեռուստատեսությամբ ցույց տալիս, որ զզվում ես: Իսկ Դուք կարող եք երեւակայել, որ Թաթուլ Ալթունյանի անսամբլը համերգ դնի, տոմսարկղերում ազատ տոմսեր վաճառվեն, եւ դահլիճի կեսը լցվի, իհարկե, ո՛չ:
-Կնշե՞ք օրինակներ:
-Ես չգիտեմ, բայց ականջիս հասել են: Դա վայել չէ մեր ազգին: Մենք դրա կրողը չենք:
-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ ԱԺ-ում ամեն բան քննարկվում է՝ է՛լ գենդեր, է՛լ ինչ ասես, որոնք, Ձեր կարծիքով, պատվիրված են դրսից: Ո՞ւմ նկատի ունեք՝ դրսից ասելով, եւ ի՞նչ նպատակ է հետապնդում «դուրսը»:
-Ես քաղաքական գործիչ չեմ, ընդամենը մշակույթի մշակ եմ, բայց ես հասկանում եմ, որ մենք խաղալիք ենք մեծ տերությունների ձեռքին, եւ դրսից ինչ ուզում են, կարողանում են մեր գլխին խաղալ: Ճիշտ օրինակ՝ այդքան էլ մեկնաբանում են՝ 12 տարի դպրոցում սովորելը ճիշտ է: Բայց իմ կարծիքով՝ 12 տարին պարտադրվեց մեզ, այլ ոչ թե մենք ընտրեցինք, եւ անշուշտ դրանում կառավարությունն է մեղավոր, հո՛ դպրոցի տնօրե՞նը չէ: Գուցե ես սխալվում եմ, թող ներվի ինձ:
-Ձեզ գոհացնում է մեր երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը: Ի՞նչ կփոխեիք, որպեսզի ավելի բարեկեցիկ Հայաստանում ապրեինք:
-Ես կուզեի, որ մեր իշխանավորներն ավելի ազնիվ եւ հայրենասեր լինեին, ու կյանքը շատ լուրջ շրջադարձ կապրեր Հայաստան աշխարհում: Իսկ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իհարկե, չի գոհացնում:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 
ԿԻՆՈՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՍ «stop» ՏԱԼ. ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆ

Հոկտեմբերից կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը: Զվարճալի ու հետաքրքիր զարգացումներով հեռուստաֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանուհի Լուսինե Արշակյանը, ով մարմնավորելու է դպրոցի «բուֆետի» աշխատակցուհու կերպարը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին:

-Լուսինե՛, Դուք նույնպես նկարահանվում եք «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում: Խոսե՞նք մի փոքր Ձեր կերպարի մասին:
-«Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում նկարահանվելու առաջարկը ստացա եւ սիրով ընդունեցի, քանի որ ինձ գրավեց Լալայի դերը (բուֆետապանուհին): Վառ, գունեղ կերպար է, որն ունի արկածախնդիր զարգացումներ, եւ, իհարկե, չեմ բացի փակագծերը, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի…
-Ի՞նչ եք կարծում՝ հե՞շտ է երեխաների հետ աշխատել:
-Իհարկե, հաճելի է երեխաների հետ աշխատելը, պարզապես պետք է վարվել սիրով, հոգատարությամբ եւ համբերությամբ, որպեսզի նրանց մեջ ձեւավորվի կարգապահություն, սեր, պատասխանատվություն, անշուշտ դա կնպաստի նաեւ աշխատանքին, այլապես չի ստացվի:
-Այլ ֆիլմերում կամ սիթքոմերում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:
-Մինչ այս նախագծի հրավերը, իհարկե, եղել են այլ առաջարկներ, բայց նշեմ, որ ես հանդես եմ գալիս իմ նախընտրած դերերով:
-Կնշե՞ք մի քանիսը:
-«Սոֆիկե», «Ազգային գործիչ», «Մանիշակ», «Չարենցի ուղղիչ տունը», «Երջանկություն որոնելիս» եւ այլն:
-Լուսինե՛, քչերին է հայտնի, որ Դուք նաեւ երգում եք: Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր երազանքներից է ձայնասկավառակ թողարկել: Աշխատանքներ տարվո՞ւմ են այդ ուղղությամբ:
-Երգն իմ տարերքն է…Երգում եմ, ստեղծագործում, հաճախ մասնակցում եմ համերգների, տոնական միջոցառումների…

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս