Սեպտեմբերի 1-ը Հանրապետության մի շարք դպրոցներում նշվում է շքեղ արարողակարգով։ Այս օրվան հատկապես անհամբերությամբ են սպասում առաջին դասարանցիները։
Այսօր դպրոցում իր առաջին քայլերն է անում նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանի փոքրիկ դուստրը՝ Յաննան: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանը կիսվել է իր սեպտեմբերյան տպավորություններով:
Նշենք, որ Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն իրենց երկու դուստրերի համար ընտրել են Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցը:
«Արդեն իմ երրորդ աղջիկն է դպրոց գնում, երեքն էլ հաճախում են նույն դպրոց: Զգացողություններս, բնականաբար, առաջինի նման չեն, բայց մի փոքր ափսոսում եմ, քանի որ երեխաներս շատ արագ են մեծանում: Ինձ թվում է՝ ես չեմ հասցնում իրենց սիրել, իրենք շատ արագ կմեծանան, եւ չեմ հասցնի այն սերը, համբույրը, գրկելն առնել իրենցից»,- ափսոսանքով ասաց դերասանը:
Միեւնույն ժամանակ Սարգիս Գրիգորյանը նշում է, որ երեխաների մեծանալու հետ միասին մեծանում է նաեւ իր պատասխանատվությունը. «Տղա չունեմ, եւ գիտակցում եմ, որ աղջիկներին ուժեղ մեջք է պետք. ես պարտավոր եմ ապահովվել նրանց եւ որպես տղամարդ` ճիշտ խորհուրդներ տալ»:
Լիդա Եղիազարյան