«Երեխա բերող չկա… վերջինը ծնվել է երկու տարի առաջ, ի՞նչ եք կարծում՝ աշակերտ կունենա՞նք». մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեւանյան դպրոցներում մեծ շուքով կտոնվի Գիտելիքի օրը: Բայց ՀՀ մարզերի բազմաթիվ դպրոցներում, որոնց մեծ մասը գտնվում է գյուղերում, այս ուսումնական տարում ե՛ւ առաջին դասարանի աշակերտ չեն ունենա, ե՛ւ սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Երկրում առկա արտագաղթը ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմանները իրենց բացասական հետեւանքներն են թողնում նաեւ կրթական օջախների գործունեության վրա:

Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության` Հայաստանում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դպրոցների հաճախելիության հարցում առաջատարը մնում են խոշոր քաղաքաներն ու Երեւանը: Մինչդեռ տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են, կամ էլ նվազում է աշակերտների թվաքանակը:
Այսօր ՀՀ բազմաթիվ գյուղերում սեպտեմբերի 1-ը սովորական, ոչնչով չտարբերվող օր է լինելու, քանի որ որոշ գյուղերում դպրոց, իսկ մի մասում էլ գրեթե աշակերտ չկա:

Օրինակ՝ ՀՀ Սյունիքի մարզի 90 բնակիչ ունեցող Ճակատեն գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենալու: Մինչդեռ անցած ուսումնական տարում առաջին դասարանի մեկ աշակերտ են ունեցել: Ճակատենի գյուղապետ Անդրյուշա Դավթյանի խոսքերով՝ գյուղն այժմ ունի ընդամենը 7 աշակերտ: «Երիտասարդ ընտանիք չունենք, որ երեխաներ ունենան: Անցած տարի ծնունդ ունեցել ենք, այս տարի` ոչ: Անցած տարվա ծնված երեխայի ծնողները մտադիր են գյուղից դուրս գալ, որովհետեւ աշխատանք չունեն, ոնց ապրեն: Աշխատատեղ չկա: Ամեն ինչի պատճառը աշխատանք չունենալն է»,- մեծ ափսոսանքով նկատեց Ճակատենի գյուղապետը: Մեր զրուցակցի խոսքերով՝ Ճակատենի բնակիչները անգամ չեն կարող հողագործությամբ զբաղվել, քանի որ իրենց հողատարածքները բերրի չեն, բացի այդ՝ ունեն ոռոգման ջրի խնդիր:

Նույն մարզի Արեւիս գյուղի դպրոցն ունենալու է առաջին դասարանի ընդամենը մեկ աշակերտ: Այս գյուղի դպրոցը նախորդ տարի նույնպես ունեցել է առաջին դասարանի մեկ աշակերտ: «Երեխա բերող չկա: Ժողովուրդ չկա: Գյուղն ունի ընդամենը 7 աշակերտ»,- արձագանքեց Արեւիսի գյուղապետ Սասուն Սահակյանը:

Այսօր փակ է լինելու նաեւ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի դպրոցը աշակերտ չլինելու պատճառով: Մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ: Շրվենանցի գյուղապետ Արմինե Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց գյուղի դպրոցը փակվել է ավելի քան 7 տարի առաջ, իսկ գյուղի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքները բնակություն են հաստատել Կապան քաղաքում:
Նույն պատկերն է նաեւ ՀՀ Լոռու մարզի Հալավար գյուղում: Այս գյուղը ո՛չ դպրոց ունի եւ ո՛չ էլ աշակերտ: «Առաջին դասարանի աշակերտ չունենք: Մենք ընդհանրապես աշակերտ չունենք: Երիտասարդ ընտանիք չկա: Մարդ չկա, ապրող չկա… Մի օր վեր կացեք, եկեք, տեսեք ու նման հարցերով էլ չեք էլ դիմի: Եթե գյուղում վերջին երեխան ծնվել է երկու տարի առաջ, ի՞նչ եք կարծում՝ աշակերտ կունենանք»,- վրդովված նկատեց Հալավարի գյուղապետ Սարգիս Հակոբջանյանը:

ՀՀ Արագածոտնի մարզի 18 ընտանիք ունեցող Դպրեվանք գյուղը դպրոց չունի, առաջին դասարանի աշակերտ` նույնպես: Դպրեվանքի գյուղապետ Արամայիս Ղասաբյանից տեղեկացանք, որ գյուղն ունի ընդամենը 7 աշակերտ: Իսկ անցած տարվա ուսումնական տարում հարեւան Արուճի դպրոց հաճախել է առաջին դասարանի ընդամենը մեկ աշակերտ: Արմավիրի մարզի Կողբավան գյուղն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի:

Նույն վիճակում է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքը: Իսկ ահա Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը ավելի քան 15 տարի է` ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց:

Եթե արտագաղթի տեմպերն ավելի ահագնանան, ապա հաջորդ սեպտեմբերին կավելանա այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են, իսկ աշակերտների թիվը՝ նվազում: Բայց իշխող ՀՀԿ-ն չի զլանում կրկնել, թե ապահով երկրում ենք ապրում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս