Ինչպես հայտնի է` այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով հերթական դատական նիստը:
Այսօր դատարան էր հրավիրվել գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանը, որը հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին եւ, առհասարակ, ցուցմունք տալ դատարանում: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը չէր ցանկանում, որպեսզի դատարանը հրապարակի Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ Ալումյանի՝ նրա ցուցմունքները կազմում են իր պաշտպանյալի մեղադրանքի ամբողջ հիմքը, եւ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նրա ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է:
«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ դեռեւս մինչեւ Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը: Նա Շիրխանյանի հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը, եւ մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»,- դիմելով դատարանին` ասաց Ալումյանը:
Սակայն Լիլիթ Թորոսյանը կրկին հրաժարվեց պատասխանել հարցերին: