Նախօրերին ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել էր, թե ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա սկսել են զգալ կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճը:
«Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա է խոսում, որ տնտեսությունը զարգացել է: Ու քաղաքացին դա զգում է իր մաշկի վրա, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զարգանում է զբոսաշրջությունը»,-ասել էր նա:
Այս հայտարարության և Հայաստանում գրանցված տնտեսական աճի հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:
«Տնտեսական վիճակը Հայաստանում բոլորդ եք տեսնում և զգում, դրա մեկնաբանության կարիքը կունենանք, երբ կունենանք շոշափելի առաջընթաց, որը կանդրադառնա ժողորդի սոցիալական վիճակի վրա: Այն պայմաններում, երբ բնակչության 1/2 աղքատության շեմին է կամ դրանից ցած, կարծում եմ, որ տեղին չէ ասել, որ այն աննախադեպ է, մարդիկ զգում են իրենց վրա տնտեսական աճը»,-ի պատասխան մեր հարցի ասաց նա:
Ըստ նրա` պետք է ձեռնպահ մնալ նման հայտարարությունից. «Սուրեն Կարայանին ես շատ եմ հարգում, իր մասնագիտական փորձը, բայց կարծում եմ, որ այս հարցում ինքը պետք է մի քիչ ձեռնպահ մնալ նման հայտարարություն անելուց»: