Ինչպես հայտնի է՝ նախօրեին ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը կրակ էր բացել դիտորդների ուղղությամբ: Սակայն որքան էլ զարմանալի է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, թե անկարող էին հաստատել, թե որ կողմից են եղել կրակոցները:
Անշուշտ Կասպրշչիկի պարզաբանումը բավական տարօրինակ է և ստացվում է այնպես, որ դիվանագետներն արդարացնում են կրակոցները՝ ասելով, թե չգիտեն, թե ով է կրակողը: Սակայն կասկած չկա, որ Կասպրշչիկը լավ էլ գիտի, թե ով է կրակողը, սակայն բարձրաձայնել այնքան էլ չի շտապում:
Բազմաթիվ անգամ է բարձրաձայնվել ԵԱՀԿ դիտորդների լիազորությունների ընդլայնման մասին, սակայն միջնորդությունը խախտվում է հենց այսպիսի չեզոքությամբ, երբ միջնորդները խուսափում են իրերը կոչել իրենց անուններով: Եվ այս դեպքում Ադրբեջանն օգտվում է այսպիսի չեզոքությունից և շարունակում իր գործելաոճը: Միջազգային հանրության արձագանքը պետք է համարժեք լինի, որպեսզի այսպիսի դեպքերից էլ հնարավոր լինի խուսափել:
Այսպես շարունակելու դեպքում և այսպիսի արձագանքից հետո ադրբեջանցի դիրքապահները կարող են էլ ավելի սադրանքների դիմել, ինչու ոչ հենց համանախագահների ուղղությամբ կրակելով: Մյուս կողմից, սա պետք է կրկին դաս լինի նաև հայկական կողմի համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական կողմը պետք է հույսն իր վրա դնի:
Նաիրա Հովհաննիսյան