Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ռումինիայի հետ անցկացրած խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է «Ֆուտբոլ +»-ը:
Հիշեցնենք` Հայաստանի ընտրանին 10 հոգով նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիային` միակ գոլն ընդունելով ավելացված ժամանակում.
«Շատ ցավալի պարտություն կրեցինք, բայց շնորհակալ եմ տղաներին ամեն ինչի համար: Մինչև վերջ պայքարեցինք, ամեն ինչ արեցինք դրական արդյունքի հասնելու համար, նույնիսկ չէինք մտածում 0:0 հաշիվը պահելու մասին:
Ունեինք բազում հնարավորություններ, սակայն չկարողացանք դրանք օգտագործել: Վերջում երևի` ուշադրությունը չհերիքեց, այդ իսկ պատճառով գոլ բաց թողեցինք:
– Կարմիր քարտն ազդե՞ց խաղի ելքի վրա:
– Միանշանակ, չէինք պլանավորել 10 հոգով խաղալ: Բայց ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Նույնիսկ 10 հոգով փորձեցինք հնարավորկնս ամեն ինչ անել, խաղալ, հաղթել: Ցավոք` չստացվեց: Շնորհավորում եմ տղաներին մինչև վերջ պայքարելու համար:
– 3 օր անց Դանիայի հետ հանդիպումն է: Ի՞նչ պետք է անել` այդ խաղին ամբողջությամբ վերականգնվելու համար:
– Կարծում եմ` դա ֆուտբոլիստների խնդիրն է, թե ինչ անենք, որպեսզի լավ վերականգնվենք: Հուսով եմ` ամեն ինչ կանենք, որպեսզի ամեն ինչ լավ լինի և պատվով խաղանք նաև Դանիայի դեմ:
– Արթուր Պետրոսյանը խաղից հետո ինչպե՞ս աջակցեց թիմին:
– Ճիշտ է` չնայած բացասական արդյունքին, շատ դրական խոսքեր լսեցինք:Մենք ինքներս էլ զգացինք, որ ամեն ինչ արեցինք խաղը փրկելու և հաղթելու համար: Բայց չստացվեց: Մնում է միայն հուսանք, որ Դանիայի հետ էլ ավելի լավ կխաղանք:
– Նոր դասավորությամբ էիք խաղում: Այդ մասին ի՞նչ կարող ես ասել:
– Մարզիչը ճիշտ գտավ այդպիսի դասավորությամբ խաղալ, և երևի` չսխալվեց: Քանի որ լավ էինք խաղում: Կարող եմ ասել, որ ֆուտբոլ է: Պետք է պատրաստ լինես ցանկացած դասավորությամբ և ցանկացած թիմի դեմ խաղալուն:
Լուսանկարը` «Ֆուտբոլ +»-ի.