
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:
Զորավարժությանն ընդգրկված են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:
Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների և զինված ընդհարումների ժամանակ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը»:
Զորավարժության նպատակներից են համատեղ խմբավորման կազմում հրամանատարներին և շտաբերին զորքերի կառավարման գործնական հմտությունների փոխանցումը, մարտական գործողությունների ժամանակ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ զորքերի փոխգործակցելիության կատարելագործումը:
«Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության ակտիվ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին: