Ամեն ինչ կախված է Հայաստանից և Արցախից. նոր փոփոխություն Մինսկի խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է՝ լուրեր են տարածվում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի որոշ հաստիքների կրճատման մասին: Խոսքն ի սկզբանե վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրի, կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող հատուկ դեսպանորդներին: Սակայն այդ սեւ ցուցակում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքը, թեեւ ընդամենն օրեր առաջ այդ պաշտոնը ստանձնել էր Էնդրյու Շեֆերը: Ըստ տեղեկությունների՝ այդ հատուկ կոչումը կհեռացվի եւ հետագայում Մինսկի խմբի համանախագահների գործառույթները կկատարի Եվրոպական եւ Եվրասիական բյուրոյի փոխտնօրենի օգնականը:
Շատերը ԱՄՆ-ի այս քայլը դիտարկում են որպես ազդանշան, որ ԼՂՀ հակամարտության գործում ԱՄՆ-ն նվազեցնում է աջակցությունն ու նախաձեռնողականությունը՝ այն վստահելով Ռուսաստանին:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքի կրճատումն ի՞նչ է ենթադրում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

-Հասկանալի է, որ այդ ինֆորմացիան «սլիվ» են արել, քանի որ այդ նամակը կրում է կոնֆեդենցիալ բնույթ: Ընդհանուր առմամբ, նման փոփոխությունները տրամաբանական են, քանի որ դրանք տեղավորվում են այն կադրային փոփոխությունների տրամաբանության մեջ, որն այսօր անում է Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան: Այս տարի պետդեպարտամենտին ռեկորդային ցածր գումարներ են տրվել, եւ այդ առումով ֆինանսների բացակայությունը այն չափով, որն առկա էր տարիներ առաջ, ստիպում է նաեւ կրճատել կադրերը: Արդեն չկան այն գումարները, որոնք հնարավորություն կտան այդ քանակի բյուրոկրատներ ունենալ:

Իհարկե, դա հենց արվել է նաեւ բյուրոկրատական ապարատի կրճատման համար: Եվ այդ կրճատումը չի վերաբերում միայն Մինսկի խմբին, այլ մեծ քանակությամբ լուրջ ինստիտուտների, որոնց նախկինում մեծ ֆինանսներ են տրվել, ընդ որում, ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան Մինսկի խմբի համանախագահի հաստիքը: Նամակում նաեւ հստակ ասվում է, որ ոչ թե վերացվում է համանախագահի ինստիտուտը, այլ համանախագահի հաստիքը: Պետդեպարտամենտն առաջարկում է, որ լինի կոնկրետ անձնավորություն, ով ԱՄՆ-ի անունից կկատարի այդ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում: Շատ կարեւոր է, որ պահպանվում են գործառույթներն ու քաղաքական նշանակությունը. ուղղակի դրանք տրվում են Եվրոպական եւ Եվրասիական հարցերով զբաղվող բյուրոյին:՛

-Հայաստանի համար եւ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում այդ փոփոխությունն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:

-Հայաստանի համար դա միայն դրական է եւ այն պարզ պատճառով, որ եթե նախկինում միայն առկա էր համանախագահ, ապա շատ բան կախված էր հենց կոնկրետ այդ անձից: Իհարկե, նա համաձայնեցնում էր իր գործունեությունը դեսպանի, պետդեպարտամենտի հետ, սակայն շատ անձնական ֆակտորներ եւս կային: Ներկայումս բոլոր այդ ֆունկցիաները տրվում են Եվրոպական եւ Եվրասիական հարցերով բյուրոյի փոխտնօրենին: Դա նշանակում է, որ այդ հարցը բարձրանում է ավելի լուրջ մակարդակի:

-Եթե պետք է այդ հաստիքը կրճատվեր, ապա ինչո՞ւ օրեր առաջ այդ պաշտոնում նշանակվեց Էնդրյու Շեֆերը:

-Միգուցե այդ փոփոխություններն այնքան էլ արագ չլինեն: Դա նամակ էր այն մասին, թե ինչ է նախատեսվում, սակայն այնտեղ չկան հստակ ժամկետներ: Այդ նամակից պարզ է, որ Թիլերսոնը ցանկանում է իմանալ Սենատի արձագանքը: Միգուցե Սենատը խորհուրդ տա այդպիսի կրճատումներ չանել, այնպես չէ, որ Թիլերսոնը փաստի առջեւ է կանգնեցրել Սենատին: Կարծում եմ, որ այդ փոփոխությունները կընդունվեն: Բայց կրկնեմ, որ այդ փոփոխությունները միայն դրական են Հայաստանի համար, բացասական կարող են լինել, եթե Հայաստանն ԱՄՆ-ի հետ շարունակի աշխատել այնպես, ինչպես վերջին տարիներին: Այստեղ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե նոր ինստիտուտի հետ աշխատանքի ինչպիսի ձեւ կընտրեն Հայաստանն ու Ղարաբաղը:

-Այս փոփոխությունը նաեւ մեկնաբանվեց այնպես, որ ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ողջ նախաձեռնությունը թողնում է Ռուսաստանին:

-Դա այդպես չէ, քանի որ հիմնական նախաձեռնողականությունը միշտ էլ ՌԴ-ի մոտ է եղել: Ռուսաստանը ցանկացած դեպքում կշարունակի գլխավոր դեր խաղալ, քանի որ իրավիճակի սրման դեպքում բոլոր հարցերը կանոնակարգվում են Մոսկվայի կողմից: Մինսկի խումբը որպես ինստիտուտ վաղուց արդեն չի զբաղվում հիմնահարցի կարգավորմամբ, քանի որ դրա համար մեխանիզմներ չունի: Տվյալ պարագայում Մինսկի խումբն ուղղակի բանակցությունների ֆորմատ է, ուղղակի պետք է ցույց տալ, որ բանակցություններ են ընթանում: Դա թույլ է տալիս զսպել Ադրբեջանին, իսկ Հայաստանին էլ ինչ-որ քայլեր կատարել: Բայց ցանկացած պարագայում վաղուց հայտնի է, որ գլխավոր դերակատարը, իհարկե, Մոսկվան է: Բայց այստեղ պետք չէ գերագնահատել արտաքին խաղացողների ազդեցությունը, քանի որ երկու հիմնական խաղացողներն այս պարագայում Հայաստանն ու Ադրբեջանն են, եւ վերջին խոսքը նրանցն է: Ինչ վերաբերում է ամերիկյան քաղաքականությանը, ապա այն բարդ է եւ ԱՄՆ-ին ոչ մի դեպքում այս տարածաշրջանում ինչ-որ բաներ չեն տա: Ղարաբաղյան հարցն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ առաջնային չէ դեռ 2002 թվականից, ուղղակի տարեցտարի այն ավելի է նվազում: 2000-ական թվականներից առհասարակ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ գնալով նվազում է: Սակայն ԱՄՆ-ն ցանկացած պարագայում կհետեւի կոնֆլիկտի ընթացքին, եւ չեն կարող ոչ մի տեղ թողնել այն՝ ստիպված լինելով զբաղվել այդ գործով: Հարցն այն է, որ այդ կոնֆլիկտն առաջնային հարց չի լինելու, չնայած երբեք էլ այդպիսին չի եղել: Չի կարելի ասել, որ ԱՄՆ-ն երեկ ավելի շատ էր հետաքրքրվում այդ հարցով, իսկ այսօր՝ ոչ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս