Ազատամարտիկները հիասթափվել են քաղաքականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատճառ դարձան, որպեսզի շատ քաղաքական ուժեր եւ անհատներ հիասթափվեն քաղաքական դաշտից, նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվելու որոշում կայացնեն: Խոսքը հատկապես վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մաս կազմող ուժերին եւ անհատներին:

Օրեր առաջ «ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, որ դաշինքին էր սատարում, հայտարարել էր, թե քաղաքականությամբ այլեւս չի զբաղվելու: «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները եւս հիասթափված են եւ քաղաքական գործընթացների փոխարեն զբաղվելու են իրենց ազատամարտիկների սոցիալական հարցերով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը նշեց, թե չկան քաղաքական այնպիսի գործընթացներ, որին կցանկանային մաս կազմել եւ համոզված լինել, որ այլեւս չեն հիասթափվի, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

-Պարո՛ն Մելքոնյան, «Ազատամարտիկների դաշինքն» առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի: Ակտիվանալո՞ւ է Ձեր գործունեությունը:

-Մենք միշտ էլ ակտիվ ենք եղել եւ մնում ենք, ինչպես կանք: Մոտավորապես երկու շաբաթից կմեկնարկեն վարչության նիստերը: Հիմնականում մենք մեր ծրագրերն ենք շարունակելու իրականացնել: Մեր դաշինքի ազատամարտիկների սոցիալական խնդիրներով ենք զբաղված:

-Քաղաքական գործընթացների մասնակցություն ներառվա՞ծ չէ Ձեր ծրագրերում:

-Քաղաքական գործընթացներ կա՞ն, որ մենք էլ մասնակցենք: Միայն խոսակցություններ են առկա: Քաղաքական դաշտ չկա, չի էլ լինի:

-Բայց ընտրություններից հետո կրկին ակտիվացան ընդդիմադիր դաշտի միավորման մասին խոսակցությունները:

-Այդ միավորումները հանդիպում են, խոսում են, զրուցում են, սակայն միայն զրույցներ են, ոչ ավելին: Մենք նման զրույցներին չենք մասնակցում, քանի որ զբաղված ենք այլ հարցերով: Տղաների կեսը հիվանդանոցում է, սոցիալական վիճակն այնքան վատ է, որ վիրահատության գումար չկա, մի քանիսը նույնիսկ մահացել են հիվանդանոց չտանելու պատճառով:

-Այսինքն՝ նաեւ հիասթափվա՞ծ եք:

-Հիասթափությունն էլ ինչպե՞ս է լինում, ոնց կարող ենք չհիասթափվել: Երկրում ստույգ ոչ մի բան չկա: Տնտեսությունը փոխանակ լավանա, աստիճանաբար վատանում է, ամեն ինչ գնում է դեպի վատը: Օրեցօր ժողովրդի, երկրի վիճակը վատանում է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս