Երբ Քոչարյանն իր բռի մեջ հավաքեց ողջ իշխանությունը, իրավապահների հետաքրքրությունը մարեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իրավապահ համակարգում շարունակվում է նախագահ Թրամփի նախընտրական թիմի նկատմամբ հարուցված գործի քննությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հատուկ դատախազ է նշանակել, որը պետք է պարզի, թե արդյո՞ք Թրամփը կամ նրա թիմակիցները գաղտնի կապեր են ունեցել ՌԴ կառավարող վերնախավի հետ: Գործի շրջանակներում ԱՄՆ Սենատում արդեն իսկ հարցաքննվել են ՀԴԲ նախկին ղեկավարը, ԱՄՆ գլխավոր դատախազը եւ այլք: Այժմ կարծես մոտենում է նախագահ Դոնալդ Թրամփի հերթը:

ԱՄՆ ՀԴԲ նախկին տնօրեն Քոմիի հարցաքննությունից հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է բաց ու թափանցիկ կերպով պատասխանել սենատորներին ու հասարակությանը հուզող հարցերին: Լրագրողները բռնացրել էին Թրամփին այն խոսքի վրա, որ նա պատրաստ էր անգամ հայտնվել սենատական հետաքննող հանձնաժողովի առաջ: Իհարկե, հետագայում Սպիտակ տունը վերաշարադրեց Թրամփի խոսքերը, սակայն դրանից իրավիճակն ավելի լավը չդարձավ: Շուտով նաեւ հրապարակվեց մի տեղեկություն, ըստ որի` Թրամփի որդի Դոնալդ կրտսերը նախընտրական շրջանում քանիցս հանդիպել էր ռուսական ներկայացուցիչներին` փորձելով ստանալ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող գաղտնի տեղեկություններ:

Դոնալդ կրտսերը սկզբում հրաժարվել էր ընդունել, որ նման հանդիպում եղել էր, իսկ հետո էլ հայտարարեց, որ քննարկվել են լիովին մասնավոր հարցեր: Սակայն հետագայում, երբ լրագրողները մանրակրկիտ հետաքննությամբ բացահայտեցին իրականությունը, նախագահի որդին ստիպված եղավ խոստովանել, թե իրականում ինչ զրույց է ծավալվել ռուս լոբբիստների ու իրավաբանների հետ: Այնժամ պնդումներ էին հնչում, որ նախագահը լիովին տեղյակ էր եղել իր թիմակիցների եւ ռուսական կառավարող շրջանակների ներկայացուցիչների հանդիպումներին: Թեեւ Սպիտակ տունը ժխտել է լուրերի իսկությունը, կասկած չկա, որ նախագահը քաջատեղյակ է եղել այդ ամենին, այլապես ստացվում է, որ շրջապատը նրան խաղացնում է մատների վրա, մինչդեռ Թրամփը այդքան էլ միամիտ մարդ չէ:

Եվ ահա ամերիկյան ԶԼՄ-ները նույնպես չհավատացին այդ հայտարարություններին` շարունակելով որոնողական աշխատանքները: Աստիճանաբար մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նախագահն անձամբ է խմբագրել որդու հայտարարութունը` վերոնշյալ հանդիպման մասին: NBC News-ին այդ առթիվ տեղեկություններ են հասել, ըստ որոնց` հատուկ նշանակված դատախազ Ռոբերտ Մյուլլերի ուշադրության կենտրոնում է հայտնվել Թրամփի այդ արարքը: Շաբաթներ առաջ Մյուլլերը ՀԴԲ-ի աշխատակիցների հետ անակնկալ խուզարկության էր ենթարկել Թրամփի քարոզչական շտաբի նախկին ղեկավար Մանաֆորթի առանձնատունը եւ այնտեղից ինչ-ինչ փաստաթղթեր առգրավել: Ի դեպ, Մանաֆորթը նույնպես մասնակցել էր Դոնալդ Կրտսերի հանդիպմանը, ինչի առթիվ հենց երեկ նրա խոսնակն ու փաստաբանը պաշտոնապես կանչվել են ՀԴԲ՝ հարցաքննության:

Եվ ահա այժմ պարզվում է, որ Մյուլլերի հետաքննող խումբը փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Թրամփը տեղյակ է եղել հանդիպումից եւ օգնել է որդուն կեղծ հայտարարություններ տարածել` փորձելով խոչընդոտել իրականության բացահայտմանը: Դատախազի առաջ խնդիր է դրված պարզելու, թե արդյո՞ք Թրամփը կանխամտածված կերպով է ուղղորդել որդուն սուտ տեղեկություններ հրապարակել: Այնժամ անգամ նախագահի իրավաբաններն էին նրան խորհուրդ տվել հեռու մնալ այդ պատմությունից կամ էլ խոսել միմիայն ճշմարտության դիրքերից, մինչդեռ միայն սեփական խորհուրդները ընդունող նախագահը վարվել էր ինչպես միշտ` ապավինելով սեփական հաշվարկներին:

Դրանք այսօր արդեն լուրջ գլխացավանք կարող են դառնալ նրա համար, եւ եթե Մյուլլերի վարած հետաքննությունը հանգի կարծիքին, որ Թրամփը դիտավորյալ է ապակողմնորոշել հանրությանն ու իրավապահներին, դա կարող է ծանր հետեւանքներ ունենալ անձամբ նախագահի համար: Արդեն իսկ դեմոկրատ սենատորներն ու Թրամփի հակառակորդները անթաքույց հայտարարում են, որ նախագահը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, իսկ ԱՄՆ-ում նման հարցերին չափազանց լուրջ են մոտենում:

Հայաստանում արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք առաջադրվել է բոլոր նախագահներին: Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ՀՅԴ գործիչներին դատելու համար, Ռոբերտ Քոչարյանին` Հոկտեմբերի 27-ը պարտակելու համար, Սերժ Սարգսյանին` Մարտի 1-ի գործի համար եւ այլն: Բոլոր դեպքերում էլ խորհրդարանը, որը նախագահին պաշտոնանկ անելու կամ առնվազն ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ գործնական քայլեր անելու իրավասություն ունի, զգուշորեն ձեռնապահ է մնացել այդ «վտանգավոր» ձեռնարկից:

Դրանով հանդերձ Հայաստանում նախագահի հարցաքննություն տեղի է ունեցել միայն մեկ անգամ` 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ գործը վարող մարմինը ստիպված է եղել պարզաբանումներ ստանալ Ռոբերտ Քոչարյանից: Դա էլ մի այնպիսի իրավիճակում, երբ իրավապահ համակարգը չէր ենթարկվում Քոչարյանին: Անշուշտ, նրա հարցաքննությունը գործի բացահայտմանն իրական օգուտ այդպես էլ չտվեց, թեպետ ինչպես այսօր ԱՄՆ-ում, այնժամ էլ Հայաստանում հանցագործությանը մասնակից լինելու համար մեղադրվում ու ձերբակալվում էին նախագահի շրջապատի ներկայացուցիչները, ինչպես օրինակ` Քոչարյանի նախկին խորհրդական ու աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը:

Այդ միայն հետո, երբ Քոչարյանն իր բռի մեջ հավաքեց ողջ իշխանությունը, նրա շրջապատի հանդեպ իրավապահների հետաքրքրությունները անդառնալիորեն մարեցին: Ի դեպ, Հայաստանում նախագահների հարցաքննության հրաշալի առիթ պիտի դառնար Մարտի 1-ը, որի ուսումնասիրման համար ձեւավորված ԱԺ հանձնաժողովը ճշմարտության բացահայտման փոխարեն ամեն ինչ արեց՝ գործը ծածկադմբոցի վերածելու համար: ԱԺ հանձնաժողովը այդպես էլ չփորձեց բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել խորհրդարանական հարցաքննության, ինչի դիմաց իբրեւ փոխհատուցում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Նիկոյանը 6 ամսով ստացավ ԱԺ խոսնակի պաշտոնը:

Ն. Հովսեփյան




Լրահոս