Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական քոլեջի մասնաշենքն ու Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի հարակից տարածքը կապամոնտաժվեն: Երեկ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց ինստիտուտի շենքի քանդման եւ դրա փոխարեն նորի կառուցման վերաբերյալ որոշման նախագիծ:
Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքի նկատմամբ կառավարության՝ դեռեւս 2007 թվականի որոշմամբ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ, իսկ կառուցապատողն էր «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն: Սակայն ընկերության կողմից քաղաքաշինական ծրագրի իրականացումը ձախողվել էր: Տեղեկացնենք, որ «Լիդեր Մոբիլ» ընկերությունը այս տարվա մարտի 27-ին սնանկացել է: Բանն այն է, որ ընկերության տնօրեն Տիգրան Մուշեղյանը Բուզանդի 103, 105 եւ 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ 2007 թվականին կնքել է պայմանագիր:
Ըստ որի` պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել եւ նրանց տրամադրել փոխհատուցում: Փոխարենը ընկերության տնօրենը շուրջ 380 մլն 809 հազար դրամ գույքը 2008 թվականին գրավադրել է «Կոնվերս Բանկ»-ում: Ինչի դիմաց ստացած գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն ծախսել է անձնական նպատակներով:
Այս ամենի արդյունքում կառավարությունը «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի կառուցապատման իրավունքը երեկ տվեց «ՋԻ Էմ Դեվելոփեր» ընկերությանը: Այն պետք է Կենտրոն վարչական շրջանում 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենք կառուցի, իսկ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժի եւ նոր շենք կառուցի, ինչպես նաեւ բարեկարգի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացնող «Ջի Եմ Դեվելոփեր» ընկերությունը հիմնադրվել է անցած տարվա հուլիսի 27-ին: Հիմնադիրը Մամիկոն Գինոսյանն է:
Արդյո՞ք մեկ տարի առաջ ստեղծված եւ հանրությանը անհայտ մասնավոր ընկերությունը կարդարացնի իրեն եւ կկարողանա կառուցապատել տարածքները` առանց գումարները յուրացնելու, ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, նախկին փորձը օրինակելի չէ, եւ նոր ընկերության մասով երաշխիքների մասին ոչինչ հայտնի չէ:
Ս. ՀԱմբարձումյան