Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան:
«Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը` ինձ հայտնի չէ»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանից երեք ռազմական բժիշկ պետք է մասնակցեր, նշել է վրաց պաշտոնյան` հավելելով, որ նրանց բացակայությունը «էական ազդեցություն չի ունենա վարժանքների ընթացքի վրա»:
Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը, դրանց մասնակցում են Միացյալ Նահանգների ծովային հետևակի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, նշեց. «Հայաստանը երբեք էլ չի հաստատել, որ անպայման մասնակցելու է»: