Հայաստանի Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու Հայաստանը չի մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին։
«Հաշվի առնելով, որ մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է.
ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին եւ դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին: Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձեւաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել եւ մասնակցության հայտ չի ներկայացվել:
Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,- ասվում է պարզաբանման մեջ:
Այսօր վառ առավոտից քննարկվում էր «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցը: Սակայն, ՀՀ պաշտպանության նախարարությանը ժամեր էին հարկավոր պարզաբանում տարածելու համար: