«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:
Քոչարյանն իր տարակուսանքն է հայտնել, որովհետև այդ զորավարժություններին, Վրաստանը ներառյալ, մասնակցում է ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր:
«Ու այդ տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չի մասնակցել: Մեկ բան են հայտերը, և մեկ այլ բան է փաստացի մասնակցությունը. փաստացի իրավիճակը մենք տեսնում ենք՝ ընդամենը հինգ երկիր»,- նշել է փոխարտգործնախարարը:
Հարցին՝ իսկ Հայաստանի չմասնակցության համար հիմնավոր պատճառներ կայի՞ն, փոխարտգործնախարարը պատասխանել է հակադարձ հարցով՝ իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները ինչ-որ խնդիր ունե՞ն, որ չեն մասնակցել: