ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները ի նշան բողոքի արդեն երեք օր է, ինչ դպրոց չեն հաճախում: Նշենք, որ աշակերտների ծնողները պահանջում են իրենց դպրոցը չմիացնել հարեւան Արտավազդ գյուղի դպրոցին:
«Ցավալին այն է, որ մենք չենք կարողանում ծնողներին համոզել, որ գան դպրոց, դասերին մասնակցեն: Մենք արդեն սպառել ենք մեր մոտեցման բոլոր ձեւերը: Ոչ մի աշակերտ չի հաճախում դասերի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը: Ապա տեղեկացրեց, որ բոլորը ՀՀ վարչապետի՝ Կարեն Կարապետյանի՝ դպրոցների վերաբերյալ որոշումը սխալ են հասկացել: «Մեր դպրոցի ուսուցիչները դեռ երկու ամիս աշխատանքի մեջ են, ինչ աշխատանք պետք է կատարեն, որ աշխատավարձ ստանան: Պետք է մինչեւ հոկտեմբերի վերջ հաճախեն իրենց դպրոց, որին կհաջորդի աշնանային արձակուրդը, ինչից հետո պետք է տեղափոխվեն այլ դպրոց»,- տեղեկացրեց Գ. Մարաբյանը:
Իսկ ահա Փյունիկի հարեւան գյուղի` Արտավազդի դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը պնդեց, որ փյունիկցի աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է հաճախեին իրենց դպրոց: «Որոշումը դա է, բայց փյունիկցիները վրդովված են, որովհետեւ դեմ են իրենց գյուղի դպրոցի փակմանը: Կարծում եմ, որ մոտ օրերս համապատասխան աշխատանքներ կիրականացվեն՝ իրենց այս դպրոց բերելու համար: Մենք պատրաստ ենք ընդունել իրենց»,- նկատեց դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ նիստին հավանության արժանացրեց վերոնշյալ դպրոցներն իրար միացնելու մասին որոշման նախագիծը: Երկու գյուղերի դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 3.5 կմ է: ԿԳՆ-ն նախատեսում է միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտ վարձել եւ վարորդի մեկ հաստիք բացել` Փյունիկի աշակերտներին Արտավազդ տեղափոխելու նպատակով: Ի դեպ, Փյունիկի միջնակարգ դպրոցի շարժական գույքը նույնպես կփոխանցվի Արտավազդի դպրոցի հաշվեկշռին:
Լուսանկարը` hetq.am-ի:
Սյունէ Համբարձումյան