Նեղացնում են, վիրավորում են ուսուցիչներին, իսկ վերջիններս էլ լաց են լինում. Փյունիկի դպրոցի տնօրենը` դասադուլի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Փյունիկի դպրոցի աշակերտներն արդեն երեք օր է ինչ չեն հաճախում դպրոց: Բանն այն է, որ դպրոցի սաների ծնողները դեմ են Փյունիկի դպրոցի փակմանը և այս պատճառով իրենց երեխաներին չեն ուղարկում դպրոց:

ArmLur.am-ը զրուցեց Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանի հետ: «Մենք այլևս չենք կարողանում համոզել ծնողներին` իրենց երեխաներին ուղարկել դպրոց: Ծնողները մեզ զգուշացրել են, որ մենք այդ հարցով իրենց չդիմենք: Ավելին` ծնողները պահանջել են նաև, որ դպրոցի ոչ մի ուսուցիչ իրենց այդ հարցով չմոտենա: Նեղացնում են, վիրավորում են ուսուցիչների, իսկ վերջիններս էլ լաց են լինում»,-վրդովված պատմեց դպրոցի տնօրենը: Նա նաև նշեց, որ իրենք ամեն օր վաղ առավոտյան գալիս են դպրոց` աշխատանքի:

«Գալիս ենք, նստում ենք մեզ համար ու սպասում աշակերտներին: Այլ տարբերակ չկա: Սեպտեմբերի 1-ին, երբ ծնողները բողոքի ցույց արեցին, իրենց հետ հանդիպեցին նաև փոխմարզպետները և ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը: Բայց իրենց էլ չհաջողվեց ծնողներին համոզել»:




Լրահոս