ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է եւ չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է: Սակայն ի տարբերություն մյուսների՝ Արա Բաբլոյանն այդ հարցում բավական խիստ է, եւ թեկուզ մեկ անհարգելի բացակայության դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում:
Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն լիագումար նիստերին, այլ նաեւ հանձնաժողովների նիստերին: Մասնավորապես «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի հոդված 5-ի 4-րդ կետում ասվում է. «ԱԺ նիստերից, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերից կամ նրա հրավիրած խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում»: Ընդ որում, ոչ մի խմբակցության միջեւ ոչ մի տարբերություն չի դնում եւ տուգանում է անգամ իր կուսակիցներին: Օրինակ՝ երեկվա նիստում թիրախ դարձան ՀՀԿ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանն ու Արտակ Սարգսյանը: