Նախկին նախարարը հակաօրինական է համարում ասմունքողի նկատմամբ վարչարարության տեսանյութի հրապարակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադարձել է ՀՀ ասմունքող Լիանա Զուրաբյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչների միջև տեղի ունեցած ընդհարմանը, որի շուրջ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել:

Նախկին նախարարը քննադատում է ոստիկանության քայլը:

Համացանցում արված գրառման մեջ ասվում է. «Ոստիկանությունը նյութ է հրապարակել մի կին վարորդի նկատմամբ իրականացվող վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ, անվանելով այն «միջադեպ»:

Կենցաղային եզրույթները, այդ թվում՝ «միջադեպը», իրավագիտության հարթությամբ բոլորովին այլ իմաստ ու արժեք ունեն: Կենցաղային տեսանկյունից, այո՝ դա միջադեպ է, ընդ որում, հրապարակման միջոցով հանրամատչելի դառնալուց հետո դրա «հերոսների» վարքագիծը կարող է սոցցանցում, և ոչ միայն, անընդունելի, անգամ, ցավոք, ծաղրանքի արժանի լինել, սակայն դա, նախ, իրավական հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն:

Իսկ վարչական վարույթի ու վարչարարության վրա հավասարապես տարածվում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերը, այդ թվում՝ 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դատավարության հրապարակայնության սահմանափակումների վերաբերյալ դրույթները: Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, վարույթի նյութերը կարող են տրամադրվել վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա, այսինքն՝ դրանք հրապարակման ենթակա չեն: Չեմ անդրադառնում նաև մի շարք այլ փաստարկների:

Բազում օրինակներ կարող եմ բերել նաև իմ պրակտիկ աշխատանքից, երբ հիացել եմ ոստիկանների աշխատանքով, անձնազոհ կեցվածքով, սակայն լուսաբանման այս եղանակը գուցե «էֆեկտիվ է», սակայն աղերսներ ունի օրենքի հետ…»:




Լրահոս