Դեռևս երկու-երեք ամիս առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի կողմից որոշում է կայացվել հարցումներ անցկացնել, որպեսզի պարզ դառնա, թե ըստ աշխատողների` ինչ իրավիճակ է տիրում խորհրդարանում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ խոսելով ԱԺ ճաշարանի շուրջ առկա դժգոհությունների մասին:
Նա նշեց, թե բացասական արձագանքներ են եղել առաջին հերթին ճաշարանի մասին, և այդ խնդիրը շտկելու համար տրվել է ժամանակ : Այն շտկելի վիճակը, որն ակնկալվում էր, Բաբայանի խոսքով, չի կատարվել: «Դրա համար ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է մրցութային պայմանները սահմանի, որով հետագայում հնարավոր լինի անցկացնել մրցույթ: Հիմա հանձնաժողով է ստեղված, որն իրականացնում է հետազոտություններ տարբեր վայրերում, և արդեն կսահմանի, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ բուֆետը և այն պետք է համապատասխանի նորմալ պայմաններին, օրինակ` հիգիենիկ վիճակ, օդափոխություն… Երբ որ կունենանք այդ չափորոշիչները, որոնցով պետք է կարողանանք մրցույթ հայտարարել, կհայտարարենք և կկարողանան մասնակցեն բոլորը», –ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Բաբայանը:
ArmLur.am-ը զրուցեց նաև «Ազգային սնունդ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանի հետ, ով էլ խորհրդարանում իրականացնում է սննդի մատակարարումը: Նա նշեց, թե երկար տարիներ է, ինչ խորհրդարանում է աշխատում, ուղղակի ընդհատումներով է այդ աշխատանքը եղել, սակայն մի քանի անգամ իրեն հետ են կանչել:
Նա կարծիք հայտնեց, որ, միգուցե, ԱԺ նոր նախագահի դեպքում չափորոշիչներ են փոխվել, խստացումներ են առկա, սակայն հերքեց, թե իր և Արա Բաբլոյանի հարաբերությունները վատ են: Սննդի մատակարարում իրականացնող ընկերության տնօրենը դժգոհ չէ իր աշխատանքից, և մեզ հետ զրույցում նշեց, թե զրուցելով շատ աշխատակիցների հետ` բացասական արձագանքներ ևս չի ստացել:
Նաիրա Հովհաննիսյան