Ի տարբերություն հրդեհների՝ հանքարդյունաբերության հասցրած վնասն անդառնալի է. բնապահպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեղուտի հանքավայրի շահագործումը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Բնապահպաններն ահազանգում են հասցված չվերականգնվող վնասի մասին, իսկ ահա պաշտոնյաները հավատացնում են՝ հանքարդյունաբերությունը մեծապես կնպաստի տնտեսության աշխուժացմանը: ArmLur.am-ը զրուցեց «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ:

Վերջինս նշեց, որ մոտ 25 օր առաջ է Թեղուտում եղել:

«Խնդիրն այն է, որ պոչանքի մի մասը լցվում է պոչամբար, մյուս մասը բաց են թողնում Շնող գետով, և դա գնում, բաժին է հասնում գյուղացիների այգիներին: Այնտեղ պոչանքը այգիներում նստած է: Իրենք սկզբից ժխտում էին, բայց երբ փաստերն ի հայտ եկան, նրանք նշեցին, որ վնասի հատուցում կլինի:

Սակայն հետո էլ ասացին, որ չեն կարող ամեն անհատի փոխհատուցում տալ՝ նշելով, որ կօգնեն գյուղին, դպրոցին և այլն: Հետո էլ ասել էին, որ սա վերջին անգամն է, որ վթար է եղել (խմբ.-վթարն այն է, որ պոչանքի մի մասը լցվում է պոչամբար, իսկ մյուս մասը Շնող գետով բաց են թողնում Դեբետ գետ):

Այնուհետև տեղեկատվություն տարածեցին, որ իրենք մարդկանց լավություն են անում, որ եթե հիմա այս վթարները չանեն հետո խոշորածավալ վթար կլինի, որը Շնող գյուղի համար կլինի աղետ՝ ասելով, որ յուրաքանչյուր 3 տոննա պոչանքը խառնված է մոտ 3 տոննա և մի քիչ ավել ջրի հետ, և եթե դա միանգամից լցնենք պոչամբարը, ապա այն կպայթի»,-ArmLur.am-ին ասաց Հակոբ Սանասարյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ հանքավայրում հայտնվելը բավական բարդ գործընթաց է. «Ժամանակին պարբերաբար առաջարկվեց ստեղծել հանձնաժողով՝ թափոնների խնդիրների հետ կապված: 5 տարի այդ հարցը քննվել է, այս տարի այդ հանձնաժողովը ստեղծվեց, դրա կազմում լինելով` կարողացա մտնել և պոչամբարը տեսնել: Միայն այդ ճանապարհով: Հանքավայր մուտք գործելու համար մեզանից պահանջում են հայտ ներկայացնել, սակայն սա անընդհատ ձգձգվել է ու չի եղել», – ընդգծեց «Կանաչների միության» նախագահը:

ArmLur.am-ի  այն դիտարկմանը, որ հանքարդյունաբերությունը, ինչպես նաև վերջին շրջանում անտառների լայնածավալ հրդեհները մեծ վնաս են հասցնում բնությանը, պարոն Սանասարյանը փաստեց.

«Ինչ վերաբերում է հրդեհներին, մի կողմ դնելով Խոսրովի արգելոցը, որտեղ ոչ բոլոր ծառատեսակները կվերականգնվեն, ապա հարյուրավոր տարիների ընթացքում անտառը կարող է վերականգնվել: Իսկ հանքարդյունաբերության դեպքում կորուստներն անդառնալի են»:

Լուսինե Առաքելյան




Լրահոս