ՀՍ. ԿՈՐԵԱՆ ՇԻԿԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային իրադրությունն այս օրերին անչափ լարված է՝ պայմանավորված Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակով: Միջուկային զենք ունեցող այս աղքատ ու բռնապետական երկիրը դարձել է սպառնալիք ոչ միայն Կորեական թերակղզու եւ Արեւելյան Ասիայի, այլեւ ողջ աշխարհի համար: Եվ եթե նախկինում համաշխարհային առաջնորդները զսպվածությամբ էին վերաբերվում Հս. Կորեայի նկատմամբ, ապա ԱՄՆ նախագահ եւ զսպվածությունը շքեղություն համարող Թրամփն ակներեւաբար բենզին է լցնում շիկացող կրակի վրա:

ԱՄՆ նախագահը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Հյուսիսային Կորեան շարունակի սպառնալիքներ տեղալ եւ հրթիռային փորձարկումներ իրականացնել, ապա արժանանալու է խիստ պատասխանի: Թրամփը բառացիորեն հայտարարեց, որ Հս. Կորեան կստանա այնպիսի «կրակ ու ցասում», որպիսին երբեւէ չի տեսել: Ավելին՝ օրեր անց նախագահը համացանցում արված գրառմամբ տեղեկացնում էր, որ ռազմական լուծումներն արդեն մշակված են ու պատրաստված՝ ցանկացած պահի հարցը արագ լուծելու համար: Թրամփի այս հայտարարությունը հարուցեց համաշխարհային առաջնորդների հրատապ արձագանքը: Չինաստանի նախագահ Սին Ծինպինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդեն իսկ խոսել են Հս. Կորեայի շուրջ առաջացած ճգնաժամը խաղաղ մեթոդներով մեղմելու անհրաժեշտության մասին: Թրամփը այդ առթիվ հասցրեց մասնավոր զրույցներ ունենալ Մակրոնի ու Ծինպինի, ինչպես նաեւ Գուամի նահանգապետի հետ: Գուամը Կորեական թերակղզու մոտ գտնվող կղզիներից մեկն է, որի նկատմամբ ԱՄՆ-ն ունի պրոտեկցիոն իրավունքներ: Կղզում Միացյալ Նահանգները տեղակայել է նաեւ իր ռազմաբազան՝ սանձելու Հս. Կորեայի ախորժակը: Վերջինը, ի դեպ, տարածվում է նաեւ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի նկատմամբ, եւ եթե առաջին հրթիռային հարվածի առաջին թիրախը համարվում է Գուամը, ապա երկրորդն ու երրորդը անխուսափելիորեն Հվ. Կորեան ու Ճապոնիան կլինեն: Ի դեպ, այս երկրներում իշխանությունները ռազմական ուժերը բերել են արտակարգ պատրաստվածության ռեժիմի՝ ամեն վայրկյան Հս. Կորեայի հետ ռազմական բախման սպասումով:
Կարծիք կա, որ աշխարհում այլեւս երկու գործիչներ կան, որոնց անպատասխանատու ձեռքը միջուկային զենքի կոճակի վրա է՝ նկատի ունենալով Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին: Վերջինիս հոր եւ պապու ժամանակներից երկրում ձեւավորված է այնպիսի բարոյա-հոգեբանական մթնոլորտ, որպիսին չի հանդիպում աշխարհի եւ ոչ մի երկրում: Սերժ Սարգսյանի եւ Պնախարար Վիգեն Սարգսյանի երազած ազգ-բանակը բառացիորեն ստեղծված է Հս. Կորեայում, որտեղ բոլոր մարդիկ զինվոր են՝ լվացված ուղեղներով պատրաստ ոչնչացնել յուրաքանչյուրին, ով կսպառնա իրենց առաջնորդի բարօրությանը: Այստեղ գոյություն ունի միայն մեկ թերթ եւ մեկ հեռուստաընկերություն, որոնց համար որեւէ այլ թեմա գոյություն չունի, բացի երկրի առաջնորդն ու նրա գործունեությունը: Ամերիկացի լրագրող Սուկի Կիմը, որը որպես ուսուցիչ աշխատել է Հս. Կորեայում, բացատրում է, որ այդ երկիրն ու նրա ժողովուրդը վերածված են կրոնական համայնքի՝ պաշտամունքի հիմնական առարկան ունենալով Կիմ Չեն Ընին: Լրագրողը պատմում է նաեւ, որ սովորական քաղաքացիները չգիտեն՝ ինչ են համակարգիչն ու համացանցը: Ըստ նրա՝ անգամ երկրի ներսում ճանապարհորդել հասկացությունը գոյություն չունի: Փոխարենը ստեղծված է վերահսկողության մի անտանելի մեխանիզմ, երբ յուրաքանչյուր քաղաքացի շաբաթական մեկ անգամ պարտավոր է տեղեկություններ հաղորդել իր ընկերների մասին համապատասխան մարմիններին: Ստեղծված է մի համակարգ, որտեղ մարդու ինքնուրույն մտածողությունը լիովին ճնշված է՝ ենթարկված առաջնորդի կամքին: Եվ ահա վերջինս, ըստ էության, ոչինչ չունի կորցնելու, որովհետեւ երկիրը գտնվում է խայտառակ աղքատության մեջ, եւ միջուկային զենքի սպառնալիքով է հայթայթում որոշակի նյութական միջոցներ: Բացի այդ՝ Չեն Ընը ակնհայտորեն հոգեպես անհավասարակշիռ գործիչ է, որի նկատմամբ նույնիսկ Չինաստանն է կորցրել իր վերահսկողությունը:
Թրամփի շուրջ ստեղծված իրավիճակը անհամեմատ ավելի բարդ է: Նրա համար կորեական պատերազմը կարող է դառնալ անփառունակ մի ձախողում, ինչպես Վիետնամը՝ Լինդոն Ջոնսոնի կամ Իրաքը՝ Ջորջ Բուշ Կրտսերի համար: Միաժամանակ պատերազմը Թրամփի համար կարող է ինչ-որ առումով փրկօղակ լինել: ԱՄՆ նախագահը չի կարողանում հաղթահարել ներքին հակասություններն ու վերադառնալ վարչակազմի սովորական աշխատանքային բնույթին: ԱՄՆ ԶԼՄ-ները իրենց ամենօրյա սկանդալային բացահայտումներով՝ մի կողմից, ԱՄՆ իրավապահների հետաքննությունը ռուսական հետքի շուրջ՝ մյուս կողմից, կաթվածահար են արել Թրամփի վարչակազմի աշխատանքը: Վերջապես, նախագահը ակնհայտորեն անկարող է կոնկրետ քաղաքական առաջնահերթություններ մշակելու եւ հստակ քաղաքականություն վարելու հարցերում: Երբ նա չի կարողանում քաղաքական հարաբերություններ կառուցել իր ավանդական դաշնակիցների հետ, չգիտի ինչպես դուրս գալ Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների անորոշությունից, ռազմական գործողությունները մի թույլ պետության դեմ վերածվում են լիովին ընդունելի լուծման: Հարկ է ուշադրություն դարձնել հատկապես այն հանգամանքին, որ Թրամփի անմիջական խորհրդատուների ճնշող մեծամասնությունը նախկին գեներալներն են: Անգամ նրա աշխատակազմի ղեկավարն է նախկին գեներալ, որի ազդեցությունը նախագահի վրա թե՛ անձնապես, թե՛ ի պաշտոնե, չափազանց մեծ է: Շրջապատված լինելով գեներալներով՝ Թրամփը օրինաչափորեն պիտի նախընտրի ռազմական լուծումները՝ մերձավոր շրջապատում չստանալով անհրաժեշտ հակառակ հիմնավորումները:
Շարունակելի

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

2 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԳՈՐԾԱՐԿՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԼՎԵԼ Է
2013 թվականին Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական էր զոհվել, 11 հոգի վիրավորվեցին, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Դեպքից հետո այդ հատվածում շրջանցիկ ճանապարհի գործարկումը հրատապ խնդիր դարձավ, որի համար գործադրվեցին հսկայական ջանքեր: Տեղեկացնենք, որ սույն ճանապարհի շինարարության մրցույթը շահեց, եւ այն կառուցում էր Իջեւանի ՃՇՇ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2014թ. հունիսին, սակայն այն գործարկվեց նախատեսվածից մեկ տարի ուշ՝ 2015թ. հուլիսին: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվեց շուրջ 535 միլիոն դրամ: Շրջանցիկ ճանապարհը կոչված է ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մ երկարությամբ եւ 5.5 մ լայնությամբ պատ:
Նշենք, որ այդ ճանապարհը 6 ոլորաններ ունի, ոլորաններում վարորդների տեսադաշտը նեղ է: Մարդիկ խուսափում են ոլորապտույտ այդ ճանապարհից, գերադասում են երթեւեկել սահմանամերձ տարածքով ձգվող հիմնական ճանապարհով: Շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո սողանքից ասֆալտի ծածկում ճեղքեր առաջացան, որի պատճառով հետո քանդվեց անվտանգության առումով կարեւոր ճանապարհի մի հատված: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին 2016թ.-ին «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ճանապարհի նախագծող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն նախագիծ կազմելիս ինչո՞ւ չի ուսումնասիրել տեղանքը, որպեսզի բացահայտեր սողանքի վտանգը: Ա. Արշակյանն ասաց, որ գիտության ներկայիս մակարդակը թույլ չի տալիս սողանքի վտանգը բացահայտող նման կանխատեսումներ անել: Ու ստացվում է, որ Աստծո հույսին ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհ է կառուցվել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ն կատարում է 2 տարի առաջ գործարկված շրջանցիկ ավտոճանապարհի սողանքից քանդված հատվածի նորոգումը: Բանվորները քանդված հատվածի ներքեւի մասում խճաքարերից գամբիոններ են սարքում: Ճանապարհաշինական ընկերության տնօրեն Գագիկ Ադամյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվելու է 25 կամ 26 միլիոն դրամ, ճանապարհաշինական ընկերությունը դեռեւս գումարը չի ստացել: Նա ասաց, որ ծրագրով նախատեսված է ճանապարհի վերանորոգումն ավարտել այս տարվա նոյեմբերին, սակայն հավանական է, որ նորոգումն ավելի շուտ կավարտեն: Նորոգման աշխատանքների պատճառով շրջանցիկ ավտոճանապարհը չի փակվել, այն երթեւեկելի է: Հուսանք՝ գոնե այս նորոգումը ավտոճանապարհին երկար ժամանակ շահագործելու հնարավորություն կտա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԸՆԴԴԵՄ
ԼՐԱԳՐՈՂԻ
Երեկ հարձակում է եղել «Ազատություն» ռ/կ նկարահանող խմբի մեքենայի վրա: «Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանը մեկնել էր Սեւան` նկարահանելու շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները: Գազալցակայաններից մեկի մոտ սեւազգեստ մի երիտասարդ, տեսնելով աշխատող տեսախցիկը, խիստ ագրեսիվ պահվածք է դրսեւորել, հարվածել ու վնասել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Ավելի ուշ ոստիկանությունում լրագրողը բողոք-դիմում է գրել, որից հետո բերման է ենթարկվել նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտած երիտասարդը: Առայժմ, սակայն, որեւէ քրեական գործ չի հարուցվել, թեեւ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել` անթույլատրելի համարելով լրագրողի աշխատանքը խոչընդոտելը:

 

 
ԵՐԵԽԱ ԵՆ ԳՏԵԼ
Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում երեկ նորածին աղջիկ երեխա է հայտնաբերվել: Ովքեր են երեխայի ծնողները, դեռ հայտնի չէ. իրավապահները հետաքննություն են իրականացնում՝ հասկանալու համար դեպքի հանգամանքները, իսկ այդ ընթացքում նորածնին տեղափոխել են բժշկական կենտրոն՝ հետազոտության հասականալու համար՝ արդյո՞ք նորածինը խնդիրներ ունի, թե՞ ոչ:

 

 

ՏԽՈՒՐ ՀԵՌԱՆԿԱՐ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի համար առանցքային ժողովրդագրական խնդրին: Ըստ նրա՝ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում 2025-ը Հայաստանը կդիմավորի նվազած եւ ծերացող բնակչությամբ, իսկ 2050-ին ՀՀ բնակչությունը ընդամենը մոտ 2 միլիոն կլինի: Խոսելով ժողովրդագրական վիճակի հետեւանքների մասին՝ նա նշել է. «Հետեւանքների մասին բազմիցս խոսվել է: Ծերացող հասարակություն, որում գնալով մեծանում է սոցիալական բեռի ծավալը, ամեն տարի ավելանում է մեկ աշխատանքային տարիքի մարդուն բաժին հասնող սոցիալական բեռը՝ ի դեմս տարիքավոր եւ անաշխատունակ մարդկանց քանակի, երկրում նվազում է կամքը, խիզախումը, նվազում է նախաձեռնողականությունը, ֆիզիկական եւ բարոյական պաշտպանունակությունը, մեծ ծրագրերի սնուցումը, կրթության եւ գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը, մեծանում կախվածությունը, սոցիալական հոգնածությունը, հնազանդությունը: Տարիքային խմբերի անհամամասնությունը նվազեցնում է գիտելիքի եւ փորձի ժառանգորդման հնարավորությունները: ՀՀ-ում հաշվառման մեջ գտնվող բնակչության մասին պաշտոնական վիճակագրության տվյալներից ակնհայտ երեւում է, որ բնակչության գործնական նվազումն սկսվում է 30 տարեկանների խմբից»:




Լրահոս