ArmLur.am-ը շարունակում է իր «Հիշողության թարմացում» շարքը` անդրադարձ կատարելով ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակին:
Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, 2016թ. ապրիլի 4-ին՝ Թալիշում՝ ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանը ստացել էր ոտքի բեկորային վնասվածք, ապա մայիսի 13-ին գլխի հրազենային ծանր վիրավորում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կրթաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Հովհաննես Պողոսյանի մայրը՝ տիկին Գայանեն տեղեկացրեց, որ ամռան շոգ եղանակի պատճառով Հովհաննեսը վերականգնողական կենտրոն չի կարողանում գնալ:
Տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարությունը փոխանցել է Հովհաննեսի գլխի պլաստիկ վիրահատության գումարը, որը կազմում է 75 հազար դոլար: Վիրահատությունը կկատարվի սեպտեմբեր ամսին «Նաիրի» Բժշկական կենտրոնում:
«Ահավոր ծանր վիրահատություն է սպասվում, չեմ համբերում, թե երբ պետք է այդ օրը գա ու անցնի գնա: Մտածում եմ կարող է Հովոս էլի ընկնի կոմայի մեջ, հազար բան է մտքովս անցնում: Հովոս օրերն է հաշվում, թե երբ պետք է գա այդ օրը, ասում է գլխարկներից արդեն հոգնել եմ: Դե աջ ձեռքը էլի չի աշխատում, բայց քայլվածքը փոխվել է, խոսքը բացվել է, ուղղակի դեռ տառերից խեղճանում է, չի հիշում»,-ասաց մայրը:
Հավելենք, որ Հովհաննեսն իր ընտանիքի հետ ապրում է Երևանում վարձակալված բնակարանում:
Լիդա Եղիազարյան