ՄԻՊ-Ը ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանությունների միջեւ լուրջ բախում է հասունանում: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմենի ինստիտուտին դեմ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քանի որ ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող օմբուդսմենը, այն տարբերությամբ, որ զբաղվելու է միմիայն գործարարների շահերի պաշտպանությամբ: Թաթոյանն արդեն հասցրել է դեմ արտահայտվել կառավարության այս մտադրությանը` որակելով այն ՀՀ Սահմանադրության խախտում. «Դեմ եմ եւ կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- դեռ հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, ասել էր նա: Քանի որ արդեն պատրաստ է օրինագիծը, երեկ «Ժողովուրդ»-ը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվեց` արդյո՞ք Թաթոյանը շարունակում է դեմ լինել նոր կառույցի ստեղծմանը, եւ մի՞թե սա չի նշանակում օմբուդսմենի դիրքերի թուլացում:
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պնդել, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Այս նոր կառույցի ստեղծումը առաջ է բերելու երկու մարմինների գործառությունների կրկնություն, ինչը կլինի խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից»,- օմբուդսմենի գրասենյակից փոխանցեցին Թաթոյանի պատասխանը: Ու հիմա հետաքրքիր է` արդյո՞ք Արման Թաթոյանը թեկուզ «ամենավատ կադր» կոչվելու գնով կշարունակի պայքարել նոր օմբուդսմենի ինստիտուտի դեմ հենց իր իրավունքների պաշտպանության համար, թե մի քանի հրապարակային հայտարարություն հնչեցնելուց հետո կհամակերպվի իր կողքին եւս մեկ օմբուդսմենի գոյությանը` վերջնականապես ընդունելով «մարդու իրավունքների կիսապաշտպան» որակումը:

 

 
Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեն, թե Aeronautics Defense Systems ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները. Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառած ընկերության ղեկավարությունը դրանք փորձարկել է հայկական դիրքերի վրա: Թեեւ այս ընկերությունը կտրականապես հերքել է լուրերը, բայց Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել: Ռազմաքաղաքական եւ միջազգային հարցերով իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդ դեպքի հետ կապված մանրամասներ առհասարակ չեն հրապարակվում, սակայն, որպես կանոն, վաճառքի թույլտվություն, հատկապես, կոնֆլիկտային գոտիների դեպքում, տրվում է պայմանով, որ չի թույլատրում որեւէ մասնակցություն վաճառված սպառազինության փորձարկմանը: Իհարկե, նման միջադեպերը կարող են իրենց ազդեցությունը թողնել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, հենց այդ պատճառով էլ այժմ հետաքննություն է տարվում՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:

 

 

 
Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե հանցագործությունները հասարակության մեջ սոցիալական երեւույթ են, եւ դրանց պատասխանատուն գործող իշխանությունն է: «Սոցիալական դեգրադացիան հասարակությանը սպանում է, սոսկալի հիվանդություն է,- ասել է նա` հավելելով,- խնդիրը լուծելու համար հասարակությանը պետք է բուժես, ոչ թե ոստիկաններին կանգնեցնես կամրջի տակ: Ոստիկանությանը այնքան հարցերի մեջ կարող եք մեղադրել, բայց այս երեւույթների համար ոստիկանությանը մեղադրելը սխալ է, ինքը այդ լծակները չունի: …Իշխանությունը անտերի նման թողնում է մարդուն, որը իր օգնության կարիքն ունի: Հասկանում եք՝ հատակի տիղմը բարձրացել է հասարակության վերեւ, ամեն ինչ խառնվել է իրար»:

 

 

 
Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի. աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան ու այստեղ շահագործվում: Հետեւանքները պարզ է` նախ եւ առաջ ախտոտվում է օդը՝ դառնալով տարբեր հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի առաջացման պատճառ: Որոշ ժամանակ առաջ Հայաստան ավտոմեքենաներ ներկրող ընկերությունները այս առիթով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին, քննարկել իրավիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ստեղծվել է երկկողմանի աշխատանքային խումբ, որը մշակում է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Բայց մյուս կողմից նկատենք` մեր քաղաքացիները վճարունակ չեն, հետեւաբար թանկարժեք մեքենաների գնորդներ, մեղմ ասած, դժվար է գտնել: Այնպես որ, հայտնվել ենք երկու քարի արանքում:

 

 

 
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՐՑԱԽԸ
Այդպես էլ պարզ չդարձավ, թե Սերժ Սարգսյանը որտեղ անցկացրեց իր երկշաբաթյա արձակուրդը: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն ասված էր, թե արձակուրդի մի մասը Սերժ Սարգսյանը կանցկացնի արտերկրում, իսկ թե կոնկրետ ո՞ր երկրում, մնաց անհայտ: Սա, բնականաբար, հասարակության մեջ տարբեր ասեկոսեների ու ենթադրությունների տեղիք տվեց, մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանն արձակուրդներն անցկացնում է իր խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն առողջարանային քաղաքում:
Մինչդեռ, նկատենք, որ աշխարհի շատ պետություններում ընդունված կարգ է` բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց խոսնակների միջոցով տեղեկացնում են արձակուրդի ընթացքում իրենց գտնվելու վայրի մասին, շատերը նաեւ լուսանկարներ են հրապարակում հանգստից: Ի վերջո, սա ոչ միայն տարրական հարգանք է սեփական քաղաքացիների հանդեպ, այլեւ այդպես պաշտոնյաները հաշվետու են լինում ընտրողների առաջ: Այդպես են վարվում բոլոր նորմալ պետությունները: ՌԴ նախագահ Պուտինի` արձակուրդների ընթացքում ստորջրյա որսով զբաղվելու լուսանկարները վերջերս ողողել էին համացանցը: Այդ թափանցիկության, հաշվետվողականության արդյունքում նաեւ իմացանք, որ ԱՄՆ նախագահ Թրամփն արձակուրդներն անցկացրել է Նյու Ջերսի նահանգի իր գոլֆ ակումբում: Այդպես են վարվում նաեւ եվրոպական երկրների ղեկավարները, ընդ որում, պետության ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ ու երրորդ դեմքերը:
Հուրախություն մեզ, նորմալ երկրներում ընդունված այս ավանդույթին հետեւում են նաեւ Արցախի Հանրապետության պաշտոնյաները: Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեռ արձակուրդ չի մեկնել, փոխարենը ամառային հանգստի մեջ է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Եւ հենց Արցախի վարչապետի շնորհիվ պարզ դարձավ, թե ինչպես է այնտեղ իր հանգիստն անցկացնում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: ԼՂՀ կառավարությունը հրապարակել է լուսանկարներ` տեղեկացնելով, որ Արայիկ Հարությունյանը դիմավորել է Կարեն Կարապետյանին, նրանք փոքր շրջայց են կատարել` ծանոթանալով տնտեսական մի շարք նախագծերի: Հաջորդ օրն էլ արդեն հրապարակվել են լուսանկարներ այն մասին, թե ինչպես են Կարեն Կարապետյանն ու Արայիկ Հարությունյանը սկուտեր վարում (ի դեպ, ժամանակին հենց կորեական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը ցողունային բջիջների եւ երիտասարդացման թերապիա է անցել):
Եւ, ընդհանրապես, մեկ անգամ չէ, որ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական արժեքներին հետեւելու հարցում մեկ քայլ առաջ է Հայաստանից: Այդ մասին բազմիցս խոստովանել են նույն Հայաստանի իշխանությունները՝ խոսելով Արցախում անցկացված համապետական ընտրությունների որակի մասին: Այնպես որ, Հայաստանն Արցախից սովորելու դեռ շատ բան ունի:
Հ.Գ. Կմտածեք՝ ՀՀ վարչապետի` Արցախում հանգիստն անցկացնելու եւ լուսանկարները տարածելու քայլը նաեւ քաղաքական PR է: Համաձայն ենք, բայց այսպես ավելի շատ գովազդվում են ոչ թե պաշտոնյաները, այլ հենց Արցախը՝ որպես տուրիզմի համար հրաշալի վայր:




Լրահոս