ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեն, թե Aeronautics Defense Systems ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, որոնք եղել են ԱԹՍ-ներ վաճառելու թույլտվություն տալու ժամանակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ առաջացրած միջադեպին, այս մասին նշեց ռազմաքաղաքական եւ միջազգային հարցերով իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին:

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող «Aeronautics Defense Systems» իսրայելական ընկերության պատվիրակությանը Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ փորձարկել, սակայն իսրայելական պարբերականի հաղորդմամբ՝ ըներության օպերատորները, չնայած պատվիրակության ղեկավարների ճնշմանը, հրաժարվել են, որից հետո հենց վերջիններս իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա:
Նույն աղբյուրը հայտնում է, թե ղեկավարության պահանջը չկատարած օպերատորներից մեկն արդեն հեռացել է ընկերությունից, մյուսն էլ պատրաստվում է: Հետաքրքիր է, որ ըստ աղբյուրի՝ իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը՝ նշելով, թե ԱԹՍ-ն կառավարել է գնորդը, այսինքն՝ Ադրբեջանը, իսկ Իսրայելի ՊՆ-ն որեւէ մեկնաբանություն չի տալիս՝ միայն նշելով, թե հետաքննություն է ընթանում: Ըստ նույն աղբյուրի՝ միջադեպը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ, երբ իսրայելական ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում էր: Հակառակորդ երկրի ՊՆ-ն նախատեսում էր այդ հարձակումը տեսագրել եւ հրապարակել՝ ադրբեջանական բանակի հնարավորությունները ցույց տալու համար:
Սակայն փորձագետ Յակով Կեդմիի խոսքով՝ իսրայելական ոչ մի ընկերություն իրավունք չունի նման փորձարկում կատարել կոնֆլիկտային գոտու ուղղությամբ:
«Ժողովուրդը» միջադեպի եւ հնարավոր հետեւանքների մասին զրուցել է իսրայելցի փորձագետի հետ:
-Պարո՛ն Կեդմի, Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր մատակարարող ընկերության գործողությունները: Նշվում է, որ իսրայելցի օպերատորները հրաժարվել են այդ սարքերը հայկական դիրքերի դեմ փորձարկել, ինչից հետո հենց ընկերության ներկայացուցիչներն են նման բան արել: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միջադեպը, եւ այն ի՞նչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ:
-Թերեւս մեր իշխանությունները կասկածներ ունեն, որ տվյալ ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, որոնք հստակ եղել են անօդաչու թռչող սարքեր վաճառելու թույլտվություն տալու ժամանակ: Այդ դեպքի հետ կապված մանրամասներ առհասարակ չեն հրապարակվում, սակայն, որպես կանոն, վաճառքի թույլտվություն, հատկապես, կոնֆլիկտային գոտիների դեպքում, տրվում է պայմանով, որ չի թույլատրում որեւէ մասնակցություն վաճառված սպառազինության փորձարկմանը: Իհարկե, նման միջադեպերը կարող են իրենց ազդեցությունը թողնել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, հենց այդ պատճառով էլ այժմ հետաքննություն է տարվում՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
-Իսկ հարաբերությունների զարգացման ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ:
-Իսրայելը լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ: Ադրբեջանի հետ Իրանի պատճառով առավել սերտ են հարաբերությունները պաշտպանության ոլորտում, եւ նախադրյալներն էլ շատ լավն են: Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նախադրյալներ կան գրեթե բոլոր ոլորտներում, խնդիրը միայն տնտեսական ծրագրերի ֆինանսավորման մեջ է: Հիմա Իսրայելը լավացնում է հարաբերությունները Հայաստանի հետ, իհարկե, այդպիսի միջադեպերը բացասական ազդեցություն ունենում են, հենց այդ պատճառով էլ հետաքննությունը տարվում է, եւ կտա բոլոր հարցերի պատասխանները:
-Ղարաբաղյան կոնֆլիկտի կրկին սրացման դեպքում Իսրայելն ինչպիսի՞ քաղաքականություն կվարի: Մեզ մոտ շատ քննարկվեց այն հարցը, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, որն օգտագործվել է նաեւ նախորդ տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ:
-Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված Իսրայելը չեզոք դիրք ունի. ե՛ւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ե՛ւ Եվրոպայի պես կարծում է, որ այդ հարցը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով: Կոնֆլիկտի հնարավոր սրացման դեպքում Իսրայելն իրեն կպահի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պես, կպահպանի չեզոքություն եւ ոչ մի կերպ չի մասնակցի այդ հակամարտությանը: Իսկ ինչ վերաբերում է նախորդ տարվա դեպքերին, ապա Իսրայելը միայն սպառազինության մի քանի տեսակ է վաճառել Ադրբեջանին:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խանգարում Հայաստանին Ադրբեջանի պես զենք գնել նաեւ Իսրայելից:
-Ես չգիտեմ՝ արդյոք դրա համար բացի ֆինանսականից, այլ պատճառներ կան, թե ոչ: Պարզ է, որ Հայաստանն Ադրբեջանի պես հարուստ չէ: Բացի այդ, սպառազինության հիմնական տեսակներ Հայաստանը շահեկան պայմաններով գնում է Ռուսաստանի Դաշնությունից: Մենք թերեւս չենք արտադրում Հայաստանին անհրաժեշտ սպառազինության տեսակներ, կամ էլ մեր զենքերն այնքան մատչելի չեն: Հայաստանն իրավունք ունի գնելու կամ չգնելու զենք այնպես, ինչպես Ադրբեջանը:

 

 

 

 
ԴՐԱՅՎԸ ՄԱՐԱԾ ՆԻՍՏԸ

Չնայած կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 37 հարց, սակայն այն սովորականից շատ կարճ տեւեց՝ գրեթե 20 րոպե: Պատճառներից մեկը թերեւս այն էր, որ երեկվա նիստում պարզ պատճառով չհնչեցին վարչապետ Կարեն Կարապետյանի ավանդական դարձած հանձնարարականները: Վերջինս կարճատեւ արձակուրդում է, եւ վարչապետի փոխարեն երեկվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Սակայն միայն վարչապետը չէ, որ արձակուրդում է. երեկվա նիստին մասնակցում էին մեծ թվով փոխնախարարներ, քանի որ նրանց վերադասներն էլ էին արձակուրդում:

Նախ նկատենք, որ կառավարության՝ կարճ նիստեր անցկացնելու սովորությունը ներդրել է հենց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ նիստերից մեկի ժամանակ նկատեց, որ դրանք չափազանց երկար են տեւում, իսկ նիստերում էլ հաճախ նախարարները երկար-բարակ զեկուցում են հարցեր, որոնց պարտադիր չէ այդքան ուշադրություն դարձնել: Կարապետյանի խոսքով՝ տեխնիկական բնույթի եւ հանրության կողմից հետաքրքրություն չներկայացնող հարցերը նիստում չպետք է քննարկվեն:
Եվ հենց այդ պատճառով էլ կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկվում են հարցեր, որոնք համարվում են չզեկուցվող, եւ դրանց կառավարության նիստում սովորաբար անդրադարձ չի լինում: Սա կառավարությանը հնարավորություն է տալիս որոշ հարցերում մանեւրել, խուսափել ավելորդ մեկնաբանություններից եւ գլխացավանքներից: Որպես կանոն՝ զեկուցվող հարցերի թվում այնպիսիններն են, որոնք կառավարության աշխատանքը գովելու տեղ են թողնում, իսկ մյուսներից փորձում են խուսափել՝ դրանք չզեկուցվողների թվին դասելով: Եվ հենց այս պատճառով էլ կառավարության նիստերն այդքան կարճ են տեւում. հարցերի կեսը կամ ավելին սովորաբար չզեկուցվող են լինում:
Օրինակ՝ կառավարության երեկվա օրակարգային 37 հարցերից 28 հարց չզեկուցվող էր, երկու հարց էլ նախապես օրակարգից հանել էին: Այսինքն՝ երեկվա նիստում զեկուցվել է ընդամենը յոթ հարց, որոնցից մեկը վերաբերել է աշխատանքային օր տեղափոխելուն, մյուսը՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելուն, նախորդ մի քանի որոշումներում փոփոխություններ կատարելուն: Սակայն պետական գույքերի մասնավորեցման, քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու, ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ հերթական վճռի մասին ոչ մի խոսք: Եվ այսպես է լինում կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստում. շատ կարեւոր հարցեր փորձում են թաքցնել, իսկ «դրական» նախագծերն էլ ի ցույց դնել եւ գովաբանել:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
«ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ»-ԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Իշխանությունների հովանավորությունը վայելող բուքմեյքերական ընկերությունները գլխացավանք են դարձել շատ-շատերի համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Արմենմոտոր» ՓԲԸ-ն, որը զբաղվում է Էլեկտրաշարժիչների, էլէկտրատեխնիկայի արտադրությամբ, 2017 թվականի մայիսի 26-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդահանուր իրավասության դատարան ընդդեմ «Վիվառո գրուպ» ՍՊԸ-ի` պահանջելով բուքմեյքերական ընկերությունից գանձել 13,5 միլիոն դրամ: Որտեղից են առաջացել երկու ընկերությունների միջեւ գումարային այս հարցերը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց, սակայն նկատենք, որ «Վիվառո գրուպ» ՍՊԸ-ն օրերս էլ նախազգուշացվել էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, պատճառը ընկերության կողմից թույլ տրված օրենսդրական խախտումներն էին: Մի խոսքով, խաղամոլություն քարոզող այս ընկերությունը հաճախ է օրենքի հետ խնդիրներ ունենում:

 

 

 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն երեք օր է, ինչ արձակուրդ է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին եւ խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել:

 

 

ՄՆԱՑ ԲՀԿ-Ն
Ինչպես հայտնի է՝ Գյումրու ավագանում 4 մանդատ ունեցող «ԳԱԼԱ» կուսակցությունը հայտարարել է բոյկոտը դադարեցնելու մասին եւ որոշում կայացրել մասնակցել Գյումրու ավագանու նիստերին: Բոյկոտը դադարեցնելու մասին որոշում ընդդիմադիր ուժերից դեռ ամիսներ առաջ կայացրել էր նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Սակայն, ինչպես երեւում է, ավագանու անդամ մյուս խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, դեռեւս այն բոյկոտելու հետ կապված որեւէ որոշում չունի: Կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. «Կուսակցության քաղաքական խորհուրդն այդ հարցը դեռեւս չի քննարկել: Առաջիկայում կքննարկենք եւ մեր որոշումը կհրապարակենք»:
Հիշեցնենք, որ Գյումրիում 2016 թվականի հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ «Բալասանյան» դաշինքը: Մյուս ընդդիմադիր ուժերն էլ որոշեցին բոյկոտել՝ չներկայանալով ավագանու նիստերին: Սակայն, ի տարբերություն, Վանաձորի, այս դեպքում ոչ բոլորն էին սկզբունքային:




Լրահոս