Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում քաղաքական քաոսը կրկին գլուխ է բարձրացրել, եւ դրա կենտրոնում նորից հայտնվել է նախագահ Դոնալդ Թրամփը: Այս անգամ հարցը կարծես բավականին լուրջ է՝ կապված ռասիզմի նորօրյա դրսեւորումների հետ, ինչը Միացյալ Նահանգներում չափազանց նուրբ խնդիր է: Թրամփի վերաբերմունքը Վիրջինիա նահանգում տեղի ունեցած իրադարձություններին զայրացրել է ամերիկյան հասարակության գրեթե բոլոր շերտերին՝ հանդիպելով անգամ նախկին նախագահ Օբամայի անուղղակի կշտամբանքին:

Հիշեցնենք, որ օրերս ամերիկացի ռասիստները ցույց էին կազմակերպել Վիրջինիա նահանգում, որի ընթացքում տեղի էին ունեցել ծանր բախումներ. 3 մարդ զոհվել էր, տասնյակները՝ վնասվածքներ ստացել: ԱՄՆ ողջ հասարակական-քաղաքական դասը դատապարտեց կատարվածը՝ ընդգծելով ռասիզմի մերժելիությունը: ԱՄՆ-ում 1960-ականներին ռասիզմի դեմ ընթացած դաժան պայքարը խորը հետք է թողել հասարակության ու պետա-քաղաքական էլիտայի մտածողության վրա, եւ բոլորն են հասկանում, որ այդ պայքարի սահմանած նշաձողից շրջադարձը բացառվում է: ԱՄՆ-ում մաշկի գույնով պայմանավորված ատելությունը, թվում էր, հաղթահարվեց 44-րդ նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ, սակայն այսօր արդեն պարզ է, որ խնդիրը սոսկ քողարկված էր: Եվ իրավամբ, Թրամփի հաղթանակը ցուցիչ էր, որ ԱՄՆ-ում հասարակական տրամադրությունները ռադիկալացել են՝ առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառը շեղելով դեպի ազգային, էթնիկ, ռասիստական եւ նմանատիպ այլ ուղղություններով: Թրամփը բացեիբաց անվանարկում էր մահմեդականներին, ատելություն սերմանում ներգաղթյալների նկատմամբ եւ այլն, բայց ստանում էր ընտրողների աջակցությունը, ինչը իսկապես խորհելու տեղիք էր տալիս: Ներկայումս, արդեն, խոսքային մակարդակում դրսեւորված ատելությունը գործնական երանգներ է ստանում, որի դատապարտմանը պետք է լծվի ողջ ժողովուրդը, իսկ այդ արշավի առաջամարտիկը պետք է լինի նախագահը: Այս պնդումը հատկապես կարեւորվում է ԱՄՆ-ում, որտեղ նախագահը ոչ միայն սոսկ պետական պաշտոնյա է, որը սահմանված ժամկետում իր ծառայությունն է մատուցում հասարակությանը ու հեռանում, այլեւ ազգի առաջնորդը եւ նմանատիպ իրադարձությունների ժամանակ ազգային համախմբման սիմվոլը:
Սակայն Թրամփը այս անգամ նույնպես փայլեց իր տարօրինակությամբ: Վիրջինիա նահանգում տեղի ունեցած ցույցերին սկզբնական շրջանում նա արձագանքեց բավականին զուսպ, եւ երբ ամերիկյան ԶԼՄ-ները կենտրոնացան նախագահի վարքագծի քննադատության վրա, նա համեմատաբար առարկայական խոսքեր հնչեցրեց: Նախագահը ընդգծել էր, որ ռասիզմի շեփորահար Կու Կլուքս Կլանը, սպիտակների գերակայություն շեշտողները եւ ատելություն քարոզող այլ խմբերը տեղ չունեին ԱՄՆ-ում: Սակայն հանպատրաստից լրագրողների առաջ հայտնվելու պահին անդրադառնալով դեպքերին՝ Թրամփը մեղադրանքի սլաքներն ուղղեց մի քանի ուղղություններով: Ըստ նրա՝ դեպքերի ողբերգական ընթացքի համար մեղավոր չեն միայն սպիտակամորթ ռասիստները, այլեւ բոլոր կողմերը, որ նպաստում են ատելության տարածմանն ու բռնությունների աճին: Նա անգամ նշել է, որ ցույց անող ռասիստներից ու նեո-նացիստներից շատերը բավականին լավ մարդիկ են, եւ դրանց մի փոքր խումբն է, որ մեղավորություն ունի բախումներում: Նախագահը հավելել է, որ ռասիստների դեմ դուրս եկածներն էլ անմեղ չէին եւ իրենց ձախական տրամադրություններով եկել էին՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու: Ստացվում է` նախագահը արդարացնում է ռասիստներին եւ միայն դեմ է բռնությանը: Սակայն նրան քննադատող շրջանակները մերժում են հենց այս ելակետային մոտեցումը՝ բացառելով ցանկացած նրբանկատությունը ռասիզմի գաղափարի նկատմամբ ընդհանրապես՝ անկախ բռնության հատկանիշի առկայությունից: Այդ տեսանկյունից էլ ընկալվեց նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթերյան գրառումը, որտեղ վերջինս պնդում էր, որ ոչ ոք չի ծնվել՝ ատելով ուրիշին մաշկի գույնի, արմատների կամ էլ հավատքի պատճառով: Առանց ուղղակիորեն դիմելու իր հաջորդին՝ նախկին նախագահը պարզապես հասկացնում է Թրամփի ու իր միջեւ եղած տարբերությունը, երբ մեկը պաշտպանում է ռասիստներին, իսկ մյուսը՝ ի բնե մերժում այդ գաղափարը: Եվ առհասարակ շատերն են այս օրերին հայտարարում, որ նախագահը պարտավոր էր հանդես գալ ազգային համախմբման կոչով, ինչի ճիշտ հակառակն արեց Թրամփը:
Եթե համեմատելու լինենք մեր երկրի իրականության հետ, ապա անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանում նախագահների կողմից համազգային համախմբման կոչերի օրինակներ գրեթե չկան: Բայց ահա ժողովրդին գոնե ինչ-որ խնդրի առնչությամբ դիմելու կամ պարզաբանում ներկայացնելու պրակտիկայից համեմատաբար ավելի շատ օգտվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա 1992թ. ամռանը ՀՅԴ ղեկավար Հ. Մարուխյանին Հայաստանից արտաքսելու իր քայլը բացատրել էր հեռուստաելույթով: Նման մի ելույթ ունեցել էր 1994թ. դեկտեմբերի 28-ին ՀՅԴ-ն կասեցնելիս: Տեր-Պետրոսյանը ժողովրդին էր դիմել նաեւ 1996թ. հոկետմբերի 1-ին՝ գնահատելով նախագահական ընտրությունների արդյունքներն ու հետընտրական իրադարձությունները: Եվ վերջին նման դեպքը թերեւս 1998թ. փետրվարի 3-ի նրա հրաժարականն էր:
Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին դիմել է 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո գրավոր տեքստով: Թեպետ բնական կլիներ, որ նախագահը հայտնվեր տեսախցիկների առաջ ու ցրեր ժողովրդի շրջանում առկա մտահոգությունների տարափը: Սակայն նա ինքնախոստովանությամբ չէր կարող հայտնվել տեսախցիկների առաջ, քանզի սափրված չէր, եւ «վիճակն էլ վիճակ չէր»: Այդպես Քոչարյանը որդեգրեց գրավոր հայտարարությունների տակտիկան ու մի նման դիմում էլ հղեց 2000թ. վարչապետ Արամ Սարգսյանին ու Պնախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելիս: Դրանից հետո Քոչարյանն արդեն ժողովրդին դիմելու կարիք չուներ՝ հասցնելով ամրապնդել իր իշխանական բուրգն ու կախում չունենալով ընտրողներից:
Քոչարյանի քայլերը կրկնեց Սերժ Սարգսյանը, որը իշխանավարության 9 տարիներին որեւէ անգամ ժողովրդին չի դիմել, իսկ ԱԺ-ում հայտնվել է 3-4 անգամ: Ի դեպ, հասարակությանը նա արհամարհեց անգամ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների օրերին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵ՞Ն

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախատեսել է Արագածոտնի մարզում առողջապահության ոլորտում փոփոխություններ իրականացնել:

ՏԿԶՆ-ն ուսումնասիրել է «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ի եւ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը: Պարզվել է, որ Աշտարակի եւ Ծաղկահովիտի ԲԿ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են: Իսկ Ուշիի առողջության պահպանման կենտրոնում նվազել է բնակչության թիվը: Այժմ քննարկվում է այս բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը: Եւ առաջիկայում նշված բժշկական կենտրոնները կլուծարվեն: Իսկ օպտիմալացման արդյունքում կտնտեսվի շուրջ 200 մլն դրամ:
«Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով սպասվող փոփոխություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ օպտիմալացման արդյունքում կրճատումներ կլինեն: «Նախատեսվում է շենքային եւ կադրային օպտիմալացում: Այսինքն՝ մեր կառույցը փռված է 7000 քառակուսի մետրի վրա, մենք հիմա ուզում ենք մեր ստացիոնար ծառայությունը կենտրոնացնել դրա կեսի վրա: Ինչի արդյունքում կխնայվի ե՛ւ էլէներգիան, ե՛ւ ջուրը, ե՛ւ գազը: Ճիշտ է, մենք այս պահի դրությամբ պարտքեր չունենք, բայց նաեւ զարգացման գումար չկա, իսկ այդ խնայողությունները կուղղվեն զարգացմանը»,- հույս հայտնեց տնօրենը:
Իսկ ահա Ուշիի առողջության առաջնային կենտրոնի տնօրեն Կարմեն Հովհաննսիյանը զրույցի ընթացքում նկատեց, որ տարեկան ֆինանսավորումը չի բավարարում: «Վերջին տարիների ընթացքում ամենասուղ միջոցներով բավարարվել ենք, բայց այսօրվա դրությամբ ունենք աշխատավարձի պարտք` ավելի քան 1 մլն դրամ»,- ներկայացրեց Կ. Հովհաննիսյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ լուծարման արդյունքում կկրճատվի երեք աշխատող` մեկ հաշվապահ, մեկ կրտսեր բուժաշխատող եւ մեկ բուժքույր: Նշենք, որ այս դեպքում Ուշիի բնակիչը իր համար անհրաժեշտ դեղորայքը կստանա հարեւան Կարբիից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄՇԱԿՈՒԹԱԶԵՐԾ ՄԱՐԶԸ
Տավուշի մարզը մշակութային հարուստ ավանդույթներ ունի, մարզի Իջեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում ապրում, արարում են նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ, գրողներ, երաժիշտներ, արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչներ:
Սակայն մշակութային կյանքը մարզում, մեղմ ասած, մեռած է: Իներցիոն գործընթացներով ուղղորդված մի քանի ստանդարտ միջոցառումներ են անցկացվում մարզում եւ վերջ:
«Ժողովուրդ»-ը գրավոր դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին՝ հարցնելով, թե Տավուշի մարզպետարանի աշխատակազմում քանի՞ հոգի է զբաղվում մշակութային խնդիրներով, նրանք ունե՞ն մշակութի որեւէ գծով բարձրագույն կրթություն, ստեղծագործո՞ւմ են: Հարցման պատասխանը ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի անունից: Ըստ այդմ. «Տավուշի մարզպետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուն մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանն է, ով մրցութային կարգով այդ պաշտոնն զբաղեցնում է 2007 թ. փետրվարի 19-ից, աշխատակազմի ղեկավարի թիվ 49-Ա հրամանով: Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական բարձրագույն կրթությունը եւ արվեստի որեւէ բնագավառում ստեղծագործելը պարտադիր պայման չէ, բավական է միայն բարձրագույն կրթության եւ համապատասխան աշխատանքային ստաժի առկայությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` տվյալ պաշտոնի անձնագրին համապատասխան: Մարինե Խաչատրյանն իր գործառույթները կատարում է բարեխղճորեն ու պատշաճ մակարդակով, աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է պատվոգրերի եւ շնորհակալագրերի ՀՀ մշակույթի, ՀՀ պաշտպանության նախարարների, այլ կազմակերպությունների կողմից»:
Մեր տեղեկություններով՝ Մ. Խաչատրյանը պոլիտեխնիկ ինստիտուտն է ավարտել, նրա անունը հայտնի չէ Տավուշի մարզի մշակույթի ոլորտի գործիչներին: Տավուշի մարզպետարանի 113 հաստիքներից 4-ը վարորդների հաստիք է, իսկ մշակույթի ոլորտին հատկացված է մի հաստիք, որն էլ արդեն 10 տարի զբաղեցնում է մշակութային կրթություն չունեցող, արվեստի որեւէ բնագավառում չստեղծագործող անձ, որը գրեթե ոչինչ չի անում՝ այդ ոլորտը մարզում զարգացնելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս