Շահեն Հարությունյանը տուգանվեց 150.000 դրամով. վճիռը բողոքարկելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանը սեպտեմբերի 6-ին մասնակի բավարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայցն ընդդեմ ակտիվիստ Շահեն Հարությունյանի:
ArmLur.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը նշեց, որ դատարանը մի քանի կետերով բավարարել է քաղաքապետի հայցը, մի քանի կետերով մերժել:

«Դատական նիստը պետք է սկսվեր ժամը 17:00-ին: Մինչ մեզ ստուգեցին և մտանք նիստերի դահլիճ, վճիռն արդեն կարդացել էին, ներկա էր իմ փաստաբանը: Չեմ կարող այս պահին հստակ ասել, թե կոնկրետ որ կետերով են ինձ մեղավոր ճանաչել, որով ոչ: Միայն այն է հստակ, որ մեր դրվագով մեղավոր եմ ճանաչվել և տուգանվել 150 հազար դրամով, մյուս երեք դրվագներով ինձ արդարացրել են: Կարող եմ մեկ հստակ բան ասել. անպայման բողոքարկելու եմ այս որոշումը: Մեկ ամիս ժամանակ ունեմ», – ասաց Շահեն Հարությունյանը:

ArmLur.am-ի այն դիտարկմանը՝ արդյոք սպասելի էր դատարանի նման որոշումը, Շահենը միանշանակ դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահանջում էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաքներ և երթեր անցկացնելու համար:
Շահեն Հարությունյանը Հաց բերողի մահվան և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում չիրազեկված հավաք և երթեր էր անցկացրել:

Լուսինե Առաքելյան




Լրահոս