Իգոր Տեր-Հովհաննիսյան. Կցանկանայի, որ աղջիկս Հայաստանի դրոշի ներքո հանդես գար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին մասնավոր այցով Հայաստանում էր խորհրդային ճանաչված աթլետ, հեռացատկի աշխարհի կրկնակի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհաննիսյանը:

Լեգենդար մարզիկը եկել էր հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հրավերով, որի՝ 1987 թվականին Ծաղկաձորում սահմանած ռեկորդը (8 մ, 86 սմ), մինչեւ այժմ Եվրոպայում գերազանցված չէ: Աշխարհում այս արդյունքը դեռ չորրորդն է: Այս տարի Էմմիյանի ռեկորդային ցատկի 30-ամյակն է, եւ այդ կապակցությամբ մարզիկի հայրենիք Գյումրիում կայացավ նրա անվան միջազգային մրցաշար: Պատվավոր հյուր էր նաեւ Իգոր Տեր-Հովհաննիսյանը, որը հաջորդ տարի պատրաստվում է նշել 80-ամյակը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Իգոր Տեր-Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանի հետ իրեն վաղեմի հարաբերություններն են կապում: Նրա հայրը՝ պրոֆեսոր Արամ Տեր-Հովհաննիսյանը, մարզական մանկավարժության հիմնադիրներից է:

«1945 թվականին, երբ ես 7 տարեկան էի, մենք Երեւան եկանք,- հիշում է Իգոր Արամովիչը:-Հայրս այստեղ էր աշխատում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի թեթեւ աթլետիկայի ամբիոնի վարիչն էր, ինչպես նաեւ հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչը: Ավելի ուշ Մոսկվա տեղափոխվեցինք, որտեղ հայրս շարունակեց գիտությամբ զբաղվել, իսկ ես սկսեցի մարզվել»:

Աշխարհի ռեկորդներից մեկը (8 մ 31 սմ) Իգոր Արամովիչը սահմանել է 1962 թվականին Երեւանում: Իսկ վեց տարի անց Տեր-Հովհաննիսյանը Լենինականում ցատկել է 8 մ 28 սմ (չորրորդ արդյունքը կարիերայի ընթացքում):

Լեգենդար մարզիկը լավագույն արդյունքը ցույց է տվել 1967 թվականին Մեքսիկայում (8 մ 35 սմ): Ի դեպ, 1967 թվականից Եվրոպայի ձմեռային ռեկորդը պատկանում էր հենց Տեր-Հովհաննիսյանին, որը 1986-ին Մոսկվայում գերազանցեց Ռոբերտ Էմմիյանը: Այնպես որ, աթլետիկայի այս մրցաձեւում հայերն արդեն հիսուն տարի իրենց ձեռքում են պահում մայրցամաքի բարձրագույն նվաճումը:

«Հաջորդ տարի կլրանա 80-ամյակս: Ինձ շատ լավ եմ զգում: Աղջիկս՝ Մարիան, եւս հեռացատկով է զբաղվում, չնայած վերջերս ոլորել է ոտքը եւ առայժմ չի մարզվում: Հենց որ ցատկի 6 մ 50 սմ, կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո»,- ժպիտով խոստացավ Տեր-Հովհաննիսյանը:




Լրահոս