Հայաստանը գնալով վերածվում է բանկային մեծ երկրի, որի քաղաքացիները կախվածության մեջ են այդ ֆինանսական կառույցներից: Այսօր Հայաստանում դժվար է գտնել որեւէ ընտանիք, որը չունենա վարկ: Իսկ բանկից վարկ վերցնել նշանակում է լինել նրանց գերի: Բանկերը նաեւ շատ ձեռնարկություններ են տնօրինում, որոնք տարբեր պատճառներով գրավ են դրվել եւ դարձել բանկի սեփականություն: Ու հաճախ բանկերը կառավարում են այնպիսի ոլորտներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը:
Օրինակ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն նաեւ էկոլոգիական վտանգ է ներկայացնում. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայբիզնեսբանկ»-ը նախորդ տարի ձեռք էր բերել Հրազդանի ցեմենտի գործարանն ու այսօր այն աշխատեցնում է՝ առանց համապատասխան կանոնները պահպանելու, մասնավորապես, բնակիչների պնդմամբ, ցեմենտ է արտադրում` առանց ֆիլտրերը աշխատեցնելու՝ այդպես աղտոտելով շրջակա միջավայրը: Գործարանում տեղակայված էլեկտրական եւ թեւքավոր ֆիլտրերը, որոնք չափազանց շատ հոսանք են ծախսում, գործարանի տնօրինության կողմից ողջ աշխատանքային օրվա ընթացքում անջատված են մնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ փաստը չի հերքել նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ հավելելով, որ նման դեպքերում, երբ գործարանն առանց ֆիլտրերի է աշխատում, եւ երբ մարդկանց կողմից իրենք դժգոհություններ են ստանում, այդ մասին անմիջապես ահազանգում են բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությանը: Բայց հիմա չեն կարող ահազանգել, քանի որ բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությունը լուծարվել է: Ու հիմա, փաստորեն, չկա որեւէ կառույց, որ կվերահսկի այս ընկերությանն ու կկանխի սխալները: Իսկ թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր «Հայբիզնեսբանկ»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին, հետեւաբար այս ընկերությունը գործում է արտոնյալի կարգավիճակով: Իսկ մարդկանց առողջությունը հետին պլանում է:
Հ. Գ. Նախկինում «Հրազդան ցեմենտը» պատկանում էր գործարար Միքայել Բաղդասարյանին, որը սնանկացավ, չարողացավ վարկերը մարել, գործարանն անցավ «ՎՏԲ Հայաստան» բանկին, ապա «Հայբիզնեսբանկը» գնեց այն:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն` ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը` պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ: «Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, որ հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,- մեր աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետեւ խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում եւ դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել ՔԿՀ-ների սնունդի չափաբաժինը պակասեցնելու մասին:
Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այս մասին վաղուց է խոսվում, դեռ մինչեւ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռների խոցումը: «ԵԱՏՄ-ն ունի նման համաձայնագիր արդեն Վիետնամի հետ, այն մեծ շուկա է: Նույնը ենթադրվում է նաեւ այս դեպքում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարին, Կոլերովի խոսքերով՝ տրամաբանական կլինի, եթե Ադրբեջանը նույնպես ցանկանա նման համաձայնագիր ստորագրել, սակայն ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են կայացվում, եւ Հայաստանը դեմ կլինի դրան: «Նշանակում է՝ նա չի ստանա նման համաձայնագիր ունենալու համաձայնություն»,- ասել է նա:
«Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանում, բացի գողականից, որեւէ բան չի զարգանում: «Ինձ ցույց տվեք Հայաստանի հեռուստատեսությունում որեւէ ծրագիր, որը լինի գրքի բովանդակությունից, չկա: Իսկ վրացական հեռուստաընկերություններում չկա հեռուստատեսություն, որը չունենա գրքի բովանդակությունից խոսող հեռուստահաղորդում: Մենք չենք ունեցել որեւէ նախարար, ով հեռուստատեսությամբ խոսի գրքի բովանդակությունից, իսկ Վրաստանում չկա որեւէ նախարար, որ չխոսի գրքի բովանդակությունից: Մեզ նման ժողովուրդ էր, բայց 2003 թվականից ունեցավ գիտելիքով ղեկավարություն, իսկ մենք ունեցանք Ռոբերտ Քոչարյանի նման նախագահ, ով ասում էր, որ գիրք կարդալ չի սիրում: Ունեցանք Սերժ Սարգսյան, որ երկու տարի առաջ եւ հետո նույն գրքերը նույն ձեւ շարած էին գրասեղանին: Ունեցանք այն, ինչ հիմա ունենք»,- նշել է նա: Միաժամանակ Մարտիրոսյանը պնդել է, որ Հայաստանում պատերազմ է գիտելիքի ու տգիտության միջեւ, ու տգիտությունը հաղթում է:
ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհն իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Իրանի միջեւ էներգետիկ համագործակցությանը: Ըստ նրա՝ Երեւանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ: Բայց այս դեպքում Իրանը ցանկանում է, որ Հայաստանն ավել գազի դիմաց վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին: «Իհարկե, ընկերությունը նախընտրում է ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն: Մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է եւ մեզ համար անընդունելի,- ասել է նա` հավելելով,- եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առեւտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք»:
Իրանը մեկ անգամ չէ, որ խոսում է Հայաստանին գազ վաճառելու պատրաստակամության մասին: Ավելին՝ ժամանակին իրանական կողմը չէր բացառել Հայաստանին գազն ավելի էժան գնով մատակարարելու տարբերակը. երբ 2013թ. «Գազպրոմ»-ը հանդես եկավ գազի սակագինը բարձրացնելու նախաձեռնությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարել էր, թե Իրանը գազը վաճառում է միջազգային գներով, սակայն բարեկամ երկրների համար գազի գինը կարող է նվազեցնել հազար խորանարդ մետրն ընդհուպ մինչեւ 100 դոլար, սակայն հայկական կողմը չի բանակցել իրենց հետ: Բայց Հայաստանն այս հարցով այդպես էլ չփորձեց բանակցել հարեւան Իրանի հետ. այդ մասին ժամանակին խոստովանել էր ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը` նախորդ տարվա հունվարին ասելով. «Իրանի հետ գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի եւ ԻԻՀ-ի հետ չեն տարվել»։
Բայց պատճառը ոչ թե հայ պաշտոնյաների չուզողությունն է, այլ նրանց կաշկանդում է ռուսական գործոնը: Կաշկանդում է այն աստիճան, որ չեն էլ փորձում փնտրել ռուսական գազին այլընտրանքային տարբերակ: Այնպես որ, «Գազպրոմ» ընկերությունը, որ Հայաստան գազի միակ մատակարարն է, երբեւէ թույլ չի տա գազի այլընտրանքային աղբյուր ունենալ: Եւ հետո, ըստ դեռեւս 2013թ. ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագրերի՝ հայկական կողմը պարտավորություն է ստանձնել մինչեւ 2043 թվականը չընդունել որեւէ որոշում կամ օրենք, որը չի բխի «Գազպրոմ»-ի, ռուսական կողմի շահերից: Իսկ եթե Հայաստանն Իրանի հետ այս հարցում ջերմացնի հարաբերությունները, այդ ամենն ինքնաբերաբար կհակասի նշված համաձայնագրերին: