ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴԴԵՄ ԳՈՐԾՈՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետեւանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եւ Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:

Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, օգոստոսի 14-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ Խոսրովի անտառ էին մեկնել մարզպետարանի աշխատակիցներն ու Արտաշատի եւ Արարատի տարածաշրջանների 51 համայնքների ղեկավարները: Սակայն, պարզվում է, տեղում նրանք հրաժարվել են կատարել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի` հրդեհաշիջմանն օգնելու հանձնարարականները՝ պատճառաբանելով, թե ենթարկվում են ոչ թե նախարարին, այլ մարզպետին: Սա, բնականաբար, դուր չի եկել Արծվիկ Մինասյանին, որն էլ պահանջել է մարզպետարանի աշխատակիցներից ու գյուղապետերից անհապաղ լքել տարածքը:
«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հաստատել է կատարվածը` բավական վրդովված պատմելով. «Ես որեւէ անգամ որեւէ մարմնի մասին բացասական բաներ չեմ ուզում ասել, բայց սա նաեւ դաս է, որպեսզի պետական մարմինները բոլորը, համայնքային իշխանությունները կարողանան կազմակերպված աշխատել: Ես այստեղ, օրինակ, մարզային իշխանությունների արդյունավետ աշխատանք չեմ տեսել»: Այնուհետեւ, բնապահպանության նախարարը բավական կոպիտ է խոսել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հասցեին՝ շեշտելով, որ հրդեհաշիջման օրերին նրան չի տեսել դեպքի վայրում. «Չեմ տեսել ու չեմ ուզում առհասարակ անդրադառնալ էդ թեմային, չնայած ասում են, որ եկել է, գնացել է, ինչ-որ մարդիկ է բերել: Էդ մարդկանց ես հանդիպեցի, հրահանգեցի բարձրանալ վերեւ, բայց իրենք ասացին` ոչ, ենթարկվում են մարզպետին: Ու ես հեռացրի նրանց այդ տարածքից: Մեզ նման մարդիկ պետք չեն, որ գան, այստեղ նստեն ու առանց պատասխանատվություն զգալու, երբ վերեւում օգնության կարիք կա, իսկ իրենք պարզապես ձեւականության հետեւից են ընկել: Ես, առհասարակ, չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին»,- պատմել է Արծվիկ Մինասյանը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Սակայն նա բավական նյարդայնացած արձագանքեց` հայտարարելով, որ հրդեհաշիջման օրերին պասիվ չի եղել, ու այդ մասին խոսակցությունները պատվերի հետեւանք են:
Կատարվածի մեջ հատկանշական է փաստը, որ միմյանց դեմ են դուրս եկել մարդիկ, ովքեր տեւական ժամանակ եղել են նույն թիմի անդամ: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ անդամ է: Իսկ Արամայիս Գրիգորյանը թեեւ անկուսակցական է, սակայն երկար ժամանակ գործել է «ՀՅԴ ծիրին մեջ». 2007թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով, հետո՝ 2008թ., ՀՅԴ քվոտայով նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: Սակայն մեկ տարի անց, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ վայր դնելով պորտֆելները, Արամայիս Գրիգորյանը եւս հրաժարական տվեց: Եւ միայն 2013թ. նա վերադարձավ պետական կառավարման համակարգ` նշանակվելով Արարատի մարզպետ: Այդ ժամանակ արդեն ՀՅԴ-ն սկսել էր կամաց-կամաց ջերմացնել իշխանությունների հետ հարաբերությունները: Բայց Գրիգորյանը մարզպետ նշանակվեց ՀՀԿ քվոտայով: Իսկ 2014թ. նա դարձավ ՀՀ բնապահպանության նախարարը: Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականից հետո, երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, Արամայիս Գրիգորյանը հրաժեշտ տվեց բնապահպանության նախարարի պաշտոնին, ու նրա փոխարեն արդեն ՀՅԴ քվոտայով ՀՀ բնապահպանության նախարար նշանակվեց Արծվիկ Մինասյանը: Իսկ Գրիգորյանը որպես փոխհատուցում ստացավ Արարատի մարզպետի պաշտոնը:
Ենթադրվում է՝ Խոսրովի անտառի հրդեհաշիջման օրերին Արծվիկ Մինասյանի դեմ մարզպետի անուղղակի դեմարշի պատճառն էլ հենց սա է եղել. Արամայիս Գրիգորյանը չի կարող մարսել իր` նախարար չվերանշանակվելու եւ այդ պաշտոնը ՀՅԴ քվոտայով Արծվիկ Մինասյանին տալու փաստը եւ հարմար պահի փորձել է նրան նման անհարմար դրության մեջ դնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գրիգորյանն այս հարցում աջակցություն ունի ՀՅԴ որոշակի շրջանակներից, քանի որ այդ կուսակցությունում քիչ չեն մարդիկ, որ աչք ունեն Արծվիկ Մինասյանի աթոռին, ու ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհը հարմար առիթ հանդիսացավ, որ նրա դեմ հարձակումների շարք սկսվի, մանավանդ, որ չնայած Հայաստանում շաբաթներ շարունակվող հրդեհավտանգ վիճակին՝ արգելոցը պատրաստ չէր դիմագրավելու:
Բայց հանուն արդարության պետք է նշենք, որ Արծվիկ Մինասյանը օրնիբուն աշխատեց հրդեհաշիջման օրերին՝ ԱԻ նախարարի հետ: Այլ հարց է, որ կանխարգելման աշխատանքում թերացումներ ունեին պետական բոլոր գերատեսչությունները՝ ե՛ւ բնապահպանության նախարարությունը, ե՛ւ ԱԻՆ-ը, ե՛ւ գյուղնախարարությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու: Այն տեղի է ունենալու օգոստոսի 31-ին: Իսկ աճուրդի մեկնարկային գինը կկազմի 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ: Աճուրդը կանցկացվի դասական եղանակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի` 2520 քմ տարածքի կադաստրային արժեքը` 151 մլն 239 հազար 348 դրամը: Իսկ գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից եռամսյա ժամկետում: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին նախարարության շենքը կրկին վաճառքի էր հանվել, սակայն այն չէր կայացել` հայտ չլինելու պատճառով: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարության շենքը պատրաստվում է ձեռք բերել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որը պատկանում է ՀՀ տրանսպորտի ներկայիս նախարար Վահան Մարտիրոսյանին. վերջինս մինչեւ նախարար նշանակվելը եղել է «Ռոստելեկոմ»-ի սեփականատեր «GNC-ալֆա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

 

 

ՊՆ-ԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները դատի են տալիս նախարարությանը, պատճառը անհիմն աշխատանքից ազատելն է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 8-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչի եւ նախկին աշխատանքում վերականգնի: Տեղեկացանք, որ Թագուհի Վեքիլյանը ՀՀ ՊՆ զորամասի բուժքույր է եղել եւ օրեր առաջ արձակուրդ է գնացել: Ավելի ուշ վերջինիս են զանգել գործընկերները եւ ասել, որ զորամասի հրամանատարն իրեն հեռացրել է աշխատանքից: Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու ախատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել:

 

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Չնայած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի կողմից մշտապես բարձրաձայնվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, սակայն ԱԺ «Ելք» դաշինքում, որի մասն է կազմում այդ կուսակցությունը, դեռեւս ոչ մի քննարկում այդ մասին չի եղել. մեզ հետ զրույցում նշեց Մանե Թանդիլյանը: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է հետ կանգնեք ձեր որոշումից, նա նշեց. «Առաջիկա նիստի ընթացքում օրակարգը կսահմանենք, եւ այն կդառնա մեր օրակարգի հարցերից մեկը: «Լուսավոր Հայաստան»-ի ծրագրում այդ դրույթը կա, մենք քննարկում ենք մեր մյուս գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե որքանով է այն օրակարգային մեր բոլոր գործընկերների համար»:

 

 
ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաեւ 2014 եւ 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը: Այն մշակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության իրավական մեխանիզմներին եւ գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին եւ երաշխիքներին: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների եւ կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում:

 

 

ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է ուղղել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքին, ով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցում կարեւոր դերակատարում ունեցած Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան: Գարո Փայլանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետին, ասել է. «Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը՝ որպես ամոթ»:

 

 

ԱՆԿԱՏԱՐ Է
Ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի՝ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգը պետք է ձգվի մինչեւ 2018թ., մինչեւ պետությունն անցնի ամբողջությամբ խորհրդարանական կառավարման: Նրա կարծիքով՝ այսօր քաղաքական համակարգն ընդհանուր առմամբ անկատար է: Լ. Շիրինյանի խոսքով՝ այս պահին ՀՀ-ին սոցիալիստական ընդդիմություն է հարկավոր, քանի որ աշխատավոր խավը եւ մտավորականը ռեալիզացված չէ երկրի կառավարման համակարգում: Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե շատ հաճախ լավ օրենքներ են լինում, սակայն կիրառություն չեն ստանում:




Լրահոս