Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես ազատվեց գլխացավանք դարձած իր գլխավոր խորհրդականից: Ազգայնականի համարում ունեցող Սթիվ Բեննոնի հեռացումը շատերը կապում են ԱՄՆ-ում ռասսայական հողի վրա վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետ, սակայն դա շատ ավելի խորը պատճառներ ուներ: Առայժմ անհայտ է, թե ով է փոխարինելու նրան, եւ անգամ վարկածներ են շրջանառվում, որ հաստիքը գուցե եւ վերացվի կամ տեւական ժամանակ թափուր մնա, ինչպես, ի դեպ, ժամանակին տեղի ունեցավ Հայաստանում:
Փաստ է, որ Բեննոնը վաղուց էր հայտնվել Թրամփի թիրախում եւ շաբաթներ շարունակ ԶԼՄ-ները թմբկահարում էին նրա մոտալուտ հեռացումը: Վիրջինիա նահանգում տեղի ունեցած արյունալի բախումները կարծես արագացրին Բեննոնի պաշտոնանկությունը, սակայն Թրամփը այս հարցում վաղուց էր վճռական տրամադրված: Ամերիկյան պարբերականները բազմիցս տեղեկություններ էին տարածում, որ Թրամփը հիասթափվել էր Բեննոնից եւ այդ առումով հիշարժան էր Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Բեննոնի հակամարտությունը, որը խաթարում էր ինչպես վարչակազմի աշխատանքը, այնպես էլ նոր խնդիրներ առաջացնում նախագահի համար: Բնական է, որ այդ հակամարտության մեջ Թրամփի պես անձնավորությունը հազիվ թե զոհաբերեր իր սիրասուն փեսային, հետեւաբար ավելի հավանական էր դառնում Բեննոնի հեռացումը: Ըստ էության, Թրամփը հրաժարվեց նախագահությունը ստանձնելիս արված իր բոլոր նշանակումներից: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Փրայբուսը նրա առաջին նշանակումն էր, որին հաջորդել էր Բեննոնի նշանակումը, ապա անվտանգության գծով հատուկ խորհրդական Ֆլինը, մամուլի խոսնակ Սփայսերը եւ այլն: Բոլոր այս պաշտոնյաները այլեւս հեռացված են Սպիտակ տնից: Ստացվում է, որ նախագահը մեծագույն վրիպումներ է թույլ տվել իր համար թիմ ընտրելիս: Իսկապես, մեծ բանի մասին է խոսում, երբ նախագահի առաջին նշանակումները 6 ամիս անց դառնում են անպետք ու սխալական: Սա առաջին հերթին նախագահի ոչ կոմպետենտության վկայությունն է:
Թրամփը ի սկզբանե Բեննոնին մեծ տեղ էր տալիս եւ երբ հայտարարել էր նրան իր գլխավոր ռազմավար նշանակելու մասին, հայտնել էր, որ նա աշխատելու էր աշխատակազմի ղեկավարի հետ որպես հավասար գործընկերներ: Այդպես նա ընդգծել էր Բեննոնի կարեւորությունը՝ վարչակազմի ներսում լրջորեն ուժեղացնելով վերջինիս դիրքերը: Դատելով Սպիտակ տանը հաստատված բարքերից՝ կարծելի է, որ ստեղծված քաոսի հիմնական պատճառներից մեկը պաշտոնյաների հիերարխիայի խախտումն է, երբ, օրինակ, գլխավոր խորհրդականը աշխատակազմի ղեկավարի հետ հավասար ազդեցություն ունի: Իրավական տեսանկյունից այդպես չի կարող լինել, եւ ահա երբ իրավական պետությունում կամ համակարգում խզում է առաջանում իրականության եւ իրավական ընթացակարգերի միջեւ, դա անխուսափելիորեն պիտի խնդիրներ առաջացնի: Սա թերեւս ամենից լավ հասկացավ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար, գեներալ Ջոն Քելլին, ուստի եւ ամեն ինչ արեց Թրամփին համոզելու աշխատանքից հեռացնել իրենց սահմանները չճանաչողներին, ինչպիսիք էին գլխավոր խորհրդական Բեննոնը, տեղեկատվության բաժնի նորանշանակ ղեկավար Սքարամուչին եւ այլն: Թրամփը Բեննոնի ուղղությամբ առաջին հարվածները տեղացել էր Քելլիի նշանակումից անմիջապես հետո, երբ հրապարակավ հայտարարել էր, որ Բեննոնը իր քարոզարշավում շրջադարձային դերակատարություն չէր ունեցել: Այսօր արդեն անգամ կասկածի տակ է այդ հաստիքի գոյությունն ընդհանրապես, քանի որ Թրամփը անթաքույց պնդել է, որ ինքն է իր գլխավոր ռազմավարը: Այս հայտարարությունը թույլ է տվել վերլուծաբաններին կարծելու, որ գուցե ոչ ոք էլ չփոխարինի Բեննոնին: Թրամփն արդեն իսկ իրեն շրջապատել է նախընտրելի գեներալներով, նրա կողքին են որդին, դուստրն ու փեսան, եւ էլ ի՞նչ է հարկավոր «խելամտորեն» կառավարելու համար:
Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականներից ամենահայտնին թերեւս Ժիրայր Լիպարիտյանն էր, որը Արցախի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ կողմնակիցներից էր: Լիպարիտյանն էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման հիմնական ճարտարապետն ու բանակցողը: Սակայն 1997թ. սեպտեմբերին նա հրաժարական տվեց՝ իր հեռացումը մեկնաբանելով անձնական պատճառներով: Նրա հեռանալը էականորեն թուլացրեց նախագահի թիկունքը՝ իշխանության մեջ նրա տեսակետը չկիսող գործիչների դիրքերի ամրապնդմանը զուգահեռ: Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ պաշտոնի նշանակությունը զգալիորեն նվազեցվեց, որովհետեւ Քոչարյանն էլ էր Թրամփի պես ինքն իր ռազմավարը: Այդ պաշտոնում հիշարժան է Վահրամ Ներսիսյանցի գործունեությունը, որը մասնագիտությամբ տնտեսագետ էր եւ աշխատելով համաշխարհային ֆինանսական կենտրոններում՝ այդ ոլորտում լուրջ փորձ ուներ: Նա Սերժ Սարգսյանի օրոք պահպանեց այդ պաշտոնը մոտ 2 տարի՝ 2010թ. նշանակվելով Համահայկական բանկի խորհրդի նախագահ: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը Արամ Ղարիբյանն է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ինչպես նաեւ ՀՀԿ անդամ: Թե ինչ խորհուրդներ է տալիս Ղարիբյանը Սարգսյանին, գուցե կպարզվի նրանցից գոնե մեկի ապագա հուշերում, սակայն հաշվի առնելով մեր երկրի՝ տասնամյակ ձգվող տնտեսական ծանր դրությունը՝ հազիվ թե դրանք ծառայեն իրենց նպատակին:
Ինչեւէ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ում նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում են քաղաքական դեմքերը, ինչպիսին էր Հայաստանում մինչեւ 1997թ., իսկ դրանից հետո նախագահի պաշտոնը զբաղեցրած գործիչներին քաղաքական խորհուրդներ տվողներ հավանաբար պետք չէին: Եվ, իսկապես, ինչ քաղաքական խորհրդի կարիք ունեին Քոչարյանն ու Սարգսյանը, երբ իրենք էլ փայլուն գիտեին, թե ինչպես կարելի է հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների հետ, ամայացնել քաղաքական դաշտը, ծաղրուծանակի վերածել ընտրական գործընթացները եւ չքաղաքականացնել քաղաքական հարցերը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊԱՇՏՈՆՅԱՆ A-4 ՖՈՐՄԱՏԻ ԹՂԹԻ ԲԻԶՆԵՍՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
ՀՀ Արարատի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ անանուն նամակով դիմել են «Ժողովուրդ» թերթին: Նրանք նամակում նշել են իրենց մտահոգությունները՝ կապված մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանի գործելաոճի հետ:
Տնօրենների պատմելով՝ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը, խախտելով «Քաղաքացիական ծառայության» եւ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքները, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Ըստ նրանց՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների զգալի մասի տնօրեններին «պարտադրում է» իր միջոցով գնել A-4 ֆորմատի թղթեր, այլ ոչ թե յուրաքանչյուր կազմակերպությանը մոտ գտնվող խանութներից:
Ստացած անանուն նամակի հետքերով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սուրեն Քարամյանի հետ:
-Պարո՛ն Քարամյան, մենք անանուն նամակ ենք ստացել, որտեղ նշված է, որ զբաղվում եք ձեռնարկատիրական գործունեությամբ: Բացի այս՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների տնօրեններին «պարտադրում եք» A-4 ֆորմատի թուղթը գնել Ձեր միջոցով…
-Դա ուղղակի հիմարություն է: Ես չգիտեմ, թե դա ովքեր են գրում: Անհեթեթություն է:
-Դուք դպրոցների տնօրենների հետ խնդիր ունե՞ք…
-Ոչ մի խնդիր չկա, չունեմ:
-Իսկ A-4 ֆորմատի թուղթը որտեղի՞ց են իրենք ձեռք բերում:
-Ո՛չ, իրենք այն խանութներից են գնում: Ես չգիտեմ, թե որտեղից են ձեռք բերում:
-Դուք ձեռնարկատիրական գործունեությամբ չե՞ք զբաղվում:
-Ո՛չ: Ես ոչինչ չունեմ:
-Ի վերջո, A-4 ֆորմատի թղթի բիզնեսով զբաղվո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Չէ՛, նման բան չկա, սուտ են գրում: Ես հանգիստ բնավորություն ունեմ: Ես մարդկանց այնքան ջերմ եմ վերաբերվում: Ուղղակի չգիտեմ, թե դա որ հիմարն է գրել:
-Գուցե՞ դպրոցների տնօրենների շրջանում թշնամի ունեք:
-Չէ՛, բացառվում է, որ դպրոցների տնօրենները գրեն:
-Բայց Դուք ստուգումներ եք իրականացնում դպրոցներում: Գուցե աուդիտի շրջանակներում այնպիսի թերություններ եք բացահայտել, որ այսկերպ են փորձում վրեժ լուծել:
-Չէ՛, դպրոցներում լուրջ թերություններ չկան: Չի կարող դա լինել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՎԵԼ Է ՊԵՏՊԱՏՎԵՐԻՑ
Լոռու մարզի Դսեղ եւ Դեբեդ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու մասին լուրերի տարածվելուց հետո խոսակցություններ եղան, թե իբր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում խոշոր եղջերավոր անասունների դաբաղով հիվանդացության դեպք է եղել:
Անասնաբուժական պետական ծառայության համաճարակաբան Ռուսլան Մախսուդյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու ոչ մի դեպք չի եղել: Եղել է խշխշուկ հիվանդությունից խոշոր եղջերավոր անասունի անկման մեկ դեպք: Այդ անասունը այլ մարզից է գնվել եւ Նոյեմբերյան ներկրվել, հիվանդության օջախը Նոյեմբերյանի սարերում չի եղել:
Ռ. Մախսուդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Նոյեմբերյանի սարերում եղել է պաստերելոզ հիվանդությամբ վարակվելու 7 դեպք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 5 դեպքում հնարավոր է եղել փրկել հիվանդ անասուններին, 2 անասունի անկում է եղել: Անկած անասունները թաղվել են, ախտահանում է կատարվել: Համաճարակաբան Մախսուդյանը հայտնեց, որ պաստերելոզ հիվանդությունը նախկինում ներառված է եղել այն 7 հիվանդությունների շարքում, որի դեմ պետպատվերով անասունների պատվաստումներ են կատարվել: Սակայն այս տարի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որոշմամբ՝ այդ հիվանդությունը հանվել է պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկից, դրա դեմ պատվաստումներ կատարելը մնացել է անասնատերերի ցանկությանը եւ հնարավորություններին:
Մարդիկ էլ հաճախ գումար չունեն, որ կենդանիներին ժամանակին պատվաստեն, արդյունքում ունենք վարակներ, որոնք տարածվում են՝ վտանգելով մեր առողջությունը:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշված հիվանդությունը հանել պետատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկից: ՀՀ ԳՆ անասնաբուժություն ու անասնաբուծության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի հատկացվում է համապատասխան հիվադությունների ցանկ, հիմնականում ներառված են այն հիվանդությունները, որոնք ռիսկային են ու ունեն մեծ տնտեսական վնաս հասցնելու հնարավորություն ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների դեպքում: Պաստերելոզ հիվանդությունը 2016թ. եղել է պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկում, 2017թ. այն չի եղել ցանկում՝ պայմանավորված հատկացված գումարներով, իսկ 2018թ. այն նախատեսված կլինի այդ ցանկում: Պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկը փոփոխական է, եւ բոլոր հիվանդությունները ներառել հնարավոր չէ:
Փաստորեն գյուղնախարարության աշխատակիցները, իրենց սենյակներում նստած, որոշում են ռիսկերը, իսկ գյուղացիները ստիպված են լինում անասուններին թաղել՝ փող ու դեղ չլինելու հետեւանքով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ