ԲԱՆԿԸ ԱՂՏՈՏՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՕԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի մի քանի տասնյակ բնակիչներ դիմել են «Ժողովուրդ» թերթին: Նրանց պատմելով՝ Հրազդանի ցեմենտ գործարանի տնօրինությունը ցեմենտ արտադրում է` առանց ֆիլտրերը աշխատեցնելու եւ այդպես աղտոտում շրջակա միջավայրը: Ու նույնիսկ անզեն աչքով է տեսանելի օդի աղտոտվածությունը. մարդիկ չեն կարողանում իրենց բակերում նստել, պատուհան բացել, փոշի է:

Ըստ որոշ տեղեկությունների` գործարանում տեղակայված էլեկտրական եւ թեւքավոր ֆիլտրերը, որոնք չափազանց շատ հոսանք են ծախսում, գործարանի տնօրինության կողմից ողջ աշխատանքային օրվա ընթացքում անջատված են մնում: Իսկ գործարանն էլ առանց ֆիլտրերի աշխատելու դեպքում աղտոտում է շրջակա միջավայրը, այդ թվում նաեւ հարեւան գյուղերը: Նշենք, որ այս մասին ահազանգում են ոչ միայն հարեւան գյուղերի բնակիչները, այլեւ հենց գործարանի աշխատակիցները. «Ցեմենտն արտադրվում է առանց ֆիլտրվելու: Ամբողջ շրջակայքում ցեմենտի փոշին մետրով նստած է, ընդհանրապես չենք կարողանում աշխատել»,- վրդովված նկատեցին գործարանի աշխատակիցները, որոնք հարգելի պատճառով չներկայացան:
Իսկ ահա Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մակիչ Դանիելյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ես ինչ ծնվել եմ, այդ գործարանը կա ու ծուխն էլ հետը: Մինչեւ հիմա էլ մենք այդպես ենք ապրում: Իբր ե՞րբ է ֆիլտրերով ցեմենտ արտադրել այդ գործարանը»:
Նկատենք, որ գործարանի այս հակաբնապահպանական աշխատելաոճը խոչընդոտում է նաեւ տուրիզմի զարգացմանը: Երբ «Հրազդան» ցեմենտի գործարանը առանց ֆիլտրերի է աշխատում, ամբողջ Ծաղկաձորն աղտոտվում է:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ նման դեպքերում, երբ գործարանն առանց ֆիլտրերի է աշխատում, եւ երբ մարդկանց կողմից իրենք դժգոհություններ են ստանում, այդ մասին անմիջապես ահազանգում են բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությանը: Բայց հիմա չեն կարող ահազանգել, քանի որ բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությունը լուծարվել է:
Հարցին` այս դեպքում ո՞ւմ դիմեն մարդիկ, բնապահպանության նախարարությունից պատասխանեցին, որ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է, եւ երեկվանից այն արդեն չի գործում: Ինչի փոխարեն ստեղծվում է տեսչական նոր մարմին, որն այժմ գտնվում է ձեւավորման փուլում: Բայց չնայած սրան` բնապահպանության նախարարության համապատասխան տեսուչները երեկ մեր զանգից հետո այցելել են գործարան եւ պարզել, որ այն օգոստոսի 16-ից չի աշխատում: ԲՆ-ից խոստացան նաեւ, որ այս խնդիրը մշտապես կպահեն իրենց ուշադրության կենտորոնում:
Ստացած բողոքների շուրջ «Ժողովուրդ»-ին «Հրազդան» ցեմենտի գործարանից հայտնեցին, որ այդ առումով իրենց մոտ պարբերաբար ստուգումներ են իրականացվում: «Մարդկանց կողմից նկատվող ծխի 70 տոկոսը ցեմենտի փոշի չէ, այլ գոլորշի է: Ստուգողները եկան, նայեցին, համոզվեցին, որ դա փոշի չէ, այլ գոլորշի է: Վերլուծեցին ու հայտարարեցին, որ ամեն բան թույլատրելի սահմանների մեջ է: Ուղղակի մարդիկ սխալ են պատկերացնում, իրենց թվում է, որ այդ գոլորշին ցեմենտի փոշի է: Գործարանի դիրքն այնպես է, որ փոշին քամին քշում եւ տանում է դեպի Սեւանա լճի կողմը, ինչն էլ նստում է ջրի վրա»,-պարզաբանեց գործարանի աշխատակիցը, ով ներկայացավ որպես Արսեն: Նա ընդգծեց նաեւ, որ դա մարդկանց երեւակայության արդյունքն է, որը չի համապատասխանում իրականությանը:
Ըստ բնապահպանների` գործարանից արտանետված նյութերը մարդու առողջության համար վտանգավոր են: Ամեն ինչ ստեղծված է՝ ճշգրիտ աշխատելու համար, բայց, չգիտես թե ինչու, «Հրազդան» ցեմենտի գործարանը չի օգտագործում: Իսկ այս ընկերությունը մշտապես խախտել է այդ կանոնները:
Սակայն շրջակա միջավայրին հասցվող վնասը կարծես թե չի մտահոգում գործարանը շահագործող ընկերությանը: Իսկ ինչպես հայտնի է` «ՎՏԲ Հայաստան» բանկը աճուրդի էր հանել Հրազդանի ցեմենտի գործարանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության միակ գնորդը այս պահին հանդիսանում է «Հայբիզնես բանկ»-ը: Տեղեկացնենք, որ «ՎՏԲ Հայաստան» բանկը դեռեւս անցած տարվերջին աճուրդի էր հանել «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի 4 մլն 462 հազար 431 հատ բաժնետոմսերը, ինչը կազմում է ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը: Իսկ անցած տարվա դեկտեմբերի 21-ի դրությամբ աճուրդի հանված լոտի մեկնարկային գինը սահմանված է եղել 18 մլրդ 172 մլն 902 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` «Հայբիզնեսբանկ»-ը արդեն ձեռք է բերել արդյունաբերական հսկան: Այս թեմայի շուրջ բանկից հայտնեցին, որ գործարանը ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությանը չեն տիրապետում: Մինչդեռ գործարանը «Հայբիզնեսբանկ»-ի կողմից գնելու մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ին ամիսներ առաջ հայտնել էր գործարանի տնօրենը` Հարություն Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկ»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: Վերջինս, ըստ հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռեւս 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը` այն ժամանակ դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Այլ կերպ ասած` Վիտալի Գրիգորյանցը այն եզակի մարդկանցից մեկն է, որը անձամբ ներդրում է ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության գալու գործում եւ հիմա հատուցում է ստանում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԾԵԾԻ ՄԱՍՆԱԿԻՑ Է ԵՂԵԼ

Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կապիտանը իր առանձնասենյակում ծնոտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել եւ մահացել էր: Ըստ տեղեկությունների՝ կապիտան Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան է եղել:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ կապիտանը ամիսներ առաջ Երեւան քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի մասնակից է եղել եւ ՀՔԾ-ի կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ:
Այսպես՝ մայիսի 7-ին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում` Արեւելյան խոհանոցի մոտակայքում, ծեծկռտուք է եղել: Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցների` Արտակ Սարգսյանին եւ Զոհրապ Գալստյանին: Մասնակիցներից մեկը եղել է հենց կապիտան Անդրանիկ Մկրտչյանը, ինչպես նաեւ Վահե Ասատրյանը, Հովհաննես Թադեւոսյանը եւ այլք: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` ծեծկռտուքի հրահրողները եղել են ՊՆ աշխատակիցները, իսկ մյուս կողմում ՃՈ աշխատակիցներ են եղել: Նրանք նախ բռնություն են կիրառել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետեւ դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ: Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դեպքից առաջ գրություն է թողել, թե ոչ մեկին չմեղադրեք:
Անդրանիկ Մկրտչյանը ապրիլյան պատերազմի հերոս էր, մեդալակիր: Արդյո՞ք կատարվածը կապված է աղմկահարույց ծեծկռտուքի հետ, դեռեւս պարզ չէ: Վերջինիս մտերիմները նշում են, որ նա սոցիալապես վատ պայմաններում չէր ապրում, ընդամենն ուներ մեկ միլիոնի հասնող վարկ, որը կանոնավոր մուծում էր: Հավելենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները:
Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով: Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ, 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս