Մի քանի տասնյակ փաստաբաններ սեպտեմբերի 13-ից կդիմեն ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Պատճառն այն է, որ «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սէֆիլյանի գործերով դատական նիստերից առաջ յուրաքանչյուր անգամ դատարան մտնելիս դատական կարգադիրչները զննության են ենթարկում փաստաբաններին: Ու վերջիններիս պնդմամբ, դա ոչ թե զննություն է, այլ խուզարկություն, ինչը արգելված է օրենքով:
Այս առիթով «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, հայտնի է, որ մի քանի տասնյակ փաստաբաններ կդիմեն գործադուլի: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց այդ որոշմանը:
-Ես հարգում եմ իմ գործընկերների որոշումը: Փաստաբանն անկախ անձ է եւ կարող է ինչպես անձամբ, այնպես էլ այլ փաստաբանների հետ պլանավորել իր գործողությունները:
-Հնարավոր է՝ Դուք կամ Ձեր փաստաբանական գրասենյակը միանա գործադուլին:
-Ես ինքս չեմ միանա բողոքի այդ ակցիային մի քանի պատճառով: Նախ՝ մինչեւ նման ծայրահեղ քայլի գնալը, կարծում եմ՝ պետք էր փորձել սպառել բոլոր մյուս իրավական միջոցները: Օրինակ՝ դիմել իրավապահ մարմիններին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու կամ պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, եթե բողոքի ակցիա նախաձեռնողները գտնում են, որ իրականում խուզարկություն է կատարվել: Կարելի էր դիմել վարչական դատարան, չնայած այս ճանապարհն ավելի ժամանակատար է: Եթե այս միջոցները չտային բավարար արդյունք, ապա նոր կարելի էր կազմակերպել այս ակցիան:
Երկրորդ խնդիրը հայտարարության տեքստի հետ է կապված: Բողոքի ակցիան ճնշման միջոց է, որի թիրախը պետական մարմիններն են: Ըստ ակնկալվող արդյունքի՝ ենթադրվում է, որ փաստաբանների «գործադուլի» արդյունքում դատարանների եւ այլ կառույցների աշխատանքները կկազմալուծվեն, եւ նշված մարմինները կգնան զիջումների: Եթե նախաձեռնողների հայտարարության մեջ անզիջում պայքարի համատեքստում նշվում է, որ «այս հայտարարությանը միանալով եւ գործադուլի օր հայտարարելով,՝ մենք, բնականաբար, մեր վստահորդների (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չենք դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում», ապա պետական մարմիններին դա ոչինչ չի տալու՝ բացի մի քանի դատական գործեր ձախողելուց: Չէ՞ որ այդ օրը շատ փաստաբաններ անհետաձգելիության հիմքով կմասնակցեն դատական նիստերին կամ քննչական գործողություններին:
Իհարկե, հայտարարության նշված հատվածը անմիջականորեն բխում է փաստաբանի իրավապաշտպանի կարգավիճակից եւ ողջունելի է, սակայն բողոքի ակցիայի տեսակետից, ինձ թվում է, թուլացնում է հայտարարությունը: Պատկերացրեք, երբ «գործադուլ» անող փաստաբանը տեսնի, որ նախաձեռնողներից մեկն այդ օրը մասնակցում է դատական նիստի: Սա խնդրահարույց է նաեւ քաղաքացիական եւ վարչական գործերով փաստաբանների համար, քանի որ այս գործերով դատարանները կարող են առանց փաստաբանի գործը շարունակել, իսկ դրանից բխող բացասական հետեւանքները կմնան փաստաբանների ուսերին: Եվ վերջում, նախաձեռնողներն այս հարցը չեն քննարկել փաստաբանների պալատի խորհրդի հետ: Եթե իրոք ցանկանում էին մեծ, մասշտաբային գործողություն կատարել, ապա առնվազն արդյունավետ կլիներ պալատում քննարկել ու որոշել ուղղություններն ու եղանակները: Բոլոր դեպքերում, փաստաբանների պալատը կտրամադրի նախաձեռնողներին պալատի մեծ դահլիճը, եթե հարմար կգտնեն այդ օրը նաեւ քննարկում կատարել կամ մամուլի ներկայացուցիչների հետ խոսել:
-Գործադուլի պատրաստվող փաստաբանների որոշումը եւ փաստաբանական համայնքում տիրող իրավիճակը կարո՞ղ է ազդել ՓՊ նախագահի ընտրությունների վրա:
-Փաստաբանական համայնքում կայուն իրավիճակ է: Մի խումբ փաստաբանների ներհամայքային հակասությունը եւ աղմուկը չեն կարող ցնցել փաստաբանների պալատը: ՓՊ նախագահի ընտրության օրը հեռու չէ, եւ կարծում եմ՝ առիթ կունենանք տեսնել, թե ինչ ազդեցություն է թողել Ձեր նշած «համայնքում տիրող իրավիճակը»:
-Դուք լինելով միակ թեկնածուն՝ քարոզչություն կատարելո՞ւ եք:
-Այո՛, միանշանակ: Ես այժմ արձակուրդի մեջ եմ: Շուտով կներկայացնեմ իմ նախընտրական ծրագիրը, ինչպես նաեւ 2013-2017թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Գործելու է նաեւ www.zohrabyan.am կայքէջը, որտեղ կներկայացվեն մարզային այցելությունների, փաստաբանների հետ հանդիպումների մասին եւ այլ անհրաժեշտ տեղեկությունները: Ես հաշվետու եմ փաստաբանների առջեւ, իսկ փաստաբանները գրագետ ու սկզբունքային մարդիկ են: Եթե չհավանեցին նախընտրական ծրագիրը եւ չվստահեցին, ապա չեն ընտրի:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերին մեկնարկելու է վեցերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Այսօրվանից արդեն իսկ խմբակցությունները հանդես են գալիս նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք էլ քննարկվելու են սեպտեմբերյան նստաշրջանում:
Դեռեւս ԱԺ օրակարգ չընդգրկված նախագծեր բաժնում 165 նախագիծ է առկա, որի մեծ մասը կրկին ներկայացված է կառավարության կողմից: Իհարկե, կան նախագծեր նաեւ, որոնք ներկայացվել են ԱԺ խմբակցությունների կողմից: Ուսումնասիրելով նախագծերը՝ հետաքրքիր իրողության ականատես եղանք. ՀՀԿ-ի կողմից ներկայացված նախագծերի մեծ մասում որպես նախաձեռնող ներկայացված է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Փաստորեն շարքային պատգամավոր դառնալուց հետո նա ակտիվացել է. երբ ԱԺ նախագահ էր, օրենք գրելու ժամանակ չուներ երեւի:
Օրենսդրական նախաձեռնությունների հարցում, թերեւս, ամենաակտիվը ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն է, որի կողմից միայն վերջերս արդեն երեք օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել: Դրանք վերաբերում են «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն: Այս վերջին նախաձեռնությունը ենթադրում է այն, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է այցելել կալանավորված անձի, եթե նույնիսկ նրա վրա տեսակցության արգելք է դրված:
ՀՅԴ-ի կողմից օրակարգ չընդգրկված նախագծերի ցանկում միայն մեկն է՝ Արմեն Ռուստամյանի կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին: Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր պատգամավոր կարող է ներկայացված լինել մեկ հանձնաժողովում, սակայն ՀՅԴ-ն ցանկանում է ամրագրել, որ եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու՝ մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Նկատենք, որ այս նախագիծը ելնում է հենց ՀՅԴ շահերից, քանի որ նրանց պատգամավորների թիվը 6-ն է, իսկ հանձնաժողովների թիվը՝ 9-ը:
Ինչպես արդեն նշեցինք՝ ՀՀԿ-ականներից օրենսդրական նախաձեռնությունների առումով ակտիվ է Գալուստ Սահակյանը: Դրանցից մեկը վերաբերում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելուն, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:
Օրենսդրական նախաձեռնությունների առումով պակաս ակտիվ չէ նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, նա եւս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է, որոնց քննարկումը նախատեսված է աշնանը: Դրանցից մեկը վերաբերում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուն, որով ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումների հաշվարկման մեխանիզմը կհամապատասխանեցվի նախագահի աշխատակազմի եւ կառավարության աշխատակազմի պետական ծառայողների համար սահմանված պարգեւատրման մեխանիզմներին:
Իհարկե, այսքանով նախաձեռնությունները չեն սահմանափակվում, իսկ աշունն էլ շատ առումներով խոստանում է թեժ լինել: Տեսնենք, թե ինչքան բովանդակալից նստաշրջան է սպասվում խորհրդարանում:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀԱՆԳԻՍՏ Է
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի պատրաստվում հրաժարական տալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հրաժարականի մասին խոսակցություններին եւ մեկնաբանություններին, Տոնոյանը նախ նշեց, թե տեղյակ չէ, որ իր հրաժարականն են պահանջում, ապա հավելեց, թե հանգիստ է վերաբերվում նման խոսակցություններին: Հավելենք, որ պատկան մյուս գերատեսչության՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւս իր գործընկերոջ պես հրդեհի պատճառով հրաժարական տալու մտադրություն չունի. այդ մասին նա հայտարարել էր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում: Իսկ երեկվա ասուլիսին երկու նախարարները հայտարարել են, թե հրդեհից հետո այլեւս մարտական ընկերներ են, քանի որ ուս ուսի տված մաքառել են կրակի դեմ:
ԿՈՆՅԱԿ Է ԳՆԵԼ
Երեւանի քաղաքապետարանը Երեւանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երեւան-2799» հոբելյանական լոգոյով գրվածքով: Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաեւ, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում: Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, որի բանակը հակառակորդի դեմ կռվում է 80-ականների զենքով, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի համապատասխան տեխնիկասարքավորումներ՝ հրդեհները հանգցնելու համար, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն:
ՆՈՐ ՔԿՀ
ՀՀ կառավարությունը հաստատել է արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, որը վերաբերում է ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավմանը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի փոխարեն կառուցել նորը, քանի որ գործող ՔԿՀ-ն հնացած է, գտնվում է անմխիթար վիճակում եւ առկա է փլուզման վտանգ: Կառավարությունը նոր հիմնարկը ցանկանում է կառուցել՝ ներկայիս շենքը եւ կից հողամասն օտարելով եւ դրանից գոյացած միջոցներով, իսկ նոր ՔԿՀ-ն էլ կգործի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տարածքում: Նշվում է, որ նոր քրեակատարողական հիմնարկի պահպանության համար լրացուցիչ հաստիքային միավորների անհրաժեշտություն չի առաջանա: Միայն թե առայժմ հստակ չէ, թե որքան գումար է ծախսվելու նոր ՔԿՀ-ի կառուցման համար: