ՄԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը հաջորդեցին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների մասին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունները: Սա ամենեւին էլ պատահական չէ, այլ վկայությունն է այն բանի, որ ԼՂ հակամարտության թեման կրկին վերադարձել է միջազգային հանրության օրակարգ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային անդրադարձ է եղել նախօրեին Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ: Բայց նկատենք՝ պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված չէ, թե Պուտինն ու Սարգսյանը կոնկրետ ի՞նչ են խոսել Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, միայն նշված է, որ նրանք մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Այնինչ՝ այդ թեմայի շուրջ քննարկումների մանրամասներն ուշագրավ են թեկուզ եւ այն առումով, որ ՌԴ-ն, ըստ էության, իր ձեռքն է վերցրել հակամարտության կարգավորման գործընթացի նախաձեռնությունը: Համեմատության համար նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Պուտինը Սոչիում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Եւ այդ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Պուտինն ասել էր, թե տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, եւ հույս հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն (հասկանալի է՝ տվյալ դեպքում նկատի ունենալով հիմնականում ԼՂ խնդիրը):
Շատ ավելի ուշագրավ էր Ղարաբաղյան խնդրին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի անդրադարձը, որը երեկ դարձել էր քաղաքական դաշտի քննարկումների հիմնական թեման: Իր հրաժեշտի ասուլիսում /երկուշաբթի օրը կավարտվեն Հոգլանդի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի լիազորությունները/, ամերիկացի դիվանագետը լրագրողներին է բաժանել մի փաստաթուղթ, որը վերնագրված է «Վեց տարրեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից) որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար»: Ըստ այդ փաստաթղթի՝ հակամարտության կարգավորման հիմնական տարրերն են. «Հաշվի առնելով ԼՂ բարդ պատմությունը, կողմերը պետք է պարտավորվածություն ստանձնեն որոշելու վերջնական իրավական կարգավիճակը` ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված եւ իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի:
Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որը, առնվազն, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ է տրամադրում:
ԼՂ հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որեւէ համաձայնություն հնարավոր չէ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցք: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ:
Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքները` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր:
Համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ առաքելություն: Գոյություն չունի որեւէ սցենար, որի դեպքում խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ մշակված խաղաղապահ առաքելության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը:
Ժամանակն է, որպեսզի կողմերը պարտավորվեն խաղաղ բանակցություններ վարել` հիմնվելով մինչեւ այժմ կատարված աշխատանքի վրա»,- նշված էր այդ փաստաթղթում:
Անդրադառնալով այդ սկզբունքներին հակամարտության կողմերի դիրքորոշումներին՝ Հոգլանդն ընդգծել է. «Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք, միեւնույն է, համաձայն են քննարկել այն, կարծում եմ՝ այժմ հենց դա է կարեւորը»: Միաժամանակ Հոգլանդը տեղեկացնելով, որ իր փոխարեն համանախագահ կնշանակվի Էնդրյու Շեֆերին, շեշտել է. «Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»:
Նկատենք, որ ամերիկացի դիվանագետի ներկայացրած փաստաթղթում չկա որեւէ նորություն. 1997 թվականից ի վեր բանակցությունների հիմքում եղել են հենց այս սկզբունքները, եւ քսան տարիների ընթացքում փոխվել են ընդամենը որոշ տարրեր: Ավելին՝ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն իրենց հայտարարություններում հրապարակել են նաեւ ԵՀԱԿ ՄԽ համանախագահները, համանախագահ երկրների նախագահները:
Տեղի ունեցածը կարեւոր է միանգամայն այլ առումով. Հոգլանդը հակամարտության կարգավորման սկզբունքների բովանդակության մասին հիշեցրեց ՌԴ նախագահի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո՝ Նյու-Յորքում սեպտեմբերին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրած հանդիպումից առաջ: Ու եթե նկատի ունենանք Հոգլանդի հայտարարությունները, թե ամերիկյան նոր վարչակազմը համամիտ է բանակցային սեղանին գտնվող փաստաթղթի հետ, նշանակում է՝ անկախ ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունից՝ ԼՂ հակամարտության լուծման հարցում, այնուամենայնիվ, միակարծիք են:
Ի դեպ, Հոգլանդի հայտարարություններին երեկ անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ընդ որում, երկու անգամ: Նախագահականում Թուրքմենստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի մոտ հյուրընկալվելուց հետո լրագրողների հետ զրույցում Նալբանդյանը հայտարարել էր, թե Հոգլանդի հայտարարություններում հայկական կողմի համար վտանգավոր որեւէ բան չկա:
Ավելի ուշ նա պարզաբանում էր տվել «Արմենպրես»-ին՝ նշելով. «Իր մեկնաբանության մեջ Հոգլանդը փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների եւ հայտարարությունների միջոցով, մասնավորապես նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից: …Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները` ձեւացնելով, թե դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Այսպիսով՝ Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին»:
Այլ կերպ ասած՝ հայկական կողմը եւս մեկ անգամ հայտարարել է, որ կողմ է բանակցային սեղանին դրված փաստաթղթին, ու հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՄՐՈՏԱԾ ՊԱՏԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է
ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված օտարման գործընթացը ավարտվել է: Ինչպես հայտնի է` այն գնվել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդ Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործարքի արդյունքում պետական գույքի կառավարման վարչությունը տնտեսել է 50 մլն 369 հազար դրամ: Բայց վարչության պետ Արման Սահակյանը կառավարությունից պահանջում է, որ այդ տնտեսված գումարը հատկացնի իր ղեկավարած կառույցին: Նշված գումարով Սահակյանը մտադիր է իր կողմից զբաղեցվող տարածքները հիմնանորոգել: Բանն այն է, որ ըստ պետական գույքի կառավարման վարչության` այդ տարածքները գտնվում են անմխիթար վիճակում. սանհանգույցների սալիկները կիսաքանդ են, տեղադրված զուգարանակոնքերը եւ լվացարանները շարքից դուրս եկած են, ջրամատակարարման համակարգերը անսարք են, գրասենյակային տարածքների պատերը մրոտված, աղտոտված են: Պետական գույքի կառավարման վարչությունը նաեւ հաշվարկներ է կատարել, որի արդյունքում նախատեսվում է իրականացնել շուրջ 46 մլն 811 հազար դրամի հիմնանորոգման աշխատանքներ:

 

 

ԽԱՂՈՂԱԳՈՐԾ ՆԱԽԱՐԱՐԸ
Գյուղատնտեսության նախարարի աթոռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլեւ խաղողագործությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի եւ ընկույզի այգիներ ունի: Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչեւ նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը չի հայտարարագրել իր այգիները: Նրա պաշտոնական հայտարարագրում նշված է, որ ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն:

 

 

 

ԿՐԿԻՆ ՓԱԿ-ԳԱՂՏՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Գեղարքունիքի մարզ։ Սակայն վարչապետի այցը չգիտես ինչու, լինելու է փակ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է այցը «փակ» պահելու պատճառը՝ Գեղարքունիքի մարզպետարանում վարչապետը պետական գաղտնիք է քննարկելու, թե թաքցնելու այլ փաստեր կան: «Ո՛չ, պետական գաղտնիք չի քննարկվելու։ Վարչապետի՝ դեպի մարզեր կատարած նախորդ այցերը նույնպես փակ ձեւաչափով են եղել։ Իսկ այցի մանրամասները կներկայացնենք։ Բայց վարչապետը Գեղարքունիքի մարզ է այցելում մարզի խնդիրները քննարկելու նպատակով»,- ասաց նա։ Ստացվում է՝ վարչապետը խուսափում է ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ սպոնտան հանդիպումներից, որպեսզի «շոուից շեղման» անհարմար իրավիճակներ չարձանագրվեն: Իսկ պետական քարոզչամեքենան ցուցադրի այն կադրերը, որոնք կթույլատրվեն կառավարության ղեկավարի կողմից:

 

 
ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը կառավարության հավանությանը ներկայացրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարմանը հանձնելու որոշման նախագիծը: Վ. Գեւորգյանի խոսքով՝ որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ պետությունը յուրաքանչյուր պահի կկարողանա չեղյալ համարել պայմանագիրը եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարումը վերցնել իր ենթակայության տակ: Նախագիծն ընդունվեց:

 

 

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ
Հայաստանում հողային եւ ջրային պաշարներն անարդյունավետ են օգտագործվում: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ենթակառուցվածքները նույնպես անարդյունավետ են օգտագործվում: Վարչապետը դա անթույլատրելի է համարել գյուղացիական տնտեսությունների զարգացման ընդունված ծրագրի պայմաններում: Այդ առումով վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին եւ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ջրային տնտեսության պետական կոմիտեին տվյալներ ու տեղեկություններ ներկայացնել ոռոգվող տարածքների ավելացման վերաբերյալ:




Լրահոս