ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՌՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատական համակարգը մի կողմից դիմադրում է եւ ինքնապաշտպանվում տարաբնույթ քրեական գործերի շրջանակներում, մյուս կողմից էլ՝ դատավորների մեծ մասը պայքար է սկսել դատախազների դեմ, որոնք հավակնում են դառնալ երկրում արդարադատություն իրականացնողները:

Եւ որպեսզի իրավիճակը հասկանալի լինի, սկսենք հերթով. «Ժողովուրդ»-ը մի առիթով գրել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որոնք մտերիմ ընկերներ են, ցանկանում են իրավապահ ողջ համակարգը իրենց բուռը հավաքել: Ու այդ առիթով տեւական ժամանակ է, ինչ դատարաններում հնաբնակների ու նորեկների պայքար է ընթանում: Ռշտունին ձգտում է դատական համակարգը համալրել իր կադրերով: Դեռ 2016 թվականին մարզային մի քանի դատավորներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմում էին ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ եւ անցել էին բոլոր փուլերը ու պետք է Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, բայց քանի որ շատերը Ռշտունու սրտով չէին, հրաժարվեցին իրենց դիմումներից՝ տեղը զիջելով ցանկալիներին:
Բացի այդ՝ «հին դատավորների» բոլոր այն վճիռները, որոնք տուժող կամ մեղադրող կողմից բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, անպայման բեկանվում են: Այդպես նախ պատրանք է ստեղծվում, թե արդարությունը վերաքննիչում հաղթեց, համ էլ դատավորները, որոնք անցանկալի են Ռշտունու համար, դրվում են հարվածի տակ:
Ու շատ դատավորներ վճիռ կայացնելիս սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի, իրենց կայացված վճիռը չբեկանվի: Իսկ բողոքարկման գործընթացին երբեմն մասնակից են լինում դատախազները: Այսինքն՝ անցանկալի դատարանների կամ դատավորի դեմ դուրս գալու համար, երբ կողմերից որեւէ մեկը վճիռը չի բողոքարկում, այդ գործառույթն իրականացնում են դատախազները:
Ու շատ դատավորներ դժգոհում են, որ այսօր դատական համակարգում իրենք որոշող չեն եւ դատարանների անկախություն ասվածը, որ գոնե ոչ քաղաքական գործերի ժամանակ հնարավոր էր լինում իրացնել, կամաց-կամաց անհնար է դառնում: Վճիռ կայացնելիս պետք է դատավորները հաշվարկեն, թե այն ինչքանով դուր կգա Ռշտունուն, դատախազներին, որպեսզի «անփորձանք ապրեն»: Պատահական չէ, որ դատավորների դեմ քրգործերը հիմնականում ՀՀ ԱԱԾ-ն է բացահայտում:
Նկատենք, որ այսպիսով երիտասարդ եռյակը խնդիր է դրել իր առջեւ դատական համակարգի հնաբնակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ազդեցությունը զրոյացնել ու նրան ընդմիշտ հեռացնել համակարգից: Թեեւ ՀՀ սահմանադրական փոփոխություններից հետո կարճ ժամանակ է մնացել Մկրտումյանի պաշտոնավարմանը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
-Պարո՛ն դատախազ, մենք ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, լինելով Ձեր մտերիմ ընկերը, օգտվելով այդ հանգամանքից, դատական համակարգում իր համար անցանկալի դատավորների դեմ քայլեր է իրականացնում: Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում:
-Իհարկե, չկա նման խնդիր, խորհուրդ չէի տա այդպիսի հարցերի անդրադառնալ, քանի որ որքան ես եմ անմնացորդ սիրում Հայաստանի Հանրապետությանը ու ժողովրդին, այդքան՝ Ռշտունի Վազգենը: Մենք ինչ-որ անձնական կապերով պայմանավորված՝ պետական խնդիրների մեջ երբեք մեզ բարոյական իրավունք թույլ չենք տա ներգործելու:
-Ամեն դեպքում, մենք բազում դատավորներից դժգոհություն ենք ստացել այն մասին, որ դատախազներն են արդարադատություն իրականացնում, այլ ոչ թե դատավորները: Վազգեն Ռշտունին դատախազներին օգտագործելով՝ դուրս է եկել դատավորների դեմ: Հաճախ ինքն է ուղղորդում դատախազներին, որ բողոքարկեն կայացված վճիռները: Դուք ի՞նչ խնդիր ունեք ՎԴ նախագահ Արման Մկրտումյանի հետ:
-Ոչ մեկին չի օգտագործում, եւ դատախազներն էլ երբեք չեն օգտագործվի ոչ մեկի կողմից:
-Իսկ Դուք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի դեմ որեւէ բան ունե՞ք:
-Իհարկե, ոչ: Այսինքն՝ որեւէ բան՝ ի՞նչ, բացարձակ:
-Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին դատախազներին օգտագործում է՝ իր նկրտումները պարպելու համար:
-Խնդրում եմ՝ այդպիսի արտահայտություն այլեւս մի՛ արեք: Որեւէ դատախազ երբեք որեւէ մեկի համար չի օգտագործվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Հայաստանի բանտերում ազատազրկվածների համար նախատեսված սննդի չափաբաժինը նվազեցվեց: Եթե նախկինում կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են: Առաջ ամեն օր կալանավորին հասնում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, հիմա որոշել են ոչ թե ամեն օր տալ, այլ ամսվա մեջ 16 օր: Ամեն օր կալանավորները պանիր նույնպես չեն ուտի, կուտեն 25 գրամ օր ու մեջ: Այս փոփոխությունը լուրջ դժգոհության առիթ է դաձել: Մի շարք փաստաբաններ, քննադատելով կայացված որոշումը, ասել էին՝ փոխանակ դատապարտյալներին տրվող սննդի որակը լավացնեն, ժամկետանց սնունդ չտան, որպեսզի կալանավորները ուտեն, կրճատում են քանակը: Իսկ կրճատում են, քանի որ անորակ սնունդը դատապարտյալները չեն ուտում, նրանց բոլորին պահում են իրենց հարազատները՝ պարբերաբար սնունդ ուղարկելով:
Սակայն ՔԿ վարչությունն էլ նշում է, թե ճիշտ է՝ չափաբաժինը կրճատել են, բայց սննադատեսակներ են ավելացրել: Ավելին՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով խնդրին, նշել էր. «Կրճատվել է ոչ թե սննդի քանակը, այլ կրճատվել է կալորիականությունը, այն էլ կրճատվել է առողջապահական ցուցանիշներով»:
Սակայն իրականում դատապարտյալները դժգոհ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Տերտերյանը բողոքեց. «Հացն ու աղն են կրճատել: Մարդ կա, մենակ հաց է ուտում, քանի որ առողջական խնդիր ունի, այլ սնունդից չի կարող օգտվել: Բայց հիմա տրված քիչ հացը ուտելով՝ սոված են մնում մարդիկ: Եթե չեն բարձրաձայնում, դա չի նշանակում, որ կուշտ են, ուղղակի վախ կա դատապարտյալների մեջ, որի մասին ես չեմ կարող ասել: Կառավարությունն իսկապես լուրջ անելիքներ ունի, մարդը պառկի ու մեռնի՞, եթե ազատազրկման մեջ է: Կոնկրետ հացն ու աղը քչացնելը ո՞րն է, ինչպե՞ս հասկանանք: Սա եւս պատժի մի ձեւ է, ո՞նց կարելի է նման որոշում կայացնել՝ չիմանալով, թե դատապարտյալները ինչպես են սնվում: Պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում, որ դատապարտյալները իմանան իրենց գլխի գալիքը, սնունդն էլ կրճատում են: Ի՞նչ է դա նշանակում, պառկենք. մեռնե՞նք»:
Ի պատասխան դատապարտյալների բողոքի՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ»-ին հայտնեցին. «Դատապարտյալների բողոքը իրականությանը չի համապատասխանում, վերջիններս սնունդը ստանում են ըստ կարգի, համապատասխան չափաբաժիններով ու տեսականիով»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԴԱՏ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ ընթանում էր ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի քրեական գործի քննությունը: Սակայն ամբաստանյալների եւ որոշ պաշտպանների բացակայության պայմաններում նիստերի դահլիճում գտնվող պաշտպանները դատավորից պահանջեցին հետաձգել դատական նիստը: Դատավորը դեմ արտահայտվեց՝ ասելով, որ բացակա կողմերի համար, եթե անհրաժեշտություն լինի, կկրկնի այսօրվա գործողությունները: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ դատավորն անաչառ չէ, եւ հիմնավորեց իր միջնորդությունը:

 

 

ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹԵՐ ՉԻՆԱՍՏԱՆ
Հայաստանի Հանրապետությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը քննարկում են ուղիղ չվերթեր ունենալու հարցը: ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը կայցելի Չինաստան, ու չի բացառվում, որ ստորագրվի «ՀՀ-ի եւ Չինաստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրավերով ՀՀ էր ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը եւ երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջեւ փոխըմբռնման հուշագիրը:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ Այվազովսկի եւ Արցախի փողոցների խաչմերուկում Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդել է Վ. Նազարյանին պատկանող ԹԸի 2108 մակնիշի ավտոմեքենան: Վ. Նազարյանն աշխատանքից հետո տուն գնալիս է եղել, երբ Nissan Teana-ի վարորդը հետապնդել է նրան եւ հասնելով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ՝ իր մոտ եղած հրազենով կրակել է Վ. Նազարյանի ավտոմեքենայի ուղղությամբ ու շարունակել հետապնդումը: Հասնելով Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտ՝ Nissan Teana-ի վարորդը նորից կրակոցներ է արձակել եւ փորձել է դիմել փախուստի:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է
Երեկ՝ կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը: Եղբայրը նրան Մասիսի հիվանդանոց է տեղափոխել, եւ պարզվել է, որ Մկրտչյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, բժիշկները հեռացրել են նրա փայծաղը եւ վիրահատել թոքը: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը, այդ ժամանակ դանակահարվել է:




Լրահոս