ԱՄՆ-ի կառավարման համակարգը բովանդակում է թերեւս լավագույն հակակշիռների մեխանիզմները՝ թույլ չտալով օրենսդիր ու գործադիր մարմիններին տարրալուծվել կամ էլ սահմանադրության թելադրած շրջանակներից դուրս ազդել միմյանց վրա: Դա, սակայն, չեն հասկանում այն գործիչները, որոնք պետկառավարման փորձ չունենալով՝ զրկված են նաեւ պետական ինստիտուտների աշխատանքի մասին պատկերացումներից: Այդպիսի լավագույն օրինակը հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմն է, որը այժմ էլ նոր հակառակորդ է գտել՝ հանձինս Կոնգրեսի մեծամասնության ու դրա ղեկավարի:
ԱՄՆ-ում այժմ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ունի թե՛ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում: Այդ հանգամանքը մեծ հույսեր էր տվել նրան՝ կարծելու, որ եթե իշխանության բոլոր մարմինները միեւնույն կուսակցության վերահսկողության ներքո են, ապա մեծ թվով հարցեր հնարավոր կլինի լուծել առանց դեմոկրատների լուրջ դիմադրության: Սակայն Թրամփն անգամ իր իսկ կուսակցության ներսում չկարողացավ գործակցային միջավայր ստեղծել, եւ այսօր, ըստ էության, հանրապետականների քաղաքական գերակայությունը որեւէ գործնական հաջողություն չի ապահովում: Օրինակ՝ Օբամայի նախագահության օրերին, երբ վերջինս հանդես էր գալիս որեւէ նախաձեռնությամբ, եւ խորհրդարանում էլ մեծամասնությունը պատկանում էր դեմոկրատներին, փոխզիջումային եղանակով այն հաջողությամբ էր պսակվում: Սակայն այն պահից, երբ հանրապետականները մեծամասնություն ստացան Կոնգրեսի երկու պալատներում, արհեստական խոչընդոտներով անընդհատ կասեցնում էին նախագահի ձեռնարկները: Այս նախադեպը աչքի առաջ ունենալով՝ Թրամփը հավատացած էր, որ քանի դեռ խորհրդարանում տեղաշարժեր տեղի չեն ունեցել, կկարողանար իր նախաձեռնությունները իրականություն դարձնել: Բայց պարզվեց, որ նրա իսկ կուսակիցներն են տորպեդահարում իր գործունեությունը՝ Կոնգրեսում այդպես էլ ընթացք չտալով նախագահական առաջարկներին:
Եվ ահա Թրամփը ստեղծված իրավիճակի համար գտավ նոր թիրախ՝ Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միտչ ՄըքՔոնելին մեղադրելով դիտավորյալ չաշխատելու մեջ: Թրամփը կարծում է, որ ՄըքՔոնելը բավարար չափով ճնշումներ չի գործադրում հանրապետականների վրա նախագահի առաջարկներին ընթացք տալու համար: Նա նաեւ չի բացառում, որ ՄըքՔոնելը դիտավորյալ է այդպես վարվում՝ ցանկանալով խանգարել իր նախագահությանը: Նրանց միջեւ հակադրության հերթական ալիքը բարձրացավ Օբամայի ներդրած առողջության ապահովագրության համակարգի վերանայման հարցում Սենատի աննախանձախնդիր պահվածքի պատճառով, երբ երեք հանրապետական սենատորներ հրաժարվեցին կողմ քվեարկել Թրամփի պաշտպանած օրինագծին: Արդյունքում տապալվեց ամիսներ շարունակ նախապատրաստված գործընթացը, եւ Թրամփը չկարողացավ իր համար սկզբունքային այդ հարցում առաջընթաց արձանագրել: Նա իր թվիթերի էջում հրապարակավ կոչ էր արել ՄըքՔոնելին շուտափույթ ձեռնամուխ լինել աշխատանքի՝ հիշեցնելով, որ սենատորը 7 տարի շարունակ քննադատել է առողջության ապահովագրության համակարգը, մինչդեռ ներկայումս, մեծամասնություն ունենալով հանդերձ, չի կարողանում սկսել դրա վերափոխման գործընթացը: ՄըքՔոննելն էլ իր հերթին է թեժացրել հեռակա բանավեճը՝ նկատելով, որ Թրամփը չափազանցված ակնկալիքներ ունի այն մասին, թե ինչ արագությամբ են լուծվում հարցերը ժողովրդավարության պայմաններում: Մամուլում անգամ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թրամփը ավելի վաղ զանգահարել էր ՄըքՔոնելին ու բավականին կոշտ խոսակցություն ունեցել նրա հետ: ԶԼՄ-ները հայտնել են, որ երկու գործիչների զրույցը այն աստիճան լարված ընթացք է ունեցել, որ վերջում բաժանվել են գերվրդովված՝ այլեւս միմյանց հետ չխոսելու տրամադրվածությամբ: Այդպիսի մանրամասների հրապարակումից հետո Սպիտակ տունը ստիպված էր պարզաբանումներ ներկայացնել՝ բավարարվելով, սակայն, հռչակագրային ձեւակերպումներով առ այն, որ Հանրապետական կուսակցության առաջնորդները հակված են աշխատել միմյանց հետ: Նշվում էր, որ Թրամփն ու ՄըքՔոնելը գուցե հանդիպեն սեպտեմբերին, երբ Կոնգրեսը վերադարձած կլինի արձակուրդից:
Հայաստանում նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության ու նրա ղեկավարի միջեւ հակասությունների օրինակները եզակի են: Այդպիսի մի հակասություն արձանագրվեց 1997թ. զինապարտության մասին օրենքի քննարկումների ժամանակ, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանում էր Պնախարար Վազգեն Սարգսյանի տեսակետը՝ հակառակ ԱԺ-ի մեծամասնության ու ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանի: Վերջինս անգամ հրաժարական էր տվել այդ ժամանակ, սակայն խորհրդարանը չէր ընդունել, թեեւ, ի վերջո, օրենքի հարցում փոխզիջումային տարբերակով սրված իրավիճակը հանգուցալուծվեց: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո առավել լարված էին Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Միասնություն» դաշինքի հարաբերությունները: Վերջինիս ղեկավարները հրապարակավ պահանջներ էին դնում Քոչարյանի առաջ, մասնակցում վերջինիս անարգանքի սյունին գամող ԵԿՄ համագումարներին ու նիստերին: 2000թ. սկզբին անգամ «Միասնություն» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը հրապարակավ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Սակայն կարճ ժամանակում Քոչարյանը հաջողեցրեց կազմաքանդել հակառակորդների ճամբարը եւ ոչնչացնել խորհրդարանական մեծամասնության ըմբոստությունը: Անդրանիկ Մարգարյանը ստացավ վարչապետի պաշտոնը, իսկ մի քանի տարի անց իր կուսակցությունը սկուտեղի վրա մատուցեց նույն Սերժ Սարգսյանին: Դրանից հետո Քոչարյանն այլեւս երբեք խնդիրներ չունեցավ ԱԺ մեծամասնության հետ՝ այդ փառապանծ ավանդույթը փոխանցելով Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ ԱԺ-ը 3 անգամ կազմավորեց իր սրտի ուզածի պես՝ խորհրդարանը վերջնականորեն վերածելով ամորֆ մարմնի: Ահա այսպիսի մեծագույն «նվաճում» ունեցավ Հայաստանը պառլամենտարիզմի բնագավառում՝ ստեղծելով այնպիսի խորհրդարան, որի հետ, օրինակ, մեծ հաճույքով կաշխատեր Թրամփը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԸ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԻ. ԱՀԱԶԱՆԳ
Վարդենիսի բնակիչ Արթուր Սահակյանը մի խումբ վարդենիսցիների անունից բաց նամակ է գրել՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում շահագործվող ոսկու հանքի, որը վնասակար է բնակիչների առողջությանը:
Նամակում, որն ուղարկվել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, ասվում է. «Վերջին 3-4 ամսվա ընթացքում մի քանի անգամ փակվել է Վարդենիս-Երեւան միջպետական ավտոճանապարհը` պահանջով, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերութունը անհապաղ դադարեցնի իր գործունեությունը Սոթքի ոսկու հանքում: Պատճառը հանքի բաց շահագործումն է ու հաճախակի պայթյունները: Ամսական պայթեցնում են 750 տոննա սիլիտրա, 30 տոննա ամունալ տեսակի պայթուցիկ նյութեր, որի հետեւանքով Վարդենիսի տարածաշրջանում մարդու առողջությանը վնաս տվող արտանետումներ են առաջանում: Դրա հետեւանքով բնակչությունը տառապում է սիրտ-անոթային, արյան բարձր ճնշման, ներգանգային ճնշման, նույնիսկ քաղցկեղ հիվանդություններով: Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները կամաց-կամաց թունավորվում են: Ինչո՞ւ, որովհետեւ նշված ամենօրյա պայթյուններից առաջացած թույնը քամու հետեւանքով տարածվում է գրեթե ողջ տարածաշրջանի վրա: Զգալի վնաս է պատճառում դաշտերում աճեցվող հացահատիկների դաշտերին եւ մի քանի տասնյակ հեկտար կանաչապատ տարածքներին: Նույնիսկ թունավորում են որոշ վտակներ, որոնք Մասրիկ գետով թափվում են Սեւանա լիճը:
Բացի այս՝ կյանքի համար վտանգավոր երեւույթներից՝ Վարդենիսի ոսկու հանքում կատարվում է ամենօրյա թալան: Վարդենիսում բոլորին հայտնի է՝ Սոթքի ոսկու հանքից օրական Արարատի կորզման գործարան տեղափոխվում է 4000 տ. ոսկու հանքանյութ եւ իրենց իսկ տված տվյալներով՝ 10-12 կգ ոսկի: Սակայն սրանք մի քանի անգամ իջեցված թվեր են, որոնք միջազգային շուկայական գներով անգամ կազմում է 200-240 մլն դրամ: Սակայն այս ամենի դիմաց պետական բյուջե մուծվում է 1.200.00-2.400.000 դրամ հարկ:
Վարդենիսի բնակիչ Արթուր Սահակյան»:
«Ժողովուրդ»-ը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար, եւ հնարավոր է՝ դրա բովանդակությունը չհամընկնի խմբագրության տեսակետի հետ:
ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ
«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում անդրադարձել էր Խոսրովի անտառի հրդեհի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի միջադեպին: Նախարարը պատմել էր, որ երբ մարզպետարանի աշխատակիցներին ու մարզի համայնքապետերին հրահանգել էր օգնել հրդեհաշիջման աշխատանքներին, վերջիններս հրաժարվել էին կատարել հանձնարարականը՝ պատճառաբանելով, թե ենթարկվում են ոչ թե նախարարին, այլ մարզպետին:
Այս կապակցությամբ մեկնաբանությամբ հանդես է եկել Արարատի մարզպետարանը՝ ընդ որում, բավական կոպիտ արտահայտվելով նախարարի հասցեին: «Նախարարը պետք է իմանա, որ մարզի բնակչությունը մարզպետի գլխավորությամբ դրսեւորել է բարի կամք, մարդասիրություն եւ մեծ մասշտաբով մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին. մեր ամբողջ աշխատանքները համաձայնեցրել ենք ՀՀ ԱԻ նախարարի կամ ճգնաժամային կենտրոնի ղեկավարի հետ, որպեսզի խուսափենք ավելորդ խնդիրներից եւ կորուստներից: Եվ քանի որ մամուլում եղան պատվերներ (հիմա արդեն պարզվեց, թե պատվիրատուն ով է), մենք անընդհատ մեր կատարած աշխատանքները եւ օգնությունը ներկայացրել ենք մեր պաշտոնական կայքում, որպեսզի ոմանց համար դա տեսանելի լինի:
Կարծում ենք, որ բնապահպանության նախարարը իր շուրջը պետք է փնտրի մեղավորներին եւ հարց տա ինքն իրեն` ինչից է առաջացել հրդեհը, ում անփութությունից, եւ միգուցե իր մեջ ուժ գտնի ու ընդունի իր մեղքերը: Եվ կարծում ենք, որ բնապահպանության նախարարը ընդամենը պիտի կարողանար շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին»,- նշված է մարզպետարանի պատասխանի մեջ: Միաժամանակ այնտեղ մեղադրանքներ են ներկայացված բնապահպանության նախարարին. «Քանի որ խոսք էր գնում համայնքի ղեկավարների մասին, պարոն Մինասյանը պետք է իմանար, որ նման իրավիճակներում համայնքի ղեկավարները նույնպես կատարում են ճգնաժամային կենտրոնի ղեկավարի հանձնարարականները, եւ այս իրավիճակում ավելորդ անգամ ցույց տալ, թե ինքն էլ է նախարար, կարծում ենք՝ տեղին չէ: Պարոն նախարարը պետք է հարցներ նաեւ իր ենթականերին, օրինակ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենին, թե այդ օրերին համագործակցված աշխատե՞լ են մարզպետի հետ, թե՞ ոչ: Մարզպետը իր բարձր դիրքերից երբեք չի իջել եւ չի իջնելու: Հիշեցման կարգով հուշենք, որ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ՀՀ բնապահպանության նախարարության սուրբ պարտականությունն է»,- ասված է մարզպետարանի պարզաբանման մեջ:
Արարատի մարզպետարանի այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որը նշեց, թե հարկ չի համարում անդրադառնալ թեմային:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ