ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր: Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն:
Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին:
Ըստ ԿԳՆ-ի` դպրոցների միացման պատճառը աշակերտների կրճատումն է: Յուրաքանչյուր ուսումնական տարում նշված դպրոցներում կրճատվում է սովորողների թվաքանակը: Այդ իսկ պատճառով ԿԳՆ-ն եւ ՏԿԶՆ-ն առաջարկում են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցը միացնել նույն համայնքում գտնվող միջնակարգ դպրոցին: Ըստ ԿԳՆ-ի՝ երկու դպրոցների միջեւ տարածությունը կազմում է 300 մետր: ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը նույնպես խոշորացման կենթարկվի. այն կմիանա Վայքի ավագ դպրոցին: Քանի որ Վայքի ավագ դպրոցում սովորում է 143 աշակերտ, իսկ քաղաքային վարժարանում` 50 աշակերտ:
Տավուշի մարզի Բերդի վարժարանը եւս կխոշորացվի եւ կմիացվի Բերդի ավագ դպրոցին: Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը կմիացվի Վահան Թեքեյանի անվան Գյումրու հ 2 ավագ դպրոցին: իսկ ահա հ 23 հիմնական դպրոցը կմիանա հ 42 ավագ դպրոցին: Պատճառն այն է, որ 2016-2017 ուսումնական տարում Գյումրու հ 42 ավագ դպրոցում սովորողների թիվը կազմում է 41, իսկ հ 23 հիմնական դպրոցում` 873:
Բայց կան նաեւ դպրոցներ, որոնք իրարից շատ հեռու են: Օրինակ՝ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը կմիացվի հարեւան՝ Արտավազդի միջնակարգ դպրոցին: Երկու գյուղերի դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 3.5 կմ է: ԿԳՆ-ն նախատեսում է միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտ վարձել եւ վարորդի մեկ հաստիք բացել՝ Փյունիկի աշակերտներին Արտավազդ տեղափոխելու նպատակով: Ի դեպ, Փյունիկի միջնակարգ դպրոցի շարժական գույքը նույնպես կփոխանցվի Արտավազդի դպրոցի հաշվեկշռին: Զովաշեն գյուղի բնակիչների եւ դպրոցահասակ երեխաների թվաքանակի նվազեցման պատճառով գյուղի հիմնական դպրոցն էլ կմիանա Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցին: Օպտիմալացման արդյունքում կկրճատվի շուրջ 15 աշխատակից: Դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 6 կմ է: Այս դեպքում եւս կավելացվի վարորդի 1 հաստիք եւ ձեռք կբերվի տրանսպորտային միջոց:
Նկատենք, որ երկու գերատեսչությունների դաշնակցական ղեկավարները դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր են կառավարությանը ներկայացրել՝ առանց դպրոցների տնօրենների հետ քննարկելու: Եւ այս ամենից անտեղյակ խոշորացվող դպրոցների տնօրեններն այս ընթացքում Գիտելիքի օրվա առիթով դասագրքեր են ստանում:
Օրինակ՝ Փյունիկ գյուղի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ»-ից տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է իրենց դպրոցը փակել՝ միացնելով Արտավազդի դպրոցին: «Բայց ես տեղյակ չեմ: Նույնիսկ պաշտոնապես այդ մասին որեւէ մեկից չեմ լսել: Հիմա ես, ինչպես անցած տարի, բնականոն հունով աշխատում եմ, նույնիսկ դասագրքեր եմ ստացել: Ինչ-որ խոսակցություններ ժամանակին եղել են, բայց դրանք որեւէ հետեւանք, ընթացք չեն ունեցել, չգիտեի, որ փակվում է դպրոցը»,- զարմացած ասաց տնօրենը: Նշենք, որ այս դպրոցն ունի 39 աշակերտ:
Նույն կարգավիճակում էր Արտավազդ գյուղի դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը. «Կոնկրետ քննարկում չի եղել այդ մասին: Բայց հետո լսեցինք, որ այդ հարցը փակվել է: Շատ անսպասելի է»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյո՞ք Արտավազդի դպրոցը պատրաստ է ընդունել փյունիկցի աշակերտներին, տնօրեն Կոնջորյանը ասաց. «Մեր աշակերտների թիվը 71 է, իրենցը 40-ից պակաս է, մեր պայմանները լիարժեք բավարարում են: Հնարավոր է՝ նստարանների պակաս զգացվի: Այդ դեպքում, հավանաբար, Փյունիկի դպրոցի նստարանները կբերվեն այստեղ»:
Իսկ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցի տնօրեն Ռիտա Եփրեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց. «Իմ սիրտը կցավա, որ այս դպրոցը փակվի: Հնարավոր է՝ 10 աշակերտով դպրոց պահել: Շատ ցավալի է: Ես այդ դպրոցը 0-ից ոտքի եմ կանգնեցրել: Բայց եթե այդպես են հարմար գտնում, թող խոշորացնեն: Ամեն դեպքում, երեխաների համար դժվար կլինի, հարմար չէ տեղից տեղ տեղափոխվել, բոլորն էլ ցանկանում են, որ դպրոցն իրենց բնակավայրում լինի»: Տնօրեն Ռ. Եփրեմյանը տեղեկացրեց, որ դպրոցն ունի 10 աշակերտ: «Ձմռան ամիսներին խոսվում էր կրճատումների մասին, բայց հավատացնում էին, որ ուսուցիչները գործազուրկ չեն մնա: Եթե կրճատումներ լինեն, ապա միայն վարչական կազմում: Բնականաբար կկրճատվեն տնօրենի, փոխտնօրենի, հաշվապահի հաստիքները»,- նշեց Զովաշենի դպրոցի տնօրենը:
Չնայած դպրոցների տնօրենների եւ ուսուցչական կազմի մտահոգություններին՝ նախարար Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ խոշորացվում են հիմնականում այն դպրոցները, որտեղ «ուղղակի կրթական որակ ապահովել շատ դժվար է»:
«Փարաքարում մի քանի հարյուր մետրի վրա երկու թերբեռնված դպրոցներն են խոշորացվում: Օրինակ՝ Գյումրու «Բալատոնի» շենքը, որ ազատվում է, լավագույն դպրոցներից էր: Այնտեղ մնացել էր մոտ 50 աշակերտ, բայց մենք այդ շենք կտեղափոխենք գյուղատնտեսական քոլեջը»,- տեղեկացրեց նախարարը: Իսկ հնարավոր կրճատումների մասով հայտարարեց, որ կրճատումներ կլինեն ադմինիստրատիվ եւ ուսումնաօժանդակ կազմում: «Այդպիսի ցնցումային վիճակ չի լինի»,- խոստացավ Լեւոն Մկրտչյանը: Հուսանք՝ նախարարը իր խոստմանը տեր կկանգնի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲԵՐԴՈՒՄ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
Նոյեմբերի 5-ին խոշորացված Բերդ համայնքում կայանալու են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները: Բերդ համայնքը ներառում է Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է: Որպես թեկնածու՝ նշվում է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանի անունը: Ա. Ադամյանի որդին՝ Կարեն Ադամյանը, 2014թ. հուլիսի 25-ից Տավուշի մարզպետի տեղակալ է աշխատում: Ու երբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը արձակուրդ է գնում, մարզպետի ԺՊ է դառնում Կ. Ադամյանը, այլ ոչ թե առավել փորձառու, 2000 թ.-ից մարզպետի տեղակալ աշխատող Լեւոն Սարգսյանը: Սա նշանակում է, որ Կ. Ադամյանը վայելում է Հ. Աբովյանի վստահությունը, եւ Ա. Ադամյանի առաջադրվելը չի կարող լինել առանց Հ. Աբովյանի գիտության եւ հավանության: Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ով կստանա մարզպետի «դաբրոն»:
ԽԱԽՏՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐԻ
Այս տարվա ապրիլի 10-ից 28-ը կրթության պետական տեսչությունը Տավուշի մարզի 18 հանրակրթական, միջնակարգ եւ 9 հիմնական դպրոցում կրթական գործընթացի ուսումնասիրություններ է կատարել: Այդ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ ընդհանուր առմամբ 23 արձանագրություն է կազմվել: «Ժողովուրդ»-ը դիմեց Տավուշի մարզպետ Հ. Աբովյանին՝ հետաքրքրվելով, թե կրթության վերաբերյալ օրենսդրության խախտումներ թույլ տված դպրոցների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվե՞լ են: Պատասխանել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ՀՀ կրթության պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ, թերացումներ թույլ տված դպրոցների տնօրեններին ՀՀ Տավուշի մարզպետի եւ ՀՀ կրթության պետական տեսչության պետի կողմից տրվել են հանձնարարականներ խախտումները, թերացումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը տնօրենները պետք է ներկայացնեն մինչեւ ս/թ օգոստոսի 31-ը: Հանձնարարականները պատշաճ մակարդակով չկատարած տնօրենների նկատմամբ կկիրառվեն համապատասխան տույժեր»: Ստացվում է, որ թերացումների համար ոչ մի դպրոցի տնօրենի նկատմամբ տույժ չի կիրառվել: Մարզպետը սպասում է տրված հանձնարարականների կատարմանը ստուգումներից 4 ամիս անց: Ու եթե չկատարվեն, ա՛յ, այդ ժամանակ նոր տույժեր կկիրառի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ