ՄԱՂԱՐԻՉՈՎ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ԳՈՐԾԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչ Նարեկ Բավեյանը խոսել է երկրում տիրող գորշության, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետեւանքների եւ իր առաջիկա անելիքների մասին:

-Նարե՛կ, վերջերս Ձեր երկրպագուներին ներկայացրիք նոր երգ՝ «Սիրուց առավել»: Խոսե՞նք երգի ստեղծման մասին:
-Երգի երաժշտությունը գրվել է իմ կողմից, իսկ խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը: Երգի նպատակն այն էր, որը կլինի ռոմանտիկ, բայց չի լինի տխուր սիրո մասին: Իմ բոլոր մեղեդային երգերն ինչ-որ տխուր պատմություններ էին, լացակումած: Այս մեկը չպետք է այդպիսին լիներ: Ցանկացած միջոցառման, կլինի համերգ կամ կորպորատիվ ինչ-որ առիթ, եթե պետք էր երգ նվիրել սիրահարներին, իմ երգացանկում նման երգ չկար: Դրա համար ստեղծվեց այս երգը, որպեսզի լրացնի իմ երգացանկի բացը:
-Ապագա պլանների մասին ի՞նչ կասեք:
-Այս պահին պլանավորվում են նոր երգեր, աշխատում եմ Մարտին Միրզոյանի՝ Մուրզոյի հետ: Արդեն կանխագուշակում եմ, որ կա մի երգ, որը փոքր-ինչ սկանդալային կլինի՝ իր բառերի բնույթից ու թեմայից ելնելով: Երգը կկոչվի «Բա չիմացաք» կամ «Հայի մենթալիտետ»: Ինչ վերաբերում է մենահամերգին, դրա համար պետք է ունենալ կոնկրետ հիթային, կոմերցիոն երգացանկ, դրան պլյուս պետք է ունենալ գումարային աջակցություն: Հույսը դնել, որ տոմսերը կվաճառվեն, որից դու եկամուտ կստանս, այդպես չէ: Ցավոք սրտի, այսօր մեր երկրում շատ դժվար է տոմս վաճառելն ու դրանով եկամուտ ունենալը: Մենահամերգը բիզնես առումով երբեւէ իրեն չի արդարացնում:
-Նարե՛կ, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից ստացաք «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու առաջարկը:
-Արդեն իսկ փորձ ունեի սերիալում եւ թատրոնում խաղալու եւ շատ ուրախացա, երբ ստացա «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու առաջարկ, քանի որ այդ գործը ես շատ եմ սիրում, միայն թե կար այլ ֆորմատ՝ «սիթքոմ» կոչվածը, որտեղ ես չէի եղել: Կային պրոֆեսիոնալներ, ովքեր նայեցին եւ հասկացան, որ կարող եմ, հակառակ դեպքում առաջին հերթին իրենք թույլ չէին տա եւ չէին ուզի, որ իրենց ծրագրում լինի թերի մաս:
-Նկարահանման հրապարակում իմպրովիզներ լինո՞ւմ են, թե՞ միայն արվում է այն, ինչ գրված է սցենարով:
-Ընդհանրապես յուրաքանչյուր սիթքոմում իմպրովիզներն այդքան էլ ցանկալի չեն, որովհետեւ կա գրված հումոր, որը թաքնված է տողի տակ:
-Որպես դերասան՝ Ձեզ պահանջկոտ համարո՞ւմ եք:
-Իմ միակ պահանջն այն է, որ ռեժիսորն ուշադիր լինի իմ խաղին, որովհետեւ խաղի ընթացքում շատ բաներ կարող եմ չնկատել, իսկ կողքի աչքն ավելի կարեւոր է, եթե զգա, որ շեղվել եմ իր տված խնդրից, անպայման բացատրի ու նոր խնդիրը տա:
-Այլ եթերաշրջան սպասվո՞ւմ է:
-Հաստատ գիտեմ, որ մինչեւ աշնան վերջ կլինի «Դոմինո» սիթքոմի 5-րդ եթերաշրջանը: Ես էլ դեռ ծանոթ չեմ սցենարին: Միայն իմ առումով գիտեմ, որ այս սեզոնի սաունթրեքը ես կկատարեմ:
-Այլ ֆիլմերում կամ սիթքոմներում նկարահանվելու առաջարկներ ստացե՞լ եք:
-Քանի որ այս պահին կա զբաղվածություն «Դոմինո» սիթքոմում ու անձնական կարիերայում, եւս մեկ ծրագրում ներգրավված լինելն ուղղակի ռեալ չի:
-Ձեր դիտած վերջին ներկայացումը եւ ֆիլմը:
-Իմ ամենասիրելի ֆիլմը «Կնքահայր»-ն է, վերջին ֆիլմը, որ նայել եմ «Կվ Ռ ՏվՈ»-ն է, վերջին ներկայացումը «Կենտ-զույգ» ներկայացումն է եղել:
-Կյանքում ի՞նչն է Ձեզ կոտրել կամ հիասթափեցրել:
-Ես շատ զգուշավոր, հանգիստ մարդ եմ, բայց եղել են դեպքեր, երբ ինձ խաբել, հիասթափեցրել են իմ ընկերները: Մարդիկ, ովքեր ինձ շատ մոտ են կանգնած եղել: Ներում եմ այդ մարդկանց, վրեժ չեմ լուծում, բայց էլ երբեք նա չի կարող իմ ընկերը լինել: Կոտրված բաժակն իմ մոտ այլեւս չի վերականգնվում:
-Ի՞նչը կարող է Ձեզ հավասարակշռությունից հանել:
-Եթե իմ ամենասիրելի մարդուն՝ իմ փոքրիկին, վտանգ սպառնա, կարող եմ գազան դառնալ:
-Ձեր կարծիքով՝ որտե՞ղ պետք է դրսեւորվի տղամարդու ուժը:
-Տղամարդու ուժը պետք է դրսեւորվի ամեն տեղ: Տղամարդն իրավունք չունի թույլ լինելու: Նա, իհարկե, իրավունք ունի լացելու, բայց միայն իր բարձի վրա:
-Կյանքը կարելի է ավարտված համարել, երբ…
-Երբ չկա գոնե մի մարդ, ում սիրում ես:
-Ի՞նչ գույներով կբնութագրեիք մեր շրջակա միջավայրը:
-Մեր երկրում ծիածանի բոլոր գույները կան: Հաճախ ավելի գորշ գույներ են գլուխ բարձրացնում: Ինչ գույն ուզում է լինի, պետք է իր լույսի հետեւից գնա: Շատ ավելի վատ է, երբ փորձում են այդ գույներն իրար վրա ազդել: Խնդիրը կա, որտեղ ավելի գորշությունն է գլուխ բարձրացրել:
-Այդ գորշությունն ինչի՞ հետ է կապված:
-Անհանդուրժողականության: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր հայ մտածում է, որ ինքը իդեալական կկառավարի Հայաստանը ու ինքը գիտի, թե ճիշտ ուղին որն է: Նայելով կողքինի կյանքին, հագնվածին՝ մենք միշտ դիտողություններ ենք անում: Է՛ս ի՞նչ ա հագել, է՛ս ո՞նց ա քայլում եւ այլն: Մենք չենք կարողանում ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին կա: Եթե մենք սեւ ենք կամ կարմիր, ապա բոլորը պետք է լինեն այդ գույների մեջ:
-Նարե՛կ, բայց մեր զրուցակիցներից շատերը մարդկանց մեջ տիրող գորշությունն ու անհանդուրժողականությունը կապում են երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետ: Արդյո՞ք դա կարող է նպաստել:
-Ես համաձայն եմ՝ մեր երկրում ամեն ինչ չէ, որ իդեալական է ու շատ հեռու է իդեալական լինելուց: Կյանքի որակը շատ ցածր է, բայց պետք չէ ամեն ինչ գցել դրա վրա: Ես ինքս բողոքում եմ ճանապարհային տեսախցիկներից, բայց այնքան հաճախ եմ լինում մի խաչմերուկի վրա, որտեղ չկա տեսախցիկ, ու կարմիրի տակով անցնում են: Մենք ուզում ենք ապրել օրենքի երկրում, բայց յուրաքանչյուր հնարավոր դեպքում մենք խախատում ենք այդ օրենքները: Մենք ուզում ենք մեր երեխաները լավ ապրեն, բայց լիքը վատ բաներ ենք անում՝ այդ երեխեքի անվան տակ պախկվելով: Ինչքան ենք փորձում կաշառքով, մաղարիչով մեր գործերն անել, հետո էլ ուզում ենք, որ մեր երեխան ապրի օրենքով Հայաստանում: Ամեն ինչ երկկողմանի է, ես հասկանում եմ, որ մաղարիչով մեր երկրում շատ գործեր են արվում, ու շատ մարդիկ ստիպված են գնում դրան: Մենք սվետաֆորից սկսած մինչեւ լուրջ գործարքներ փորձում ենք, եթե կա հնարավորություն, խախտել օրենքը: Մեծ հաշվով սխալ ենք ապրում, պետք է փոխվենք, ու պետք չէ ամեն ինչ գցել սոցիալական վատ պայմանների վրա: Ես խոսում եմ որպես քաղաքացի:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Հեղինե Սիրադեղյանը, որը խնդրում է Սերժ Սարգսյանին ֆինանսական օգնություն ցուցաբերել ուսումը շարունակելու հարցում:

«Պարո՛ն Սարգսյան, ես՝ Հեղինե Սիրադեղյանս, ծնվել եմ 1995թ. հուլիսի 8-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերծ Կոթի գյուղում: Սույն թվականին գերազանցությամբ ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը, ընդունվել եմ Սանկտ Պետերբուրգի մշակութի պետական ինստիտուտի մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրայի առկա ուսուցման անվճար համակարգը: Ցանկանում եմ սովորել Պետերբուրգում, որտեղ սովորելը թույլ կտա ծանոթանալ ոչ միայն դրսում կրթական համակարգին եւ մշակույթին, այլեւ հնարավորություն կընձեռի հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնել դրսում եւ գրավել զբոսաշրջիկներին:
Ապրելով սահմանամերձ գյուղում՝ սոցիալապես բավականին անբարենպաստ պայմաններում, հնարավորություն չունեմ իմ միջոցներով ուսումս շարունակել: Ուսման տեւողությունը լինելու է 2 տարի: Համալսարանն անվճար ընդունված ուսանողներին տրամադրվում է ամսական 2000 ռուբլի կրթաթոշակ, որը բավարար չէ՝ կեցության նվազագույն ծախսերը հոգալու համար:
Ուստի լիահույս եմ, որ չեք անտեսի իմ խնդրանքը եւ նվազագույն շեմով (100.000 դրամին համարժեք ռուսական ռուբլի) կտրամադրեք ամսական կրթաթոշակ՝ ուսումս կիսատ չթողնելու համար: Ես ստացա Ձեր պատասխան նամակը, որ հաջորդ պատասխանը կստանամ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից: Ուզում եմ տեղեկացնել, որ ես ստացա բացասական պատասխան: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել Ձեզ, մի՞թե բյուջեում այդքան գումար չկա, որ տրամադրեք, եւ ես ուսումս կիսատ չթողնեմ: Ես պայքարեցի եւ հասա իմ երազանքի ճանապարհին, բայց երբեմն ձգտումը քիչ է, պետք է օգնություն, որ ես ակնկալում եմ Ձեզնից:
Կհասկանամ, եթե նորից բացասական պատասխան ստանամ. միգուցե ես եմ սխալ, որ ուզում եմ հայ արվեստի ուսումնասիրության մեջ իմ ներդրումն ունենալ եւ արժանավոր քաղաքացի լինել պետության համար:
Հեղինե Սիրադեղյան,
ԵՊՀ ուսանողուհի»
«Ժողովուրդ»-ը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար, եւ հնարավոր է՝ դրա բովանդակությունը չհամընկնի խմբագրության տեսակետի հետ:




Լրահոս