Ինչու է Հայաստանում տոմատի պահածո քիչ արտադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տոմատի պահածոյի արտադրության ծավալները նվազել են 69.2 տոկոսով: Ըստ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի` տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազման պատճառը մորմազգիների ցեցն է: Ինչի պատճառով գյուղացիները խուսափում են լոլիկ մշակել:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ եթե անցած տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 345 հազար 900 տոննա տոմատի պահածո, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 106 հազար 600 տոննա: Միայն անցած տարվա յոթ ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տոմատի պահածոյի արտադրության ծավալները 50.6 տոկոսով են ավելացել:

«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազմանը, հայտարարեց. «Հանրապետությունում լոլիկ չկա: Այս ամենի պատճառն այն է, որ մենք ժամանակին մորմազգիների ցեցի դեմ չպայքարեցինք: Արդեն հինգ տարի է, ինչ չենք կարողանում պայքարել: Արդյունքում գյուղացուն ձեռնտու չէ լոլիկ մշակել, քանի որ այդ ցեցը շատ մեծ վնաս է հասցնում»:

Սակայն, ըստ որոշ մասնագետների, լոլիկը տոմատի վերածվելու փոխարեն արտահանվել է: Բայց չնայած սրան` նկատենք, որ Հայաստանից այս տարվա վեց ամիսներին անցած տարվա 30.2 տոննայի փոխարեն արտահանվել է 18.4 տոննա լոլիկ: Այնուամենայնիվ, գյուղացիները նախընտրում են իրենց լոլիկը ներքին շուկայում իրացնել, քան այն վաճառել վերամշակող ընկերություններին, որովհետեւ այդ կազմակերպությունները ցածր գին են առաջարկում լոլիկի դիմաց:
Ի դեպ, տեղեկացնենք, որ վերամշակող ընկերությունները եւս մեծ քանակությամբ տոմատի պահածո չեն արտադրել:

Ինչպես հայտնի է` տոմատի պահածո արտադրում է նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «Մապ» ընկերությունը: «Մապ»-ը տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց այս ընկերությունը վերջին երեք տարիներին զգալի նվազեցրել է հարկերը:

Այսպես՝ «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ նախկին պատգամավորի ընկերությունը 2015 թվականի երկրորդ եռամսյակում պետական բյուջե կատարել է 428 մլն 614 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Բայց 2016 թվականի նույն ժամանակահատվածում ընկերությունը հարկային վճարումները զգալի պակասեցրել է` վճարելով 179 մլն 972 հազար դրամ հարկ ու տուրք: Ստացվում է, որ պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում մոտ 249 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

«Մապ»-ը այսպես գործել է նաեւ այս տարվա երկրորդ եռամսյակում եւ պետական բյուջե վճարել է 160 մլն 179 հազար դրամ հարկ ու տուրք: Այսինքն՝ ավելի քիչ, քան նախորդ տարի: Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն պատկերն է արձանագրվում, երբ ընկերության վճարած հարկերի չափը տարիների կտրվածքով ենք համեմատում: Օրինակ՝ անցած տարվա ընթացքում ընկերության հարկային վճարումները կազմել են 392 մլն 207 հազար դրամ, մինչդեռ 2015 թվականին «Մապ»-ը վճարել է 428 մլն 614 հազար դրամ հարկ, մոտ 36.5 մլն դրամով պակաս:

Հարցին` ինչն է հարկերը նվազեցնելու պատճառը, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն անկեղծացավ. «Քիչ ենք ծախել, իրացումը քիչ է, հետեւաբար հարկն էլ է քիչ: Դա տրամաբանական է, որ ոչինչ չվաճառես, հարկն էլ քիչ կվճարես: Հայաստանում իրացման ծավալները նվազել են, հարկերն էլ քչացել են: Հստակ չեմ կարող ասել, թե ինչի հաշվին են նվազել իրացման ծավալները, բայց պատճառները բազմաթիվ են. մշտական բնակչության թվաքանակի նվազում, գնողունակության անկում: Բայց փաստը մնում է փաստ, որ մենք այս տարի ավելի քիչ ենք Հայաստանում արտադրանք վաճառել, քան նախորդ տարի: Անցած տարի ավելի քիչ են վաճառել, քան 2015 թվականին. տարեցտարի ներքին շուկայում իրացման ծավալների նվազում է արձանագրվում»:

«Ժողովուրդ»-ը Ա. Պետրոսյանից հետաքրքրվեց նաեւ տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազման պատճառների մասին: Ըստ գործարարի` պատճառն այն է, որ այս տարի գյուղատնտեսական տարին մոտ մեկ ամսով հետ է ընկել: «Տարին չի վերջացել, մարդիկ դեռ պետք է լոլիկ հավաքեն: Այնպես որ, չի բացառվում, որ սեպտեմբերին այդ բացերը լրացվեն»,- փոխանցեց «Մապ»-ի սեփականատերը, ապա ընդգծեց, որ հարկերի նվազումը պայմանավորված չէ իր պատգամավոր չընտրվելու հետ:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին: Եւ չնայած սրան` նա հսկայական գումարներ ծախսեց պատգամավոր ընտրվելու համար: Սակայն հավաքելով 9 հազար 581 ձայն՝ չընտրվեց պատգամավոր: Ստացվում է, որ պատգամավոր չընտրվելը բացասաբար է ազդել իր ձեռնարկատիրական գործունեության վրա: Տեղեկացնենք, որ այս ճակատագրին է արժանացել նաեւ ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը, որը նույնպես զգալի նվազեցրել է հարկային վճարումները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս