Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վեոլիա Ջուրը ակտիվացնում է պայքարը ապօրինի ջրօգտագործման դեմ: Գաղտնիք չէ, որ մեզանում խմելու ջրի անբավարարությունը զգալիորեն հետեւանք է այդ տգեղ ու մերժելի երեւույթի: Ընդ որում, ինքնակամ միացումները ոչ թե պարզապես անջատվում են, այլ ապօրինությունների հեղինակներին առաջարկվում է միանալ ընկերության համակարգին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, խոսքը մեծ հաշվով խմելու ջրի սպառման կանոնակարգման մասին է, որից առաջին հերթին շահում է օրինապահ սպառողը: Երեւանի Ավան, էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ վարչական շրջաններ, Փարաքար, Զովունի գյուղեր … Արդեն ապամոնտաժվել են մի քանի տասնյակ ապօրինի ջրագծեր:
Դրանց տերերը պարտավոր են սպառածի դիմաց վճարել մի կլորիկ գումար` համաձայն հաշվարկի: Դե իսկ եթե ցանկանում են բաժանորդ դառնալ ու ջուր օգտագործել օրինական հիմունքներով, ապա պետք է դիմում ներկայացնեն Վեոլիա Ջուր՝ կարգին ծանոթանալու ու ջրագծի կառուցման համար անհրաժեշտ Տեխնիկական պայման ստանալու համար: «Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը» կարգախոսով ներկայումս սկսվել է հայտնաբերված ապօրինի միացումների ապամոնտաժման երկրորդ փուլը՝ թվով 58 հասցեներում:
Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն